Վերլուծություն

Նիկոլ եւ զրոներ

Նիկոլ եւ զրոներ

Հիշում եմ, թե հայ-թուրքական պրոտոկոլների ստորագրման ժամանակ ինչպես էի պահանջում Էդվարդ Նալբանդյանի՝ ՀՀ արտգործնախարարի հրաժարականը: Դեռ աչքիս առաջ են իր կարիերան անփառունակ կերպով ավարտած Նալբանդյանի մասնակցությամբ հեռուստակադրերը, թե ինչպես են Ցյուրիխում Հիլարի Քլինթոնն ու ԵՄ պաշտոնյաները քաշքշում նրա թշիկները, համոզում, որ ստորագրի պրոտոկոլները: Ինձ մեղադրում էին այն ժամանակ, թե ինչու Սերժ Սարգսյանի հրաժարականը չես պահանջում: Ի՞նչ կապ ունի Նալբանդյանը, ասում էին, նրանից վերեւ նախագահ կա, պետք է նրա հրաժարականը պահանջել: Ես էլ մի ձեւով տակից դուրս էի գալիս. եթե նախագահի հրաժարական պահանջելն այդքան հեշտ է, գնացեք՝ դուք պահանջեք: Ինչ է, արտգործնախարարը «ֆուֆլո՞» է, սեփական կարծիք չունի՞, առանց նախագահի որոշումներ չի՞ կայացնում, վերջապես՝ մահկանացու չէ՞, սխալներ չի՞ գործում: Ու այնպես էլ չէր, որ Սերժ Սարգսյանի դեմ ընդհանրապես ցույցեր չէի անում: Սերժ Սարգսյանին էլ մեծ պատկառանքով ասում էի. «Նախագահ, մի՛ զիջիր»: Այս հիմար վիճակը բավականին երկար տեւեց, բայց ես չեմ երկարացնի, որովհետեւ ՀՀ Սահմանադրական դատարանը ժամանակին նկատեց պրոտոկոլների տողատակերում թաքնված թուրքական նախապայմաններն ու կասեցրեց դրանց վավերացման ընթացքը: Պարոն Նալբանդյանը, որ մինչ այդ ԱԺ-ում մեզ նախատում էր, թե պրոտոկոլներում նախապայմաններ չկան, թե եզան տակ հորթ ենք փնտրում, համակերպվեց ստեղծված իրավիճակին, բայց շարունակեց արտգործնախարար աշխատել:

Այսօր ՀՀ արտգործնախարարն Արարատ Միրզոյանն է՝ արտաքին քաղաքականությունից «բեխաբար» մեկը, եթե համեմատելու լինենք հսկայական փորձ ունեցող Էդվարդ Նալբանդյանի հետ: Կարդանք Էդվարդ Նալբանդյանի մասին այս համառոտ տեղեկանքը. «1978-1983 թթ. - Լիբանանում ԽՍՀՄ դեսպանություն, 1983-1986 թթ. - ԽՍՀՄ ԱԳ նախարարություն, 1986-1992 թթ. - Եգիպտոսում ԽՍՀՄ, ապա՝ Ռուսաստանի դեսպանության խորհրդական, 1992-1993 թթ. - Եգիպտոսում Հայաստանի գործերի հավատարմատար, 1994-1998 թթ. - Եգիպտոսում ՀՀ դեսպան, Մարոկկոյում եւ Օմանում ՀՀ դեսպան, 1999-14 ապրիլի 2008 թթ. - Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, 2000-14 ապրիլի 2008 թթ. - Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ), 2001-2008 թթ. - Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ), 2004-2008 թթ. - Անդորրայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ), 2006-2008 թթ. - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ նախագահի անձնական ներկայացուցիչ, 2008 թ. ապրիլի 15-ից մինչեւ 2018-ի մայիսը - ՀՀ ԱԳ նախարար»:

Իսկ հիմա ինձ ասեք, թե ով էր Արարատ Միրզոյանը՝ մինչեւ ՀՀ ԱԳ նախարար դառնալը, դիվանագիտական աշխատանքի ինչ փորձ ուներ, որ ես, օրինակ, Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու համար պահանջեմ ոչ թե Նիկոլի, այլ իր հրաժարականը: Մարդիկ կխնդան, չէ՞, վրաս, կասեն՝ արտգործնախարար ես գտել՝ հրաժարական ես պահանջում: ՔՊ-ն էլ սրան վերցրել, ուղարկել է բանավեճի, որ տեսնողներն ասեն՝ Նիկոլն էլ նախրում էշ ունի:

Բանավեճը տեսաք: Արարատ Միրզոյանի պարագայում ամենափայլուն բանը նրա դոշի քարտեզն էր: Իրավունք ունե՞ր Միրզոյանն այդ քարտեզով ներկայանալ, եթե հայտնի է, որ այն ամբողջությամբ չի արտացոլում երկրի սահմանները: Նիկոլը կարող է նման քարտեզ կպցնել դոշին, Ալեն Սիմոնյանը, սրանք քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում, չեն էլ պատկերացնում, թե դա ինչ մեսիջներ է փոխանցում մեր լավը չուզող պետությունների ղեկավարներին: Նրանց թվում է՝ դա խաղաղության քարտեզ է: Իսկ ինչո՞ւ է Արարատ Միրզոյանն այդ քարտեզով շրջում աշխարհով մեկ, ի՞նչ է ուզում ասել աշխարհին՝ որպես ՀՀ արտգործնախարար: Ե՞ս պետք է հիշեցնեմ Միրզոյանին, որ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, որ հնարավոր է ճիշտ քաղաքականություն վարելով միանգամայն այլ երկիր եւ այլ քարտեզ ունենալ: Վարել ենք, չէ՞, այդպիսի քաղաքականություն, ունեցել ենք, չէ՞, ավելի լավ երկիր, ավելի հզոր Հայաստան, քան այդ քարտեզում պատկերվածն է: Այսքանը՝ տեսողական իմաստով:

Իսկ ի՞նչ էր դայլայլում Արարատ Միրզոյանը բանավեճի ժամանակ: Մի բառով բնութագրեմ խոսքը՝ ապուշություն: Իսկ եթե ավելի հիմնավոր` կարող եմ ասել, որ արտաքին քաղաքականության մասին Արարատ Միրզոյանի ճղճղոցները մեկին մեկ կրկնում էին Փաշինյանի ճղճղոցները: Այսինքն, բանավեճի ժամանակ մի դատարկություն էր այնտեղ կանգնած, որն իր ներկայությամբ ուղղակի փաստում էր ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի բացակայությունը: Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն է լավ ասել. «Որեւէ հարցի չտրվեց փաստարկված եւ ըստ էության պատասխան: Հստակ երեւաց, որ չկա արտաքին քաղաքական օրակարգ: Չունեն ազգային անվտանգության ռազմավարություն: Չունեն արտաքին քաղաքականության սկզբունք ու առաջնահերթություններ: Առաջիկա ռեգիոնալ եւ գլոբալ զարգացումների մասին չունեն տարրական պատկերացումներ: Տեղյակ չէր անգամ, թե ինչ հիմնական սպառնալիքներ են ամրագրված ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցում: Չկար հոդաբաշխ բացատրություն անվտանգության եւ խաղաղության, արտաքին ու ներքին երաշխիքների, ինչպես նաեւ՝ անվտանգության այլ կենսական բաղադրիչների մասին: Ոչ մի խոսք էներգետիկ, պարենային, կոմունիկացիոն, տեղեկատվական եւ տնտեսական անվտանգության մասին: ՀՀ ԱԳՆ «ղեկավարի» պատասխաններն ու հարցերը վկայում են գործող կառավարիչների ռազմավարական մտածողության իսպառ բացակայության մասին»: Ավելացնելու ոչինչ չունեմ:

Հիմա մտածում եմ՝ ո՞ւմ հրաժարականը պահանջեմ՝ Արարատ Միրզոյանի՞, թե՞ Նիկոլի: Երեւի՝ ամեն դեպքում՝ Նիկոլի, որովհետեւ Միրզոյանի հրաժարականը կարող է պարզապես աննկատ մնալ: Նիկոլի կյանքում մի 0 ավել, մի 0 պակաս՝ ի՞նչ է փոխվելու: Բայց որ Նիկոլը գնաց՝ Արարատ Միրզոյանի նման բոլոր 0-ներին է հետը տանելու:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image