Մշակույթ

Կարո՞ղ է ազգային անվտանգությունն էլ փոխարինվի համապետական անվտանգությամբ

Կարո՞ղ է ազգային անվտանգությունն էլ փոխարինվի համապետական անվտանգությամբ

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն օրերս ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց։

Համաձայն նախագծի՝ օպերային թատրոնի, պատկերասրահի, գրադարանի` շուրջ 11 բացառիկ մշակութային հաստատությունների դեպքում «ազգային» բառը փոխարինվելու է «համապետական»-ով։ Քանի որ հարցն այս օրերին մեծ հնչեղություն ստացավ, ՔՊ-ական շրջանակներից սկսեցին ակտիվորեն պարզաբանումներ տարածել, թե ոչ մի կազմակերպության անունից «ազգային» բառը չի հանվել, պարզապես այսուհետ կունենանք «Հայաստանի ազգային պատկերասրահ» համապետական նշանակության պատկերասրահ կամ «Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» համապետական նշանակության թատրոն, եւ այսպես շարունակ։

Մինչդեռ, Կառավարությունն ինքը՝ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» նախագծի հիմնավորման մեջ՝ «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպություններին վերաբերող դրույթներում որպես «Ազգային» բառը «Պետական» բառով փոխելու պատճառ մասնավորապես նշում է հետևյալը․ «Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «Ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է, որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «Պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարեւորության, պետության կողմից դրանց առանձնակի արժեւորման մասին»:

Թե իրավական առումով կարգավիճակի փոփոխությունն ինչ է տալու այդ կառույցներին կամ ինչ խնդիրներ է ստեղծելու, փաստաբան, իրավաբան Կարո Ասատրյանն ասում է, որ ինքն այս քաղաքականության տրամաբանությունը չի հասկանում, քանի որ եթե փոփոխության նպատակը «պետական» բառով այդ կառույցների եզակիությունը, բացառիկությունը ընդգծելն էր, ապա այդ բառն արդեն կար` օրենքի կարգավորման իմաստով. 
«Կառավարությունն «ազգային»-ի կարգավիճակը շնորհում էր` կառավարության որոշման հիման վրա, իր ոլորտում եզակի, բացառիկ կազմակերպություններին: Այսինքն, այստեղ ուղղակի բառն է փոխվում, հետեւաբար օրենքի փոփոխությունն այս տեսանկյունից առնվազն ժամանակավրեպ է ու ոչ արդիական, որովհետեւ ընդամենը բառի փոփոխություն է եւ ես չեմ հասկանում «ազգայինը» «պետականով» փոխելու իմաստն ու նպատակը»,-ասում է Ասատրյանն ու նկատում, որ դրանք նույնիսկ հակադրման մեջ են հայտնվում իրար հետ, մինչդեռ, մենք մեր Սահմանադրության մեջ նաեւ ազգայինին ենք յուրահատուկ տեղ տալիս:  

«Եթե մենք այդ հասկացությունները տարանջատում ենք, ապա իրավաբանորեն ինձ անհասկանալի է, թե պետության հետապնդող քաղաքականության ո՞ր ճյուղն են ուզում իրականացնել, այսինքն, «ազգային» բառը փոխելով` ուզում են իբրեւ թե ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, ազգայնական առումով խտրականություն չի՞ դնում..., բայց այստեղ էլ արդեն իմ իրավունքներն են խոչընդոտում, որովհետեւ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր ազգային, էթնիկ ինքնությունը պահպանելու, հիմա ես ունեմ ՀՀ-ում իմ ազգային էթնոսը ընդգծելու իրավունք, որը պետությունը պետք է նաեւ խրախուսի, որպեսզի ազգայինն ու համամարդկայինն իրար հետ համահունչ փոխհարաբերության մեջ մտնեն»: 

Իրավաբանն ասում է` կարգավիճակի փոփոխության հետ կապված այս հարցը կեղծ օրակարգ է, քանի որ մինչ այս էլ ունեինք այդ կարգավորումները` թե համապետական, թե տեղային նշանակության առումով. «Իրավական կարգավորումների առումով մենք արդեն իսկ ունենք ՀՈԱԿ-ներ, ՊՈԱԿ-ներ եւ այլն, որոնք հենց հիմա էլ գործում են, օրինակ` համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններ, որոնք գտնվում են համայնքի տիրապետության տակ կամ պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որը գտնվում է նախարարությունների վերահսկողության տակ, հիմա այդ կարգավիճակի մասով այս փոփոխությունը կեղծ օրակարգ է, քանի որ ունենք այդ համապետական կամ տեղային նշանակության կարգավիճակները: Խնդիրն այստեղ այլ է. եթե փոփոխության նպատակն այն է, որ պետական բառով ընդգծվի այդ կառույցների եզակիությունն ու բացառիկությունը, ապա դա «ազգային» բառով արդեն իսկ ընդգծվում էր: Ավելին` կարող է լինել համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն` ՀՈԱԿ, որն ունենա ազգային նշանակություն իր բացառիկությամբ: Ընդ որում, եթե օրենքը մեկնաբանենք, ապա այդ ազգայինի բացառիկությունը ոչ միայն պետականին կարող է շնորհվել, այլ ցանկացած կազմակերպության, որն իր նպատակային նշանակությամբ այդ ոլորտում կամ ճյուղում բացառիկ է ու ինքնուրույն, այսինքն, յուրաքանչյուր ոլորտում կարող է լինել մի կազմակերպություն, որը պարտադիր չէ, որ պետական լինի»: 

Ըստ Կ. Ասատրյանի, այն, ինչը օրենքում որպես նպատակ է ներկայացվում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ «դա չի կարող նպատակ լինել, որովհետեւ այդ կառույցների բացառիկությունն ընդգծում է նաեւ «ազգային» բառը: Ցանկացած օրենսդրական փոփոխության նպատակն է ներկայացնել նախ այդ օրենքի նպատակը, ինչու ես դա անում, եւ հետո` ինչ արդյունքներ ես դրանից ակնկալում: Մինչդեռ, փաստացի «ազգային» բառը, որ փոխում են «պետական» բառով այդ նույն բանն է սահմանում, իսկ թե որն է բառը փոխելու նպատակը, պարզ չէ: Բացի այդ, այդ բառը մեզ համար նաեւ էմոցիոնալ նշանակություն ունի: Ես իրավաբան եմ եւ էմոցիաներից դուրս եմ վերլուծում, բայց իրենք էլ գիտեն, որ ժողովրդի կողմից «ազգային» բառն ավելի էմոցիոնալ է ընկալվում եւ դրա համար պետք է ավելի նուրբ մոտենալ, հակառակ դեպքում, այս տրամաբանությամբ կարո՞ղ է ազգային անվտանգությունն էլ փոխարինվի համապետական անվտանգությամբ»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image