Հասարակություն

Որդուս սպանության գործով ձեզ կաշառք հասե՞լ է․ չի պատասխանել․ լռությունը համաձայնության նշան է

Որդուս սպանության գործով ձեզ կաշառք հասե՞լ է․ չի պատասխանել․ լռությունը համաձայնության նշան է

9 տարի առաջ Գյումրիում առեղծվածային ձևով կյանքից զրկված 25-ամյա երիտասարդ Արտյոմ Ադանալյանի սպանության գործի քննությունն այդպես էլ  ավարտին չի հասնում : Մայրը՝ «Կյանքի իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ռուզան Ադանալյանը, որդու սպանությունից տարիներ անց՝ այսօր էլ դեռ  դատարանների դռներն է թակում, քաշքշուկի մեջ ընկնում:

«Դատաիրավական համակարգը վերածվել է կազմակերպված հանցավոր խմբի:Մատների վրա կարելի է հաշվել այն արժանապատիվ դատավորներին, ովքեր ամեն ինչից վեր են դասում իրենց պատիվն ու արժանապատվությունը, պրոֆեսիոնալիզմն ու բարոյական կերպարը:

Ցավոք, շատերն անգամ նպատակահարմար գտան հրաժարվել դատավորի պաշտոնից, քան դառնալ քաղաքական գործիք, սակայն տարիների վաստակը, բարի համբավն ու արդարամտությունն իրենց հետագիծն ունեն թողած»,-hraparak.am-ին է ասում Ռուզան Ադանալյանը՝ նշելով, որ  օրեր առաջ տեսանյութ էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ  Աննա Վարդապետյանին՝  վկայակոչելով մի շարք կարևոր փաստեր․
«Հարց էի հնչեցրել նաև ․ Աննա Վարդապետյա՛ն, իմ որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության գործով  ձեզ կաշառք հասե՞լ է, խնդրում եմ պատասխանեք՝ այո կամ ոչ»:

Աննա Վարդապետյանը չի պատասխանել, և ես կարծում եմ, որ լռությունը համաձայնության նշան է: Վստահ եմ, որ երբևէ և որևէ ժամանակաշրջանում, որևէ ղեկավարի կամ իշխանության օրոք չի արձանագրվել այսպիսի իրավիճակ, որ առանձնապես ծանր հանցագործության դեպքով քրեական գործի քննությունը տևի ավելի քան  9 տարի:Որդուս՝ Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքով գործի քննությունը ներկա պահին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Իսրայելյանի վարույթում է, թվով 5-րդ դատավորն է , ով բացի դատական նիստերը հետաձգելուց և արկածախնդրությամբ զբաղվելուց՝ դատական նիստեր չի նշանակում , փաստացի այս պահին չունենք նշանակված դատական նիստ:Տեսե՞լ եք երբևէ նման քրեական գործ, որ դատարանն անհայտ ժամանակով նիստեր չնշանակի...

Արտյոմին սպանելու համար մեղադրվող Արթուր Մարտիրոսյանը 3 տարի է ազատության մեջ է,  և Հայկ Իսրայելյանը խուսափում է դատական նիստ նշանակել, իսկ այսպիսի լկտի և անբարո իրավիճակն ուղղակի չի կարող փոխկապակցված չլինել գլխավոր դատախազի և Բարձագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի կամայականությունների հետ»,-վրդովված ասում է տիկին Ադանալյանը՝ ավելացնելով․
«Ըստ համակարգի որոշ աղբյուրների՝ դատավորների կողմից դատական նիստերը հետաձգելու արժեքը՝ տարեկան կտրվածքով սկսվում է  3000 ԱՄՆ դոլարից, և այն  կարող է ավելանալ՝  կախված գործի ծանրությունից և աբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցից:

Տուժող կողմս միջնորդել էր՝  նշանակելու հանձնաժողովային դատաբժշկական , կրկնակի դատահետքաբանական և համալիր քրեագիտական փորձաքննություն, դատավորն իբր բավարարեց այդ միջնորդությունը, երբ դեռևս 2023 թվականի նոյեմբեր ամիսն էր, բայց  մինչև օրս այդ փորձաքննությունը չի կատարվել, քանի որ դրան զուգահեռ մենք դարձել ենք մի անորակ ու փնթի թատրոնի հանդիսատես: Առանց որևէ հիմքերի ու հիմնավորումների՝ դատավոր Հայկ Իսրայելյանը փոխել էր իր իսկ կողմից բավարարված միջնորդությամբ նշված փորձաքննության թե՛տեսակները , թե՛ դրանց կատարման վայրը:

Քրեադատավարական նորմերի պահանջներից ելնելով՝ ստիպված այլ միջնորդություն է ներկայացվել նրան՝ մեկ այլ, լրացուցիչ որոշում կայացնել փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ ՝ առկա կասկածներն ու անհստակությունները վերացնելու մասին, սակայն լրացուցիչ որոշումը կայացրել է 6 ամիս անց, այս տարվա  ապրիլի 11-ին: Այս անգամ էլ այդ որոշումից պարզ է դարձել, որ նշված պահանջները՝ բացի այն, որ իրարամերժ են և որոշակիությունից զուրկ, առկա է նաև դատաբժիշկների ցուցակ տրամադրելու առաջարկ՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին: Առողջապահության նախարարն էլ տևական ժամանակ անց  մերժել է Հայկ Իսրայելյանի որոշմամբ նշված առաջարկը:

Պատկերացնու՞մ եք, 2023 թվականի նոյեմբերին բավարարված միջնորդությունը ենթարկվել է այսպիսի փորձությունների՝ սպառելով 8-ամիս:Բացի այդ, երբ փորձաքննություն նշանակելու մասին պատշաճ որոշումն ըստ էության գոյություն չունի , եւ դատավորն իրեն ազատել է քրեական գործի ամբողջ նյութերից, դրանք ուղարկել փորձագիտական կենտրոն:Ի վերջո սպառված այս 8-ամիսների ընթացքում կարող էր փորձաքննությունն
ավարտված լինել, սակայն գործով նշանակված այս կարևոր փորձաքննությունը դիտավորությամբ վերածվել է շոուի»: 

Սպանված երիտասարդի մոր համար անհասկանալի է, թե 9 տարի շարունակ գործի մեկ այլ փուլում կատարված փորձաքննություններով դատաբժիշկները և դատահետքաբանները ինչու են  խուսափել պատասխանել այն հարցին, թե ի վերջո որդու սրտին և թոքին հասցված վնասվածքները միևնու՞յն գործիքով են պատճառվել, թե՞ տարբեր և հենց այս հարցի իրական պատասխանն էլ  այսօր է ուզում ստանալ:

«Քրեական գործից բացակայում են դիակի լուսանկարները, չեն հայտնաբերվել հանցագործության գործիքները ու մինչև օրս հանցավոր խումբը կազմակերպված ձևով շարունակում է քրեական գործի նյութերից և իրեղեն ապացույցներից «գողություն» կատարել,գործից նյութեր են «թռցրել», սպանության ժամանակ Արտյոմիս հագին եղած սպիտակ անթև մայկայի սրտի հատվածին համապատասխանող վնասվածքի վրա արտաքին միջամտություն են կատարել: Իսկ Աննա Վարդապետյանն այս ողջ վիճակագրության ֆոնին ուշագրավ մտքեր է երկնել, թե ՝ «Հանցավորությունն անզոր է որակյալ գիտելիքի և վերլուծական մտքի դեմ», կուզենայի իմանալ իրե՞ն է վերագրել այս ձևակերպումը,թե՞ իր ղեկավարած հիմնարկին : Այս ամենից  որպես իրավաբան՝ ինձ մի բան է հասկանալի, որ Աննա Վարդապետյանն ու Հայկ Իսրայելյանը փնտրտուքի մեջ են՝ գտնելու այն դատաբժշկին ու դատահետքաբանին, ովքեր կարող են հերթական անգամ  կոծկելու  գործը եւ  նման վարքագծով ժամանակ են վատնում՝ բարենպաստ պայմաններ հարթելու դեռևս միակ ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանի համար ,  սպառելով տարիներ և միգուցե երազելով՝ վաղեմության անցման հիմքով նրան ազատելու քրեական
պատասխանատվությունից»,-ընդգծում է մեր զրուցակիցը՝ հավելելով․ «Վստահ եմ , որ անպայման գալու է կազմակերպված հանցավոր խմբի պատասխան տալու ժամը: Այդպիսի խմբավորումներն ինչպես ունեն իրենց կազմավորման, այնպես էլ ունեն իրենց վնասազերծման ժամանակը և ի դեպ՝ իրենց իսկ տերերի ձեռքով... »:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image