Հայաստանից 4 պաշտոնատար անձ այս օրերին միաժամանակ գտնվում են Իտալիայում․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որի պատվիրակության կազմում է նաեւ Պոլսո հայոց պատրիարքը։ Գումարած` գործարար Ռուբեն Վարդանյանը:
Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով է մեկնել, երեկ նախատեսված էր հանդիպում նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ, ապա Եվրոպայի ամենամեծ Լա Սապիենցա համալսարանում, Լևոնյան վարժարանում՝ հանդիպում տեղի հայ համայնքի հետ։ Կարեն Անդրեասյանն էլ իր իտալացի գործընկերոջ հետ քննարկել է «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագիրը, որով ԵԱՀԿ-ն օգնում է ՀՀ կառավարությանը ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե, Ամենայն հայոց կաթողիկոսը և Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը Վատիկանում հանդիպել են Հռոմի Պապին։ Վեհափառ Հայրապետն անդրադարձել է 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, հատկապես շեշտել է ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։
Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ զրույցի ընթացքում ևս անդրադարձ է կատարվել արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցերին։ Կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության դերակատարությունը։
Աղետալի աշխարհաքաղաքական իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը, այս այցերը պարզ համընկնո՞ւմ են, թե ոչ և ինչու՞ արցախյան օրակարգ Իտալիայում, ուր 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը բավականին հաճախ էր մեկնում (2018թ. ապրիլ, 2015թ․ ապրիլ): Հիշեցնենք, որ նախկին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի ջանքերի շնորհիվ 2017թ․ Հռոմի Ֆրանցիսկոս պապը եռօրյա այցով ժամանեց Հայաստան, որպես առաջին քրիստոնյա երկիր։ Կաթոլիկ եկեղեցու հովվապետի այս ուխտագանացությունն իր բովանդակությամբ և նշանակությամբ ահռելի քաղաքական նշանակություն ուներ, քանի որ որքան էլ Վատիկանի դերակատարումն էականորեն նվազել է միջազգային քաղաքական գործընթացներում, նրա մոտեցումներն ու դիրքորոշումը որոշ հարցերում դեռևս շարունակում է ուղենշային նշանակություն ունենալ եվրոպական քաղաքականության համար։
Փորձագետները նշում են, որ Վատիկանն ու Հռոմը կարևոր դերակատարում ունեն, որքան էլ ընդունված է համարել, որ Ադրբեջանը Մեծ բրիտանական քաղաքականության դաշտում է եւ Լոնդոնն է ազդեցիկ շատ հարցերում: Իտալիան նույնպես համարվում է Եվրոպայում ադրբեջանական ազդեցության հիմնական երկրներից մեկը՝ նոր կառուցված տրանս-անատոլիական գազամուղով ադրբեջանական գազը Իտալիա է հասնում։ Ավելին, այս երկրում գործում է շատ ուժեղ ադրբեջանական լոբբի։ Նաև Իտալիայում գրանցված «Eni-Agip» նավթային ընկերության և Ադրբեջանի պետական նավթային գործակալության միջև կնքված «Դարի պայմանագրով», 2005 -ին Ադրբեջանից Իտալիա է արդյունահանվել երկրի նավթի 50 տոկոսը, իսկ «Eni-Agip»-ն իր մասնակցությունն է ունեցել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման աշխատանքներին։
Պատահական չէ, որ 2016-ին Բաքուն զարմացած ու անհանգստացած էր Հռոմի Պապի Հայաստան ժամանումից։ Քաղաքագետ, Միլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջն այդ օրերին գրել էր․ «Այս այցը (Ադրբեջան) ահռելի նշանակություն ունի, քանի որ ցույց է տալու, որ իզուր են հայաստանյան իշխանությունների հույսերը, որոնք փորձում են օգտագործել Սուրբ Աթոռը այսպես կոչված հայոց ցեղասպանության ճանաչման գործում»։
Իհարկե, Հայաստան կատարած այցից 2 ամիս անց կայացավ Հռոմի պապի այցը նաև Ադրբեջան և ինչպես այն ժամանակ հայտարարել էր Բաքվի կաթոլիկ եկեղեցու հոգևոր հայր Ռադոսլավը՝ դա նավթադոլլարների շնորհիվ գնված այց է, որով շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի իշխանություններին՝ «Հեյդար Ալիևի» հիմնադրամի և Մեհրիբան Ալիևայի՝ Վատիկանում պատմական հուշարձանների վերականգնման նպատակով գումարների հատկացման համար։ «Հայ առաքելական եկեղեցին Արցախի թեմը կորցնելու շեմին» վերտառությամբ հոդվածում «Regnum-ն այս տարվա մարտին տեղեկացրել էր, որ այդ օրերին Վատիկանում են գտնվում «Հեյդար Ալիև» հիմնադրամի պատվիրակությունն ու Ադրբեջանի կրոնական համայնքների ներկայացուցիչները, որոնք այցի ընթացքում հիմնադրամի և Սուրբ Աթոռի հնագիտական խորհրդի միջև համագործակցության համաձայնագիր էին կնքվել` Սուրբ Կոմմոդոսի կատակոմբները վերականգնելու աշխատանքների շուրջ: Իսկ մշակութային հարցերով պապական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին փոխանցվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի անունից նամակ, որում կոչ է արվում, որպեսզի «Վատիկանի մասնագետներն իրենց անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև կարծիքներով և առաջարկություններով նպաստեն պատմական և մշակութային ժառանգության վերականգնմանը Ադրբեջանի օկուպացումից ազատագրված տարածքներում»։ Հոդվածագիրը եզրակացրել էր․ «Հարցը միայն այն չէ, որ Բաքուն հնարավորություն կունենա գումար վաստակել դեպի քրիստոնեական վայրեր կազմակերպվելիք զբոսաշրջությունից։ Այսպիսով հարվածի տակ է ընկնում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը»։
«Regnum լրատվական գործակալության Միջին Արևելքի և Անդրկովկասի եկեղեցիների հարցերով փորձագետ Ստանիսլավ Ստրեմիդլովսկին մեղադրել էր Ստեփանակերտին ու Էջմիածնին՝ ժամանակին նախաձեռնողականություն չցուցաբերելու համար, որովհետև «Եթե Լեռնային Ղարաբաղում, Արցախի թեմի փոխարեն, հայտնվեր վերականգնված Աղվանական կաթողիկոսությունը, դա կդժվարացներ Ալբանական եկեղեցի ստեղծելու Բաքվի ջանքերը։ Սակայն ո՛չ Ստեփանակերտը, ո՛չ էլ Էջմիածինը այդ քայլին չեն գնացել: Այժմ նախաձեռնությունը Բաքվի ձեռքում է»: