Հասարակություն

Փաշինյանի գաղտագողի այցերը

Փաշինյանի գաղտագողի այցերը

Քիչ առաջ պաշտոնապես հաղորդվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը առավոտյան խորհրդարանի այգում ծաղիկներ են խոնարհել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: 

Այս տեղեկատվությունն ուշագրավ է այնքանով, որ դեռ երեկվանից խորհրդարանի պաշտոնական կայքում անոնսվել էր՝ «Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում` 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի  կունենա հիշատակի արարողություն»։

Պարզվում է՝ արարողությունն ուժի մեջ է, մասնակցելու են 27-ի զոհերի հարազատները, ընտանիքի անդամները, ԱԺ ղեկավարությունը եւ պատգամավորները եւ այլ հրավիրյալներ, միայն թե Նիկոլ Փաշինյանը որոշել է միայնակ՝ առավոտ կանուխ այցելել խորհրդարան, որտեղ վարչապետի այցի մասին տեղեկացել են դրանից «հինգ պակաս»։

Նիկոլ Փաշինյանը որքան էլ փորձի դուխով երեւալ եւ ամբիոններից հոխորտալ, թե իրենց իշխանությունն ունի ժողովրդի վստահությունը եւ ինքը ժողովրդի վարչապետն է, սակայն նրա քայլերը մատնում են, որ խուսափում է հանրային միջոցառումներից, եթե հասկանալի է, թե ինչու է պատերազմից հետո Եռաբլուր գաղտագողի այցելում, ապա խիստ տարօրինակ է, որ խուսափում է նաեւ ՊՊԾ վերահսկողության տակ գտնվող  տարածից, ուր իր անվտանգությունն ապահովվում է մի քանի հարյուր թիկնապահով։

Նշենք, որ կառավարությունից հստակ պատասխան չստացանք, թե ինչու է վարչապետը ոչ թե 15։00-ին այցելել խորհրդարան, այլ ավելի վաղ։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 24 տարի: Այդ օրն ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image