Կուսակցական նվիրատվությունները վերջերս հաճախ են բուռն քննարկումների, փոխադարձ մեղադրանքների առարկա դառնում։ Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ ընդդիմադիր կուսակցությունները հրապարակեն իրենց ֆինանսական աղբյուրները, ակնարկում է, որ հակառակ դեպքում սա կարող է ընտրություններին չմասնակցելու պատճառ դառնալ, հայտարարում է, թե պետք է օրենքը փոխել եւ ստիպել, որ ներկուսակցական ընտրությունները դառնան թափանցիկ եւ այլն։ Մյուս կողմից՝ հենց իր ղեկավարած «Քաղպայմանագիրն» է ոչ թափանցիկ գործում, համագումարին էլ լրագրողներին չեն թողնում ազատ մոտենալ ՔՊ-ականներին, եւ նրանք հատուկ սրահից են հետեւում ընթացքին, իսկ ՔՊ-ի նվիրատվությունների շուրջ վերջին տարիներին լրագրողական հետաքննություններ են արվում, անհայտ նվիրատուներ են բացահայտվում: Նաեւ հակակոռուպցիոն վարույթ է նախաձեռնվում դրանց հետքերով` կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով, բայց արագ կարճվում է։
Ահա, այս ֆոնին հետաքրքիր բացահայտում ենք արել` ուսումնասիրելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում կուսակցությունների հաշվետվությունների բաժինը։ Այնտեղ պարզ երեւում է, որ ՀՅԴ կամ «Ապրելու երկիր» կուսակցությունները լիարժեք տարեկան հաշվետվություններ են ներկայացրել, պատշաճ թվագրումով. 2022 թվականի հաշվետվությանը հետեւում է 2023 թվականինը, ապա՝ 2024-ինը։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2023 թվականի հաշվետվությունը կայքում ներկայացված չէ, եւ 2022 թվականին հաջորդում է միանգամից 2024 թվականի հաշվետվությունը։ Ո՞ւր է կորել այն։ Ինչո՞ւ բազմիցս արծարծված 2023 թվականի տարեկան հաշվետվությունը չպետք է ներառված լիներ հաշվետվություններում։
Այս հարցով դիմեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներից Արամայիս Փաշինյանին, սակայն նա ոչ մի բացատրություն չկարողացավ մեզ տալ։ «Դա իմ ոլորտը չէ, զանգահարեք երկուշաբթի»,- ասաց նա։ Փաստորեն, 2023 թվականի ողջ ֆինանսական շարժը, որում եղել են Երեւանի քաղաքապետի ընտրությունները, նվիրատվություններ, ծախսեր, որի վերաբերյալ բազմիցս մամուլում կասկածներ են հայտնվել, թե նվիրատուների մի մասը հայտնի չէ հանրությանը: Իսկ անդամավճարների մուտքերը, վարձավճարներն ու նվիրատվությունները կուսակցությունը թաքցրել է, չի ներկայացրել Հանձնաժողովին։ Հաշվետվությունները նման «վայրիվերումներով» ներկայացնելը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ ՔՊ-ում չեն կարողանում կամ չեն ցանկանում ճշգրիտ արտացոլել 2023թ․ մուտքերի եւ ելքերի ողջ պատկերը։