Հասարակություն

«Հրապարակ»․ Սահման դարձած Կիրանցում ագրոզբոսաշրջություն են զարգացնում

«Հրապարակ»․ Սահման դարձած Կիրանցում ագրոզբոսաշրջություն են զարգացնում

2025-ին Տավուշի մարզպետարանը հայտնել է, որ Կիրանց բնակավայրի եւ հարակից տարածքների զարգացման նպատակով Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի հետ համատեղ կազմվել է ագրոզբոսաշրջության ծրագիր եւ ներկայացվել դոնոր կազմակերպության  քննարկմանը։ Ծրագիրը հաստատվել է։ Հունվարի 29-ին  Տավուշի մարզպետի աշխատակազմին տեղեկատվական հարցում եմ արել․ «Որքա՞ն է ծրագրի արժեքը, ե՞րբ է այն իրականացվելու, ո՞ւմ կողմից, ի՞նչ քայլեր եւ արդյունքներ են լինելու»։ Աշխատակազմից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի եւ Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի միջեւ կնքված 2025-2029 թթ. Ապակենտրոնացված համագործակցության համաձայնագրի շրջանակում, Ֆրանսիայում Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, 2026 թ. հունվարին մեկնարկել է առաջին ծրագիրը՝ «Ագրոզբոսաշրջության ռազմավարության իրականացումը՝  որպես Տավուշի մարզպետի աշխատակազմի եւ Օ-դը-Սեն դեպարտամենտի ապակենտրոնացված համագործակցության բաղադրիչ»։

Ծրագիրը մշակվել եւ ներկայացվել է Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից, որը կիրականացվի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ։  Ծրագրային գործողությունների հիմնական ուղղություններն են՝ ստեղծել  Տավուշի մարզի ագրոզբոսաշրջության ցանց, աջակցել  ագրոզբոսաշրջային  տնտեսություններին  մեթոդական,  ֆինանսական եւ հաղորդակցության գործիքներով, նպաստել Տավուշի մարզի այցելավայրեր կառավարման կազմակերպության կարողությունների զարգացմանը։ Ծրագրի նախնական տարբերակը քննարկվել է դեռեւս 2024 թ. մայիսին՝ Օ-դը-Սեն դեպարտամենտի պատվիրակության Տավուշի մարզ կատարած այցի ժաանակ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կարեւորվել են նաեւ սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացման հնարավորությունները»։ 

Կիրանցում ագրոբիզնես զարգացնելու ի՞նչ հնարավորություններ կան, երբ 2024-ին սահմանազատման անվան տակ Կիրանցից շուրջ 15 հեկտար հող Ադրբեջանին հանձնելու հետեւանքով նվազել են գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունները, արոտավայրերի նվազելու հետեւանքով պակասել է գյուղում պահվող խոշոր եղջերավոր անասուների թիվը։ Այժմ Կիրանցում ընդամենը 10 հեկտար աշնանացան է արվել։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտնեց, որ պետական աջակցությամբ 16 կամ 21 միլիոն դրամ արժեքով 54 առանձնատուն է կառուցվել, որի տերերի մոտ 80 տոկոսը Կիրանցի բնակիչ են։ 5-6 տանն արդեն ապրում են։ Կիրանցում  պետական ֆինանսավորմամբ ոռոգման եւ խմելու ջրերի համակարգերն են արդիականացվում, որից հետո մոտ 70 հեկտար հող ոռոգելի կդառնա։ Գյուղում արտեզյան ջրերի մաքրման կայաններ են կառուցվել, օրվա կարգավորիչ ջրամբար։ 
Մինչդեռ Կիրանցում ագրոբիզնեսից ավելի արդյունավետ կլինի դեպի հնամենի վանքեր զբոսաշրջությունը: Կիրանցի շրջակա անտառներում են գտնվում Կիրանց, Առաքելոց, Դեղձնուտի եւ Սամսոնի հնամենի վանքերը, որոնք բոլորն էլ գտնվում են կիսավեր վիճակում: Բայց սահմանին գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու նորոգումն ավարտին է մոտենում։ 12-13-րդ դարերի Դեղձնուտի վանքը միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից է: Կիրանցի վանքը կանգուն է, սակայն վանքի լանջերին բուսնած ծառեր կան, որոնք քայքայում են շինության պատերը: Կիրանցից Առաքելոց վանք կարելի է գնալ մարդատար մեքենաներով: Սակայն Կիրանցից մոտ 10 կիլոմետր հեռավորությամբ գտնվող մյուս հնամենի վանքեր կարելի է հասնել բարձր անցողունակությամբ ավտմեքենաներով կամ բեռնատարներով։ Անհրաժեշտ է գոնե այդ վանքեր տանող ճանապարհները բարեկարգել, իսկ վանքերը՝ նորոգել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image