Քաղաքականություն

Վրաստանի նախագահն ապացուցեց, որ «դիակ չէ»` իր նստավայրում նստած, իսկ մե՞րը

Վրաստանի նախագահն ապացուցեց, որ «դիակ չէ»` իր նստավայրում նստած, իսկ մե՞րը

Վերջին օրերին Հայաստանում (էպիկենտրոնը՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղ) եւ հարեւան Վրաստանում բողոքի զանգվածային ցույցեր, անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում։ Մեր դեպքում, տավուշցիների եւ հասարակության լայն շերտերի արդարացի վրդովմունքն ու ցասումը պայմանավորված են Երեւանի ու Բաքվի միջեւ ուղիղ պայմանավորվածությամբ ընթացող սահմանազատման գործընթացով՝ հակասահմանադրական եղանակով, հապճեպ, որի հետեւանքով թշնամուն հանձնվում է Տավուշի մարզի չորս գյուղ։

Վրաստանում քաղաքական եւ հասարակական ալեկոծությունների պատճառը երկրի իշխող՝ «Վրացական երազանքի» կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաներկայացումն է խորհրդարան, որն ուղեկցվում է օրենսդիր մարմնում պատգամավորների թեժ բանավեճերով, նույնիսկ ծեծուջարդով, իսկ պառլամենտի շենքի առջեւ՝ տասնյակ հազարավոր վրացիների բողոքի ակցիաներով, իրավապահների հետ թեժ բախումներով եւ այլն։

Բանն այն է, որ աղմկահարույց օրինագիծը սուր քննադատության են ենթարկում ոչ միայն Վրաստանի ընդդիմությունն ու այդ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին (ում եւ կառավարության ներկայացուցիչների «ջրերն առանց այն էլ մեկ առվով չէին հոսում»), այլեւ հավաքական Արեւմուտքը, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարությունն ու միասնական Եվրոպան։ ԵԽ-ում նույնիսկ հատուկ դատապարտող բանաձեւ ընդունեցին այդ կապակցությամբ, իսկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը զգուշացրեց՝ «խստորեն դատապարտում ենք Թբիլիսիում խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնի ուժն ու դա համարում անընդունելի»։ ԵՄ-ում սկսել են խոսել Միության անդամության թեկնածուի կարգավիճակից Վրաստանին զրկելու, այդ երկրին տրվող ֆինանսավորումը կրճատելու, ինչպես նաեւ իշխող կուսակցության հիմնադիր նախագահ Բիձինա Իվանիշվիլու եւ վրաց այլ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։

Վրաստանի կառավարությունը՝ ի դեմ վարչապետ Իրակլի Կոբախիձեի, ընդհակառակը, հակադարձելով երկրի ընդդիմության եւ արեւմտյան շրջանակների մեղադրանքներին, նշում է՝ տվյալ օրինագծով Թբիլիսին ոչ միայն չի շեղվում եվրաինտեգրման կուրսից, այլեւ ավելի է մերձենում եվրոպական ընտանիքին։ Նրա պնդմամբ՝ օրինագիծը, որը հաստատվել է երկրորդ ընթերցմամբ, անպայման կընդունվի վերջին՝ երրորդ ընթերցմամբ, չնայած ներքին ու արտաքին ճնշումներին եւ բողոքի ակցիաների պատճառած անհարմարությանը։

Ի դեպ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հիշյալ օրինագիծը «ռուսական» է համարում եւ կատեգորիկ նշում «Ռուսաստանի՝ Վրաստան վերադարձի անհնարինության մասին»։ Կարճ ասած՝ նա ապացուցում է, որ «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ աստիճանաբար մեծ թափ հավաքող հանրային պայքարի կողքին է, ունի արժանապատվություն, հստակ ու ինքնուրույն դիրքորոշում եւ «քաղաքական դիակ չէ` իր նստավայրում նստած»։ Իսկ նրա դեմ իշխանությունների սկսած հակաքարոզչությունն ու հատուկ արշավը գագաթնակետին հասավ օրերս, երբ Վրաստանի պաշտպանության ուժերին նվիրված հատուկ միջոցառման ժամանակ, նույն Զուրաբիշվիլու ներկայությամբ, նրան դավաճան անվանեց երկրի վարչապետ Կոբախիձեն։ Բայց նախագահը հիմա էլ չի երկնչում դատապարտել երկրի գործադիր իշխանությունների գործողությունները՝ ցուցադրելով օրինակելի կամք ու խիզախություն։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ում օրոք Բաղրամյան 26-ը վերածվել է «տարատեսակ ցավակցություններ ու շնորհավորանքներ բուծող», ժամանակ առ ժամանակ «հարգելի վարչապետ Փաշինյանին շնորհակալություն հայտնող», «միջազգային անիմաստ ու ոչ նշանակալից շրջագայություններ» եւ մի շարք սինթետիկ գործառույթներ իրականացնող ՀՀ կառավարության դուստր ձեռնարկության կամ, ժամանակակից լեզվով ասած՝ Փաշինյանի անձնական օգտագործման օֆիսի։    
Երբ հանրապետության ամբողջ տարածքում եւ հատկապես Կիրանցում ուժայինները բռնի ուժ են կիրառում եւ ծեծում նույնիսկ դպրոցական երեխաներին, որոնք ավելի արժանապատիվ են եւ հող հայրենյացի համար սուրբ պայքար են մղում, Խաչատուրյանը լռում է եւ լռում՝ դառնալով հայության դեմ նոր աղետ ու ողբերգություն իրականացնող Փաշինյան-Ալիեւ տանդեմի մեղսակիցն ու հանցակիցը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image