Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումին այս տարի մասնակցում են նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով մի շարք հայտարարություններ է արել Հայաստանի հետ հարաբերությունների, Ադրբեջան-ՌԴ-Հայաստան եռակողմ հայտարարության մասին։
Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։
- Լավրովը հայտարարել է, որ իրենք հետևում են ՀՀ իշխանությունների հայտարարություններին ու ի գիտություն կընդունեն դրանք։ Ասել է նաև, որ ՀՀ իշխանությունները ընկերություն են անում Հայաստանի բարեկամների թշնամիների հետ։ Ի՞նչ է սա նշանակում։
- Շատ կարճ հարց է, որին կարճ պատասխանելն ուղղակի անհնար է, որովհետև այս գործընթացի նախապատմությունը մենք պետք է հասկանանք։ Եթե փորձենք կարճ ասել, ապա Ռուսաստանը միջազգային մեկուսացման մեջ հայտնվելով և ծանր պատերազմ վարելով Ուկրաինայի հետ, ըստ էության, սկսել է կորցնել իր դիրքերը շատ տեղերում, այդ թվում նաև Հարավային Կովկասում։ Եվ երկրորդ ճակատի բացման վախը, մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնցից ունի լոգիստիկ, տնտեսական, տեխնոլոգիաների ներկրման առումներով կախում, Ռուսաստանը գնաց Արցախի զոհաբերմանը, որը ռազմական -ստրատեգիական առումով իրենց համար մեծ կորուստ էր՝ ես մեր մասին չեմ խոսում։ Բայց իրենք նախընտրեցին այդ զոհողությանը գնալ՝ իրենց օրվա խնդիրները լուծելու համար, իսկ պատերազմող երկրների համար օրվա խնդիրներն ավելի կարևոր են, քան ապագա ստրատեգիական խնդիրները։ Բնականաբար, հայերի մոտ այդ զգացողությունն առաջացավ, որ դաշնակիցը, ում հետ հույս են կապել, ով պատմականորեն մեր բարեկամն էր՝ մեզ դավաճանել է։ Եվ այս առումով Ռուսաստանի մոտ մի կողմից արգումենտներ չկան հայերին մեղադրելու համար. եթե դու քո դաշնակցային պարտավորությունները չես կատարում, որը նաև փաստաթղթերով է ձևակերպված, ապա շատ տրամաբանական է այլ տեղերից փորձել աջակցություն ստանալ։ Եվ այդ աջակցությունը շատ կոնկրետ է՝ զենքի տեսքով, տեխնոլոգիաների տեսքով, թշնամիներին զսպման մեխանիզմների տեսքով։
- Կորցնելով Հայաստանը, ի՞նչ խնդիրներ կառաջանան Ռուսաստանի համար։
- Կորցնելով Հայաստանը, իրենք կորցնում են ամբողջ Հարավային Կովկասը։ Իսկ պատմության դասերը հաշվի առնելով, Հարավային Կովկասը Թուրքիայի ազդեցության տակ լինելուց հետո, թուրքերն իրենց ազդեցությունը տարածելու են Հյուսիսային Կովկասում թյուրքական ազգայնականության, և իսլամական խմբերի միջոցով, հետո Միջին Ասիան, հետո Վոլգայի ափերին գտնվող Թաթարստան, Բաշկորտոստան և այլն։ Իրենք մի կողմից զոհաբերում են Հայաստանի շահերը, բայց մյուս կողմից չեն ցանկանում կորցնել Հայաստանը, որովհետև իրենք օրվա հարց լուծելով՝ ապագայում ստրատեգիական առումով շատ լուրջ խնդիրների առաջ են կանգնելու։
Այսօր Թուրքիան, շահարկելով իրավիճակը, ձեռք է բերում ազդեցություն Հարավային Կովկասում, Միջին Ասիայում, հենց Ռուսաստանի տարածքում թուրքական ժողովուրդների վրա, բայց Ռուսաստանին տալով հնարավորություն, որ երկրորդ ճակատը չբացվի։ Բայց վաղը, մյուս օրն ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնի Ռուսաստանը։ Հիմա Ռուսաստանը փորձում է մի կողմից զոհաբերել Հայաստանի ազգային շահերը, մյուս կողմից վերջնականապես չկորցնել Հարավային Կովկասը և թույլ չտալ, որ այլ խաղացողներ այնտեղ մտնեն։ Մասնավորապես, Եվրոպան Ֆրանսիայի տեսքով, կամ Իրանն արդեն ռազմական ներկայություն ապահովի։ Նաև կարևոր է, թե ինչ քաղաքականություն կվարի Ֆրանսիան Իրանի հետ:
- Եվ ինչպիսի՞ քաղաքականություն է վարում Ֆրանսիան Իրանի հետ։
- Ֆրանսիան պատմականորեն Իրանի հետ սերտ հարաբերություններ է ձևավորել և ստրատեգիական առումով ունի ընդհանուր շահեր։ Այսինքն, Հայաստան- Վրաստանի վրա ազդեցություն ձեռք բերելով, կարող է արդեն Իրանն էլ ապագայում Ռուսաստանից քիչ կախվածություն ունենա, որովհետև Իրանից կարող են էներգակիրներ արտահանել Եվրոպա` Հայաստանով ուՎրաստանով, Սև ծովով` Եվրոպա: Իրանը միշտ աշխարհաքաղաքական առումով կենտրոնական նշանակություն է ունեցել այս տարածաշրջանում և ունենալու է։ Այսինքն, Ռուսաստանը Հարավային Կովկասը կորցնելով ապագայում թուրքական վտանգի առաջ է կանգնում և թուլանում է նաև Իրանի վրա իր ազդեցությունը։
-Կարո՞ղ ենք ասել, որ ՌԴ-ն ստրատեգիական մեծ սխալ գործեց թույլ տալով Արցախի կորուստը կամ թուլացնելով իր դիրքերը Հայաստանում։
- Ես կարծում եմ, Ռուսաստանը ոչ թե սխալ է գործել, այլ մտածված է գործել, այլ ելք չունենալով, որովհետև ծանրագույն պատերազմի մեջ գտնվող երկիրը պետք է ինչ-որ մի բան զոհաբերի իր գլխավոր խնդիրը լուծելու համար, իսկ գլխավոր խնդիրը Ուկրաինան է։ Հիմա Ռուսաստանի քաղաքականությունն այս է՝ մի կողմից ասում է. կա եռակողմ պայմանավորվածություն, բայց եռակողմ պայմանավորվածության թեման Արցախն է եղել։ Արցախը չկա, այսինքն այն, ինչ մեզ համար կարևոր է՝ չկա, այն, ինչ-որ իրենց համար կարևոր է՝ պետք է լինի, այսինքն, իրենք վերահսկեն Սյունիքը, որ թուրքական աշխարհի կապի վրա նստած լինեն՝ ուզեն բացեն ճանապարհը, ուզեն՝ փակեն։ Բայց այդ դեպքում առաջանում է հարց, մենք ի՞նչ ենք ստանում։ Քաղաքականության մեջ, եթե մի բան տալիս ես՝ մի բան վերցնում ես։
- Հնարավո՞ր է իրենք գնան ավելի խոր համագործակցության ադրբեջանցիների հետ մեր շահերի հաշվին։ Ենթադրենք, ադրբեջանցի այսպես կոչված փախստականներն են գալիս, թուրքական բանակ են մտցնում Հայաստան՝ վերջիններիս «անվտանգությունն» ապահովելու համար ու արդյունքում ՀՀ-ն հայաթափվում է, փոխարենը Սյունիքում կանգնած է լինում ռուս զինվորը։
- Իրենց համար կարևոր է, որ Սյունիքում կանգնած լինի ռուս զինվոր, բայց ռուս զինվորի կանգնելու համար պետք է ինչ-որ մեկին պաշտպանի, պետք է հիմք ունենա այնտեղ գտնվելու։ Հիմա Սյունիքը, ըստ էության, պաշտպանում է Իրանը, ոչ թե Ռուսաստանը։ Եթե իրենք ուզում են ներկա լինել, իրենք ինչ են պատրաստ դրա դիմաց տալ։ Իրենք ասում են` գիտեք ինչ, մենք ձեզ էժան գնով տալիս ենք գազ, էներգակիրներ, ատոմակայանն ենք աշխատացնում, մեծ ֆինանսական հոսքեր են գալիս Հայաստան, դուք ունեք ինչ-որ բան, և դուք դա կարող եք կորցնել, մենք էլ ինչ-որ բան կկորցնենք, բայց դուք տնտեսապես կոչնչանաք և ժողովուրդն էլ դուրս կգա իշխանության դեմ, մենք ունենք ազդեցության այդ լծակը։ Սա վերջին լծակն է, բայց սա լուրջ լծակ է, որով կարող է շատ լուրջ ազցեցություն ունենալ։
- Օրինակ, հեղափոխություն, իշխանափոխությո՞ւն։
- Ռուսաստանը կարող է գազը թանկացնել երկու անգամ ՝ մեկ շաբաթից Հայաստանում հեղափոխություն կլինի ՝ չկասկածեք դրանում։ Իհարկե, Ռուսաստանը այդ ազդեցությունն ունի, շատ ծանր վիճակ է մեզ համար, բայց Ռուսաստանն իր շահերով է շարժվում, օգտագործելով իր հնարավորությունները։ Կգա՞ արդյոք Ֆրանսիան փրկելու Հայաստանը, Ֆրանսիան կարող է ինչ-որ ժամանակ հետո Իրանի և Ռուսաստանի հետ շատ սերտ, ընդհանուր շահերի վրա համագործակցություն ձեռք բերի և դա մեզ համար լավ կլինի, բայց այսօր դա հնարավոր չի։ Մյուս կողմից էլ այսօր Ռուսաստանն ավելի մեղմ է վերաբերվում Ֆրանսիայի ակտիվությանը, և Հնդկաստանին, որովհետև ինքն այդ զենքից չի կարողանում Հայաստանին տրամադրել, որովհետև ինքը զենքի կարիքն ունի։ Այստեղ նաև բալանսները ճիշտ կառուցելու խնդիրն է առաջանում։ Հիմա, հարցը հետևյալն է, այս ծանր իրավիճակից ելնելով, այս գործող կառավարությունը կարողանո՞ւմ է այդ բարդագույն բալանսները կառուցել, թե՞ չի կարողանում։ Մենք տեսնում ենք, որ չի կարողանում։
- Այնուամենայնիվ, Ռուսաստանը Հայաստանում նպաստավոր պայմաններ կստեղծի՞ իշխանափոխության համար, քանի որ Կրեմլի «խոսափող» համարվող Մարգարիտա Սիմոնյանը, նույն ԱԳ նախարար Լավրովը սկսել են նույնականացնել ՀՀ իշխանություններին ու ժողովրդին, այնինչ նախկինում տարանջատում էին։ Լավրովն ասում է` եթե ժողովուրդը կիսում է ՀՀ իշխանությունների տեսակետը, ապա պետք է վերանայել հայ-ռուսական հարաբերությունները։
- Մինչև հիմա ՝ հատկապես 2020 թվականից հետո և դրանից առաջ, Ռուսաստանն աջակցել է գործող իշխանությանը և մինչև հիմա այս իշխանությունը, որ դեռ կա, դա Ռուսաստանի աջակցության շնորհիվ է։ Իրենց պետք էր մի իշխանություն, որը ցույց տար, որ Ռուսաստանի հետ ունի խնդիրներ, և Ռուսաստանն էլ թույլ տա դա ցուցադրել հայ ժողովրդին, որ խնդիրը Հայաստանում գործող իշխանությունն է, այսինքն այն, ինչ ինքն այսօր չի կարողանում անել՝ դա հիմնավորել այսօրվա իշխանության գոյությամբ։ Եվ այս իշխանության գոյությունը պետք է եղել, որպեսզի Հայաստանում չգա որևէ այլ իշխանություն, որի պատճառով հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները չլարվեն։ Այսինքն, այս իշխանությունն իրեն ժամանակ շահելու հնարավորություն է տալիս։ Բայց այս հայտարարություններով իրենք ասում են՝ մեզանից ամեն մեկն իր դերն է խաղում, բայց կարմիր գծերը մի հատեք։ Ուրեմն, ինչ-որ կարմիր գծեր են եղել ու այս կառավարությունը փորձել է հատել՝ ուղղակի դրանով զգուշացնում են, ընդամենը։
- Այս իրավիճակում Ադրբեջանի կողմից պատերազմի վտանգ կա՞։
- Առանց Ռուսաստանի թույլտվության՝ ես դա դժվար եմ պատկերացնում։ Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ, մինչև Ռուսաստանում ընտրությունները չվերջանան, մինչև ընտրություններից հետո երդմնակալության արարողությունը չլինի, մինչև ապրիլի վերջերը, կարող է սխալվում եմ, բայց դժվար եմ պատկերացնում պատերազմը։ Մյուս կողմից Ալիևը շատ լավ հասկանում է, որ ենթադրենք, եթե նույնիսկ գրավի Սյունիքը, Ադրբեջանի վրա դա շատ թանկ է նստելու։ Կա նաև վտանգ Իրանի հետ կոնֆլիկտի մեջ մտնելու, անձնապես, ընտանիքի առումով սանկցիաների տակ հայտնվելու Արևմուտքում:
- Ստացվում է, որ Սյունիքի մասով դեռևս միջազգային կոնսենսուս չկա՞, ինչպես դա կար, օրինակ, Արցախի մասով։
- Ինչպես Արցախի հարցում կոնսենսուս կար, Սյունիքի հարցով կարծես չկա։
- Վստա՞հ եք, որ Իրանը ռազմական միջամտության կգնա, եթե Ադրբեջանը Սյունիք մտնի։
- Ես ոչ մի բանի վրա վստահ չեմ, ես կարծում եմ, որ դա Իրանի անվտանգության համար չափազանց զգայուն և կարևոր տարածք է և եթե Իրանը չմիջամտեց, ես վատ եմ պատկերացնում, թե Իրանն իր անվտանգությունն ինչպես է կառուցելու։