Քաղաքականություն

Ինչպե՞ս է սեպտեմբերի 12-ին ընդդիմությունը «վերադառնալու» խորհրդարան

Ինչպե՞ս է սեպտեմբերի 12-ին ընդդիմությունը «վերադառնալու» խորհրդարան

Ընդդիմությունը սեպտեմբերի 12-ին՝ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկի օրը չի գնա խորհրդարան, բայց դա չի նշանակում, որ այդ օրը ձեռքերը ծալած կնստեն ու ոչինչ չեն անի։ Մենք գրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության անդամների հետ նիստ է արել ու հորդորել է վերադառնալ ԱԺ, սակայն ոչ բոլորն են դրան կողմ եղել։ Դաշինքից մեզ ասացին, որ այս պահին քննարկում են՝ այդ օրը նիստերի դահլիճից դուրս առանձին քննարկում կամ նիստ անցկացնելու հարցը, սակայն թե ինչ ձևաչափով, որտեղ՝ դեռ հստակեցված չէ։

Խորհրդարանական ընդդիմությունը, որը հայտնվել է բարդ իրավիճակում՝ խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու մասով, փորձում է օպտիմալ լուծում գտնել, որ նվազագույն վնասներով ու կորստով դուրս գա այս իրավիճակից։ Դրա համար էլ մտադիր են խորհրդարան վերադառնալ, բայց մասնակի։ ՔՊ-ականների հետ որևէ նախագծի շուրջ քննարկումների մասնակցելը բացառում են, փոխարենը մտադիր են իրենց սեփական նախագծերով մտնել դահլիճ, դրանք ներկայացնել, ելույթներ ունենալ և դուրս գալ, ասենք՝ 24 միլիոն դրամով բանակից ազատվելու վերաբերյալ հարցի շուրջ կամ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը մտցնել օրակարգ։ Մյուս նախագծերի շուրջ քննարկում և «համագործակցություն» բացառում են։ Ընդդիմությունը տրամադրված է նաև մեկնել գործուղումների և մասնակցել միջազգային կառույցներում խորհրդարանական աշխատանքին, համարում են, որ այդ հնարավորությունը չի կարելի բաց թողնել ու զրկվել միջազգային կառույցների առջև Հայաստանում տիրող իրական պատկերը ներկայացնելուց։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ տարբեր սցենարներ են քննարկում այս պահին, մեկ-երկու օրվա ընթացքում պարզ կլինի, թե ինչ են մտածել։ Բայց նիստին հաստատ չեն մասնակցելու։ Իսկ խորհրդարանի շենքո՞ւմ են ինչ-որ բան անելու, թե՞ խորհրդարանից դուրս, Մանուկյանն ասաց․ «Խորհրդարանից դուրս, ենթադրում եմ»։ Նա նաև ասաց, որ այս ամենը իրենք մշակում են «Պատիվ ունեմ» խմբակցության հետ համատեղ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image