Մենք գրել էինք, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը սեպտեմբերի 28-ին եւ 29-ին կայանալիք Մյուռոնօրհնության եւ Մայր տաճարի վերաօծման արարողություններին մոտ 2 հազար հյուրի է սպասում: Արդեն սկսվել է լրագրողների հավատարմագրումը: Ինտրիգն այն է, թե ՀՀ իշխանությունից, որը հայ առաքելական եկեղեցուն վերջին տարիներին «պատերազմ» է հայտարարել, ով կմասնակից այդ արարողություններին եւ կմասնակցե՞ն արդյոք, թե` ոչ:
Գրել էինք, որ Մայր աթոռը նախատեսում է հրավիրատոմսեր ուղարկել նախ ՀՀ անվտանգության խորհրդի անդամներին` ՀՀ նախագահ, վարչապետ, փոխվարչապետներ, ԱԱԾ տնօրեն, ՆԳ, ՊՆ, ԱԳ նախարարներ, Արտաքին հետախուզության եւ ոստիկանության պետեր, ԱԱԽ քարտուղար, ԶՈՒ ԳՇ պետ, ապա որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների` պատգամավորներ, նախարարներ: Հրավիրատոմսեր կստանան նաեւ նախկին նախագահները եւ նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ: Տեղեկացանք, որ հրավիրյալների մեծ մասը տաճարի նորոգման հովանավորներն են լինելու, հիմնականում` սփյուռքից:
Երեկ վարչապետի խոսնակն ասել էր, որ իրենք Էջմիածնից հրավիրատոմս չեն ստացել: Սակայն բանն այն է, որ արարողություններին դեռ մեկ ամիս կա եւ հրավիրատոմս ոչ մեկը դեռ չի ստացել: Այս օրերին, մեր տեղեկություններով, Գարեգին Բ-ն անձամբ զբաղված է այդ ցուցակները կազմելով եւ դեռ չի ավարտել այդ գործը: Ըստ ամենայնի, կավարտի մոտ օրերս եւ եկող շաբաթվանից արդեն հրավիրատոմսերը կսկսեն առաքվել` փոստային ծանուցումներով: