Լիտվայի կառավարության նվերը՝ ամերիկյան արտադրության «Մոդեռնա» պատվաստանյութի 50.000 դեղաչափը, դեռ չի փոխանցվել Հայաստանին: Այս մասին «Հրապարակին» հայտնեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ամերիկյան արտադրության պատվաստանյութը Հայաստանի համար պետք է առանձնացվեր մինչև հոկտեմբերի 4-ը։
Մայրաքաղաքի պոլիկլինիկաներից տեղեկացանք, որ ԱՆ-ից ունեն հրահանգ չինական «Սինովակ»-ով պատվաստումն իրականացնել հերթագրումով․ օրական 10 հոգուց ոչ ավելի։ Սա հայտնեցին թիվ 2 և Զեյթունի պոլիկլինիկաներից։
«Զանգեք, չորեքշաբթի օրվա համար հերթագրվեք»,-հայտնեցին։ Իսկ ինչն է պատճառը, որ օրական 10 հոգու են պատվաստում։ «Չգիտեմ»,-ասաց պոլիկլինիկայի աշխատակցուհին։
ԱՆ խոսնակն ասաց, թե նախարարությունը նման ցուցում չի իջեցրել։