Վերլուծություն

Վերջի սկիզբը

Վերջի սկիզբը

Անցած ընտրություններով Նիկոլը զրոյացրեց բոլոր այն կարմիր գծերը, որ ինքն էր հաստատել իր համար: Պարզվեց, որ իր համար գրոշի արժեք չունեն ոչ միայն ընդհանրական՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքները, այլև դրանց առանձին դրսևորումները: Այն է՝ ազատ և արդար ընտրությունների անցկացումը և ընտրախախտումների բացառումը: Եվ ինչն ավելի էր կարևորում, որի համար պատրաստ էր կտրել սեփական ձեռքերը, ընտրողի քվեն չգողանալը: Չնայած պատրաստ էր, բայց չարվեց, քանի որ դա ընդամենը հերթական անգամ «սիրելի» ժողովրդին հիմարացնելու նպատակ էր հետապնդում: Որպեսզի գար իշխանության ու այն պահպաներ ընտրությունից ընտրություն ինտերվալներով:

Ասեմ, որ այդ առումով Նիկոլը եզակի երևույթ չէ մարդկային պատմության մեջ՝ որոշ ազգային ու ժամանակային առանձնահատկություններով: Այդպիսին էր 15-րդ դարի երկրորդ կեսի արդարության մարտիկ Սավոնարոլան Ֆլորենցիայում: Այդպիսին էին ֆրանսիական հեղափոխության տրիբուն Ռոբեսպիերը, իտալացի Մուսոլինին՝ «դուչեն», Ուլյանով (Լենինը) և բազմաթիվ այլ հռետորներ: Ովքեր ոգևորել են մարդկանց պայծառ ապագայի տեսլականով, բայց հաստատել են դաժան բռնապետություն: Ու, սովորաբար, ունեցել են նույնքան դաժան ավարտ՝ իշխանության ու կյանքի: Մի քանի անգամ Նիկոլը կարող էր խուսափել նրանց ճակատագրին հետևելուց, սակայն իշխանություն ունենալու մոլուցքը ի դերև հանեց Աստծո կողմից նրա համար բացված բոլոր հնարավորությունները: Ու կյանքի վերջում՝ երբ էլ այն տեղի ունենա, կգիտակցի, որ իր ձեռքերով է ընտրել սեփական ճակատագիրը:

Եվ, բացի դրանից, նրա անունը կհիշատակվի ոչ թե իր նախընտրած՝ հայոց Պապ թագավորի, այլ Արցախի 5 մելիքություններից մեկի՝ Վարանդայի կառավարիչ Մելիք-Շահնազար Բ-ի հարևանությամբ։ Ով 18-րդ դարի կեսերին տապալել է իր եղբոր օրինական իշխանությունը: Եվ մնացած մելիքներին դիմակայելու համար օգնություն է ստացել Փանահ խանից՝ հատկացնելով նրան Ավետարանոց (Շոշ) բերդը: Դրանով սկիզբ է դրվել թյուրքախոս տարրի առկայությանն Արցախում, ինչը շուրջ երեք դար անց ավարտվեց Արցախի էթնիկ զտմամբ: Ենթադրում եմ, որ հոգու խորքում Փաշինյանը երազում է, որպեսզի իր վարչապետության հետ միաժամանակ ավարտվի նաև Հայաստանի՝ որպես ինքնուրույն պետության, գոյությունը: Իզուր չէր 2018-ի ապրիլին ասում, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Բայց կարծում եմ, որ այդ մեկը նրան չի հաջողվի: Ու նրա անունը, այնուամենայնիվ, կապված կմնա Մելիք-Շահնազար Բ-ի անվան հետ:

Եթե ինչ-որ մեկին թվա, թե չափազանց արմատական է ներկայացվածը, ապա թող հիշի, թե ինչպիսի խոստումներով իշխանության եկավ Նիկոլը և ինչպիսի վերջաբան ունեցավ այդ ամենը: Եթե «Արցախը Հայաստան է, և վերջ» ասողն ընդամենը 3 տարի անց պետք է հրապարակավ հրաժարվեր Արցախից, ապա ինչո՞ւ չի կարող 3 տարի անց էլ հրաժարվել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության, գոյությունից: Ենթադրաբար միակ պայմանը կարող է լինել այն, որ ինքն իրավունք ունենա մինչև 2050 թվականը, որպես վարչապետ, կառավարել «արևմտյան ադրբեջան» կոչված ինքնավարությունը: Հիշենք, որ նախքան 44-օրյա պատերազմը համապատասխան ծրագիր էր ներկայացրել հանրությանը: Իհարկե, ինքն այն ժամանակ խոսել էր Հայաստանի Հանրապետության մասին: Բայց աշխարհում իրադրություն է փոխվել, ու ինքն էլ, սովորության համաձայն, արագ կհարմարվի այդ փոփոխություններին:

Սակայն որպեսզի խուսափենք ապազգային այդ հեռանկարից՝ ՀՀ վարչապետի պաշտոնին չպետք է մնա Փաշինյան ազգանունով անձնավորությունը: Դրանով էլ կճշտվի՝ այս օրերին մենք ապրում ենք վերը նշված անձի պաշտոնավարման, թե մեր հայրենի պետության՝ վերջի սկզբի ժամանակներում: Ես, համենայն դեպս, կողմ եմ առաջին տարբերակին: Իսկ ես այն մարդն եմ, ով երբեք ոչ մի լումա չի ստացել այս կամ այն քաղաքական ուժին ընտրելու համար:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image