«Որպես ազգ կատարելապես գնում ենք դեպի կործանում»․ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքացի Լաուրա Ազարյանը։ «Այն, որ գնում ենք ընդհատակ, դրսեւորվում է ամեն ինչով։ Հաշվի չի առնվում ժողովրդի կարծիքը։ Եթե ժողովրդավար ենք, ուրեմն ցանկացած որոշում պիտի լինի ժողովրդին հաշվի առնելով, հօգուտ ժողովրդի։ Ոնց որ Փաշինյանն էր ասում՝ էս ժողովուրդը տուգանքի մատերիալ ա։ Կյանք չկա, սպասելիք չկա, ապագա չկա»,-ասաց քաղաքացին։
Փաշինյանի այն հայտարարությանը, թե՝ ժողովուրդն է բերել իրեն իշխանության, ժողովուրդն էլ կհանի, եթե պետք լինի, տիկին Լաուրան պատասխանում է․ «Ամբողջ համացանցը պահանջում է, որ ինքը հեռանա, ինչո՞ւ չի հեռանում։ Տենց էջ չկա, որ բացես՝ գովասանքի բառ լսես։ Եթե ես էդ ընտանիքի անդամ լինեի, ինձ մեկը վարկաբեկեր, ես չգիտեմ ինչ կանեի, բայց էս մարդկանց դեպքում բացարձակ ոչ մի ռեակցիա»,-նշում է քաղաքացին։
Դիտարկմանը, որ Փաշինյանը համարում է՝ ընդդիմությունն է իրեն քննադատում, դա ժողովուրդը չէ, հակադարձում է․ «Ես ընդդիմադիր չեմ, ես ժողովուրդ եմ, բայց էնտեղ ընդդիմադիր էր չկա»։
Քաղաքացին դժգոհում է՝ պետական մակարդակով ապազգային քարոզչություն է գնում։
«Ես սովետի մարդ եմ, ու միշտ տեսել եւ լսել եմ, որ հայոց լեզուն սովորելն ամենակարեւորն է։ Հիմա գովազդներ եմ տեսնում փողոցներում, ծամածռված դիմագծերով մեկն ասում է՝ «հայերեն կարդա՞լ, չէ, ես չեմ ուզում հետաքրքիր զրուցակից լինել»։ Ի՞նչ է սա, երբեւէ հայը կարող էր պատկերացնել, որ իր լեզուն պիտանի չէ։ Ինձ թվում է, որ սա պետական մակարդակով տարվող քարոզչություն է, որովհետեւ ինչպես է հնարավոր, որ ես, որպես քաղաքացի, այդ գովազդը տեսնում եմ, ու պետական այրերը չեն տեսնո՞ւմ»,-ասաց քաղաքացին։
Մանրամասն՝ տեսանյութում