Իսրայելի զինվորականները խստացնում են Գազա քաղաքի շրջափակումը, հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նա ասել է, որ բանակն ավարտում է Նեցարիմ միջանցքի վերահսկողությունը, որը կապում է անկլավը ափի հետ և այն փաստացի բաժանում է հյուսիսային և հարավային մասերի։
Կացը նշել է, որ բոլոր բնակիչները, ովքեր կորոշեն լքել քաղաքը և ուղղվել դեպի հարավ, պարտավոր կլինեն անցնել իսրայելական անցակետերով։
«Սա քաղաքացիական անձանց համար վերջին հնարավորությունն է՝ լքելու Գազան և մեկուսացնելու ՀԱՄԱՍ-ի զինյալներին քաղաքում՝ բանակի լայնածավալ գործողությունից առաջ։ Նրանք, ովքեր կմնան, կհամարվեն ահաբեկիչների հանցակիցներ», - ընդգծել է նախարարը։
Հատկանշական է, որ պաղեստինցիների դեպքում կարող է կրկնվել այն նույն ցավալի սցենարը, ինչին 2023-ին արժանացան արցախցիները: Այդ ժամանակ էլ ադրբեջանական իշխանությունները նախ փակեցին Լաչինի միջանցքը, շրջափակման ենթարկեցին արցախցիներին, ապա սեպտեմբերին տեղի ունեցած բարբարոսական գործողությունների հետևանքով ամբողջապես հայաթափեցին և բռնազավթեցին Արցախը:
Մինչ աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, ճանաչում են Պակիստան պետությունը, փաստորեն նույն միջազգային հանրության արձագանքը մարդկային հերթական մոտալուտ ողբերգության, բռնի տեղահանության և Իսրայելի ցեղասպան քաղաքականության նկատմամբ ինչպես միշտ և ինչպես Արցախի հարցում, զուտ ցուցադրական ու դեկլարատիվ է, ոչ՝ ավելին:
Թե ինչով կավարտվի Իսրայելի նախազգուշացումը և ու՞մ կհաջողվի բռնել արյունախում ռեժիմի ձեռքը, անորոշ է:
Ի դեպ, Կատարը, Եգիպտոսն ու Թուրքիան այս ընթացքում փորձում են համոզել ՀԱՄԱՍ-ին ընդունել Թրամփի առաջարկած խաղաղության ծրագիրը: Թել Ավիվը համաձայնել է ԱՄՆ նախագահի առաջարկություններին, պաղեստինյան արմատական շարժումն էլ խոստացել է՝ ուսումնասիրել դրանք և պատասխանել առաջիկայում: