Հասարակություն

Թատրոն քանդող, ռաբիս իշխանություն

Թատրոն քանդող, ռաբիս իշխանություն

Թատրոնի մարդկանց սիրում եմ: Յուրահատուկ, բացառիկ մարդիկ են նրանք, այլ իրականության մեջ ապրող, սակայն երբեք իրականության զգացողությունը չկորցնող ու իրականությունից չկտրվող մարդիկ են: Հաճախ եմ զրուցում նրանց հետ ու հատկապես մասնավոր զրույցներում միշտ զարմանում եմ, թե մարդը ամսական 100-120 հազար դրամի դիմաց ինչպե՞ս կարող է նվիրել իր ողջ կյանքը թատրոնին: Մեր երկրում անգամ հանրային տրանսպորտի վարորդները, որ թատրոնի դերասաններից մոտ երկու անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում, երբեմն դժգհում են, որ պայմանները վատն են, որ անհնար է այսպես գոյատևելը, իսկ թատրոնի դերասանները լուռ իրենց գործն են անում, առանց դժգոհելու, առանց տրտնջալու, գրոշներով մի կերպ յոլա են գնում ու շատ հաճախ ստիպված հեռուստասերիալներում ու տարբեր հեռուստածրագրերում են ներգրավվում` օրվա հաց վաստակելու համար: Որևէ առաջադեմ երկրում թատրոնի դերասանն ու հավաքարարը հավասար աշխատավարձ չեն ստանում, սա մեծագույն ամոթ է, անարգանք դերասանի մասնագիտության նկատմամբ: Անկախության տարիները Հայաստանում արվեստի ու մշակույթի համար այդպես էլ նպաստավոր չեղան, այս 30 տարիներին մեզանում արվեստի ոչ մի ճյուղ այդպես էլ առաջ չգնաց, միայն մի շրջան՝ գրական կյանքը ակտիվացավ ու դա էլ անցավ: Իսկ հատկապես կինոյի և թատրոնի ոլորտը անզեն աչքով էլ երևում է՝ ոչ միայն զարգացում չապրեց, դեռ մի բան էլ հետ գնաց: Խոսքն, իհարկե, ֆինանսավորման մասին է: Հիմա թատրոն հաճախողները շատացել են, ներկայացումներ կան, որոնց համար օրեր առաջ պետք է տոմս գնել` նույն օրը հնարավոր չէ:

Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թատրոնների հանդեպ, պարզվեց, սեր չունի: Ավելին` 2018-ից հետո եկած իշխանությունը սկսեց թատրոններ քանդել ու ոչնչացնել: Կյանքի մայրամուտին դերասաններ Գուժ Մանուկյանին ու Լուսինե Կիրակոսյանին Երևանի քաղաքապետարանը հեռացրեց աշխատանքից, 120 հազար դրամ աշխատավարձը նրանց շատ համարելով: Երևի պարգևավճարի փողը քչություն էր անում, Ավինյանը նեղվել էր: Մի քանի թատրոն օպտիմալացնելուց հետո փաշինյանական ռեժիմը սկսեց քանդել նաև Մհեր Մկրտչյան թատրոնը, այն փորձելով դարձնել իշխանական, հետո անցավ Գոյ թատրոնին, հիմա էլ հերթը հասել է Պատանի հանդիսատեսի թատրոնին: 2023 թվականին Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունում հայտնված Տաթև Հովակիմյան անունով մի դերասանուհի, պարզվում է` աչք ունի այդ թատրոնի տնօրենի պաշտոնին: Շատերին էր հետաքրքրում, թե Տաթևը ինչ նպատակով է ավագանու մանդատ ստացել ու որոշել ՔՊ-ական իշխանության մաս դառնալ: Այսօր արդեն այդ հարց ստացավ իր պատասխանը: Մամուլը գրեց, որ նրան են ցանկանում կարգել Պատանի հանդիսատեսի անվան թատրոնի տնօրենի պաշտնում, այն պարագայում, որ նա երբեք այդ թատրոնում չի աշխատել:  Ի՞նչ են այս մարդիկ ուզում թատրոններից: Ի՞նչ են տվել թատրոններին, որ չեն կարողանում ստանալ: Մե՞ղր է թատրոնի տնօրենի պաշտոնի վրա քսած: Միթե՞ ավագանի են դառնում և այդ կարգավիճակը որպես տրամպլին դիտում` մի տաքուկ պաշտոն ստանալու համար: Հերիք է ավերեք թատրոնները: Հանգիստ թողեց արվեստի օջախները և արվեստի մարդկանց:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image