«Սա Թուրքիայի գործակալ է, Ալիեւի փաստաբանը, Ալիեւն ինչ ասում է, սա կատարում է»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է գեներալ-լեյտենանտ Էդիկ Կարապետյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի եւ մեր բանակի մասին։ Զինվորականը շեշտում է՝ եթե երկրի գերագույն գլխավոր հրամանատարը վախկոտ եղավ, նա հրամանատար կոչվելու իրավունք չունի։
«Զինվորի մեջ վախ են գցել, ասել են՝ առանց հրամանի չկրակեք: Ադրբեջանի զինվորները սահմանի վրա մեր տղերքին սպանեցին, ո՞ւմ դատեց Բաքուն` ոչ մեկին։ Հակառակը՝ դուխ տվեցին, գումար տվեցին։ Հիմա էլ կպել ա Արարատին, թե մերը չի, ցեղասպանությունը չի ճանաչում։ Դա ղեկավարի պահվա՞ծք ա։ Մինչեւ 2018 թվականը Ալիեւի բերանից մի բառ չէր լսվում, Նիկոլի գալուց հետո արդեն Ալիեւը դուխավորվեց, սկսեց գոռալ, ճվալ»,- ասում է մեր զրուցակիցը։
«Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի եւ Արագածի դիսկուրսը։ Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի ու պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ ոք զենք չի վաճառի եւ ռազմական համագործակցություն չի հաստատի, մենք՝ ինքներս, մեզ կդարձնենք թիրախ»,- սա ասել է ոչ թե Թուրքիայի նախագահ Էրդողանը կամ Ադրբեջանի նախագահ Ալիեւը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը։
Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ առանց կրակոցի հանձնել են Հայաստանի հողերը։ «Ալիեւը փողով առել ա ՀՀ պաշտպանության նախարարին, ԱԱԾ-ին, բոլոր ՔՊ-ականներին։ Առանց պատերազմի, առանց կրակելու մարդը տարածքները սիրուն հանձնում ա։ Արցախի ժողովրդին մի տարի թողեց անպաշտպան, ժողովրդին սովամահ արեց, հիմա նույնն անում ա Հայաստանի հետ։ Բլոկադայի մեջ ա գցել ժողովրդին, էդքան թանկացումների ֆոնին թոշակները չի ավելացնում։ Հետո ասում ա՝ աղքատները շատանում են, հենց այսպես են շատանում»։
Կարապետյանը շեշտում է՝ երկիրը ոտքի հանելու համար այս իշխանությանը պետք է հեռացնել․ «Սրանց պետք ա հեռացնել խայտառակ ձեւով, որ ամբողջ աշխարհը սրանց մահը տեսնի։ Եթե սա մնաց, պարզ ասում եմ՝ մենք կործանվելու ենք։ Սա որոշել ա հանձնի Ջերմուկը, Սյունիքը, Վարդենիսի տարածքները։ Դրա համար Ալիեւին ձեռք չի տալիս Փաշինյանի գնալը, ամբողջ Ադրբեջանն ու Թուրքիան սրան ատամներով պահում են։ Էլ ճար չկա, ժողովուրդը պիտի ոտքի կանգնի։ Ամսի 1-ին հրապարակում ենք հավաքվելու, առավոտյան ժամը 9-ին»։
Գեներալ-լեյտենանտը նոր է իջել դիրքերից, ասում է՝ զինվորականները բողոքում են անասելի ցածր աշխատավարձից, զինծառայության պայմաններից։ «Ամսի 24-ին պերեսմենկա արեցի, իջա Ջերմուկից։ Դիրքերում տղերքը բողոքում էին, սահման գնացող տղերքի վարձատրությունը շատ ցածր ա։ Մեկ անգամ պոստեր գնալուց հետո երկրորդ անգամ չեն բարձրանում, որովհետեւ բոլորը կարիքավոր են, վարձով են ապրում, տուն չունեն։ Էսօր ոստիկանների քանակն ինչո՞ւ ա շատացնում, բարձր աշխատավարձեր տալիս, որ մարդկանց ճնշեն, ծեծեն, ջարդեն, որ ոչ ոք չկարողանա բողոքել։ Նիկոլ Փաշինյանը ուժը տալիս ա միայն ադրբեջանցուն։ Ադրբեջանցին ոնց կուզի` կխոսա, ինչ կուզի՝ կանի, մենք պիտի ձայն չհանենք»,- շեշտում է նա։
Մեր զրուցակիցը հիշում է 1990-ականները, երբ Հայաստանի պաշտպանությունն իրականացնում էին ֆիդայիները։ Ասում է՝ թուրքը հայ ֆիդայիների անունը լսում՝ փախչում էր, իսկ հիմա հակառակն է։ «1992, 1993, 1994 թվականներին ջոկատներ էին, բանակ չկար, բայց որ թուրքը սահմանի վրա մեր անունը լսում էր, սարսափում էր։ Ես ամենադաժան տեղերն եմ կռվել, Մարտակերտում եմ կռվել, բայց էդ ծանր պայմաններում երգելով էինք գնում պատերազմ, մեռնելու մասին չէինք մտածում։ Թուրքը որ լսում էր՝ հայ ֆիդայիները տարածքում են, վախից փախնում էր։ Հիմա սահմանի վրա կանգնածը տեսնում ա, որ թուրքը գալիս ա, զինվորին հրաման են տալիս՝ չկրակել։ Թուրքին սահմանի վրա զենքը ձեռքին բռնում են, երկու օր հետո Կարմիր խաչով` զենքը ձեռքին հետ են հանձնում։ Տեսե՞լ եք, որ մի անգամ էս իշխանությունն Ազգային ժողովում գերիների մասին խոսի, գերիների էջն էլ փակեցին»,- ասում է նա։
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում գերիների մասին խոսելիս նրանց դիմում էր «այդ մարդիկ» ձեւակերպմամբ՝ ոչ մի գնահատական չտալով, չհիշատակելով նրանց կարգավիճակը, միայն անհանգստանում էր, թե նրանք ինչ ցուցմունքներ են տալու։
«Ինքը Թուրքիայի գործակալ ա, Ալիեւի փաստաբանը, նա ոնց կարգադրում ա, սա կատարում ա։ Ազգային ժողովը սարքել են ռազբորկի տեղ՝ նախկիններ, նախկիններ։ Եթե նախկինները սխալ քայլեր են արել, ո՞ր մեկին ա դատում։ Մենակ ցուցարարներին են ծեծում, ջարդում։ Սրանք կործանում են մեր հայրենիքը։ Ազատամարտիկներին 100 հազար տուգանում են, եթե զինվորական համազգեստով դուրս գան փողոց։ Սա սպանում ա ժողովրդին, քանդում բանակը»,- վրդովված նշում է գեներալ-լեյտենանտը։