Դեռևս 2021 թվականին կառավարության կողմից հայտարարվել էր Երեւանում «Կյանքի պուրակ» կառուցելու մտադրության մասին։ Պուրակը պետք է կառուցվերԲուսաբանական այգու տարածքում և նվիրվեր Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։ 2022-ին Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ այցելել էրԲուսաբանական այգի և Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուղեկցությամբ, ծանոթացել պուրակի նախագծման աշխատանքներին։ Հայտարարվել էր, որ պուրակի կառուցման աշխատանքները պետք է մեկնարկեն 2022-ին և ավարտվեն 3- 5 տարի անց, ուստի որոշեցինք պարզել, թե 1 տարվա ընթացքում շինարարությունը ո՞ր փուլին է հասել, ի՞նչ աշխատանքներ են կատարվել, արդեն հայտնի՞ է կոնկրետ ժամկետը, թե երբ պուրակը կբացվի։ Պուրակի համար նաեւ տնկիներ էին գնվել, հետաքրքրվեցինք նաև այդ տնիկներով։
Մեր ուղարկած գրավոր հարցումը վարչապետի աշխատակազմը վերահասցեագրել էր ԿԳՄՍՆ-ին, այստեղից էլ՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։ Կոմիտեն էլ դիմել էր ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ, որտեղից ստացված պատասխանում ասված է․
«Կառուցվող պուրակի հարակից մասում առանձնացվել, մշակվել և կահավորվել է տարածք, որտեղ տեղափոխվել և տնկվել են տնկիները, որոնք ներկայումս խնամվում են ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի միջոցներով և աշխատակիցների ուժերով»։ Կոմիտեի քարտուղարությունից փոխանցել են նաև, որ անտառպուրակի կառուցապատման աշխատանքները համակարգվում են Երևանի քաղաքապետարանի կողմից, որի պատասխանը ստանալուն պես կփոխանցեն մեզ։
Այս կիսատ-պռատ պատասխանը մեզ ուղարկել են 2023 թ․ դեկտեմբերի 25-ին։ Անգամ իրենց նեղություն չեն տվել նշելու, որ տեւական ժամանակ է արդենԲուսաբանական այգու տարածքում ընթանում են այդ աշխատանքները, որի աղետաբեր չափերի եւ այգու բնությանը տված վնասի մասին ահազանգում են այս այգում ամեն օր վազող շարքային քաղաքացիները։