Հարցազրույց

«Հրապարակ». Ոչ միայն վանդալիզմ է, այլեւ հոգեբանական ահաբեկչություն

«Հրապարակ». Ոչ միայն վանդալիզմ է, այլեւ հոգեբանական ահաբեկչություն

Ադրբեջանն ավերում է օկուպացված Արցախը, շենքեր, ճանապարհներ, եկեղեցիներ է ավերում, տպավորություն է, թե հայկական հետքն Արցախից ջնջելու խնդիր են դրել իրենք առաջ: Ինչո՞ւ է Ալիևն այդքան սարսափում հայկական հետքից, զրուցել ենք Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, պատմաբան Հովիկ Ավանեսովի հետ:

- Ադրբեջանը հիմնահատակ քանդում է Արցախը, այն, ինչ մնացել է հայերից: Ո՞րն է նպատակը:

- Նույն Թուրքիայի ձեռագիրն է: Նույն բանը արել ու շարունակում է անել Թուրքիան Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունից հետո: Եթե նայենք մինչև 2023 թվականը, երբ բռնազավթված էր դեռ միայն Արցախի մի մասը, այս նույն պրոցեսները տեղի էին ունենում Շուշիում, Հադրութում, Բերձորում: Ինչպես այդ բոլոր քաղաքներում, այնպես էլ հիմա` Ստեփանակերտում հիմնական թիրախը պատմական անցյալ ու դիմագիծ ունեցող շենքերի ավերումն է: Եթե նորակառույց շենքերը, անգամ ԽՍՀՄ ժամանակ կառուցված շենքերը չեն քանդում` բացառությամբ պետական հիմնարկների շենքերի, օրինակ` Արցախ թաղամասի և թաղամասի վերևի հատվածի համալիրը, որը կառուցված էր զինծառայողների համար, այժմ օգտագործվում է որպես ուսանողական հանրակացարան, ապա ավելի վաղ ժամանակներում կառուցված շենքերը, որոնք ունեն պատմական դիմագիծ, այն շենքերը, որոնք ճարտարապետական տեսանկյունից նման են Շուշիի շենքերին` բնակելի թաղամասերին, քանդում են: Վերջերս քանդեցին Ստեփանակերտի Թումանյան փողոցը, այնտեղ կային բնակարաններ, որոնք կառուցվել էին դեռևս 1920 թվականին` Շուշիի ցեղասպանությունից մազապուրծ եղածները: Նպատակը մեկն է` ոչնչացնել հայկական ամեն բան, հատկապես, որ հիմա էլ ինտենսիվ կերպով իրականացվում է Արցախի իսլամացման քաղաքականություն: Պատմաճարտարապետական հուշարձաններից սկսած՝ հիմնովին քանդում են:

- Թեպետ օկուպացրել են Արցախը, սակայն կարծիք կա, որ ազերիները չեն ցանկանում ապրել Արցախում, վաճառում կամ վարձակալության են տալիս տները, իսկ ռեժիմը սպառնում է ադրբեջանցիներին, որ կխլի բոլոր այն տները, որտեղ չեն ապրի վերաբնակեցվածները: Մինչդեռ Արցախի մեր հայրենակիցները երազում են միջազգային երաշխիքների առկայության դեպքում վերադառնալ Արցախ:

- Մենք պետք է ոչնչացման դեպքերը վանդալիզմ դիտարկելուց բացի նաև այս ամենը դիտարկենք որպես հոգեբանական ահաբեկչության մեխանիզմ: Պատահական չէ, որ Ադրբեջանը նկարահանում է, թե ինչպես է քանդում Արցախը: Եթե առաջ նման կադրերը զուտ սիրողական մակարդակի վրա էին նկարահանում, հետո ջնջում, ապա այդ ամենը հիմա անում են պետական մակարդակով: Արցախի Ազգային ժողովի, Ազատամարտիկների միության շենքի քանդման պրոցեսը նկարահանել էին ու պետական հեռուստաընկերություններով ցույց էին տալիս հպարտորեն: Ինչ վերաբերում է օկուպացված բնակավայրերում ադրբեջանցիներին բնակեցնելու քաղաքականությանն, ապա պետք է արձանագրենք, որ եթե Ադրբեջանն այդ քաղաքականությունը չիրականացնի, մարդկանց չբնակեցնի, ապա այն լրիվ դատարկ կմնա: Ադրբեջանի մյուս քաղաքներից, Բաքվից չեն ցանկանում գնալ օկուպացված Արցախում ապրելու: Օրինակ, Հադրութում ապրում են վարձկան ահաբեկիչներ: 2020 թվականի պատերազմին նրանք էին ներգրավված պատերազմում: Գուցե Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի համար օգտագործվի, կամ ծանր հանցագործություններ կատարած անձանց համար:

Լրահոս

Ամենաընթերցված

Վերջը

Վերջը

Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա… Ծանո՞թ խոսքեր են: Իսկ հիմա՝ ավելի ուշադի...

×
Gallery Image