Դեռ Ամանորի նախաշեմը չի մոտեցել, բայց առեւտրային վայրերում արդեն սկսվել է ճայթուկների, այսպես կոչված՝ բոմբերի վաճառքն անչափահասներին: Դպրոցականները տունդարձի ճանապարհին անպայման «բոմբեր» են գնում եւ պայթեցնում՝ խաթարելով Երեւանի անդորրը: Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել դիվադադար եղած երեւանցիներից, որոնք սրտի տարատեսակ արատներ ունեն, առողջական խնդիրներ կամ մանկահասակ երեխաներ, կամ էլ կենդանիներ, որոնք, այսահարված, փախչում են պայթուցիկի ճայթյուններից:
«Ինչքան գիտեմ, օրենքով այդ պայթուցիկները չի կարելի այդպես ազատ վաճառել։ Իսկ ինչո՞ւ են այդպես ամեն քայլափոխի վաճառվում։ Սարսափելի է ե՛ւ մարդկանց, ե՛ւ կենդանիների համար։ Ամբողջ օրը հանգիստ չունենք պայթյուններից։ Խնդրանքս. պետք է այս հարցը կտրուկ լուծել, որովհետեւ մարդկանց առողջությանն էլ է վերաբերում»,- գանգատվում է Հասմիկ Երեմյանը։ Աստղիկ անունով ՖԲ օգտատերն էլ գրում է «Հրապարակին». «Մարդ չի կարողանում տանը երեխա քնեցնի: Ո՛չ հանգիստ, ո՛չ դադար ունի իր տան մեջ: Մեզ մոտ արդեն սկսվել են պայթյունները, ու որ ասում ես էլ երեխաներին՝ մի արեք, ծնողները վրա են տալիս, թե խի՞ ես խոսում, ուզում են, անում են»:
«Տոներին բոլոր խանութներում, փողոցներում, «Սուրմալու», «Փեթակ» տոնավաճառում բոմբերը վաճառում են: Էլ ո՞րն ասենք: Եթե անկեղծ ասեմ, ես՝ ինքս, վախենում եմ փողոց դուրս գալուց»,- պատասպանում է մեզ Գոգա Ն․-ն: Երեւանցի Նինել Նազարյանն էլ գրում է մեզ. «Բոլոր տեղերում էլ վաճառում են, ամենավատ բանն է ե՛ւ երեխաների, ե՛ւ կենդանիների համար: Քանի դեպք է գրանցվել, բայց մեկ է, տգետի պես բերում ու բերում են՝ իրենց փողի համար: Եթե վերահսկողությունը խիստ լինի, մի քանի միլիոն տուգանք սահմանեն, էլ չեն բերի: Մեր ժողովրդին մենակ տուգանքով կարելի է բան հասկացնել, ուրիշ ձեւ չեն հասկանում»:
«Խայտառակություն է։ Նորից պետք է արգելել այդ ճայթուկները։ Մեր շենքից մի երեխու մատն էր դրանից պոկվել ընկել»,- գրում է Հասմիկ Պոշոտյանը։ Մեկ այլ կին էլ՝ Պայծառ Միսակյանը, պատմում է, որ հարեւաններից մեկի երեխայի աչքն է վնասվել պետարդի պայթյունից: ««Էրեբունի մոլ» հանրախանութի դիմաց վաճառում են: Երեկ մի տարեկան երեխաս քնից վեր թռավ էդ անտերի ձենից: Պետք է արգելեն, ինչպես Եվրոպայում արգելեցին»,- նշում է նա:
«Ամեն տեսակի բոմբեր էլ ունեմ: Ամեն տեղ էլ կա, «Սուրմալու», «Փեթակ», ես չգիտեմ, որ արգելված ա, թող արգելեն, ես չեմ վաճառի»: Շիրակի 3 հասցեում գտնվող խաղալիքների խանութում ասացին, որ «բոմբեր» կան կողքի ծաղկի սրահում: Ծաղկի սրահի վաճառողն էլ ասաց, որ դեռ չունի, բայց ամանորից առաջ բերելու է: Մեր հորդորին, որ չի կարելի դրանք երեխաներին վաճառել, նա արձագանքեց, թե ինքը լավ էլ վաճառելու է, ունի լիցենզիա: «Ինչ ուզում եք՝ արեք, մեկ ա, ծախելու եմ»,- ասաց երիտասարդը:
Արգելվա՞ծ է արդյոք կենցաղային պայթուցիկի վաճառքը եւ ո՞ր ակտով: Պետական մարմիններն իրար վրա էին գցում այս հարցի պատասխանը: Շուկայի վերահսկողության եւ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինները «թեմայի մեջ չէին», մեզ ուղղորդեցին Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին: Այս մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը մեզ պատասխանում է. «Հատուկ նշանակության հրավառության նյութեր եւ կենցաղային նշանակության նյութեր, այն, որ երեխաներն են պայթեցնում, դրանց մասով կա անչափահասներին չվաճառելու արգելք: Վերահսկողությունն իրականացնում է ներքին գործերի նախարարությունը: Եթե ոստիկանությունն ունի փաստեր, որ տվյալ խանութը ճայթուկներ է վաճառել անչափահասին, դրանց վերաբերյալ վարչական վարույթ են հարուցում»:
ՆԳ նախարարությունից պատասխանեցին, որ դա այդպես չէ: «Դա վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության խնդիր է: Հոդված 219․1-ով վերահսկողությունը տարածքային կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների տիրույթում է»,- պատասխանեցին ՆԳՆ լրատվականից: Նշանակում է՝ Երեւան քաղաքի դեպքում անչափահասներին վաճառելու արգելքը պետք է վերահսկի Երեւանի քաղաքապետարանը: Մենք կլսենք, իհարկե, նաեւ քաղաքապետարանին, որը, ակնհայտ է, չի իրականացնում իր գործառույթը: Ի՞նչ են մտածում այս ամենի մասին առողջապահության նախարարությունում, չէ՞ որ թիրախում երեխաների առողջությունն է: Այնտեղից հայտնեցին, որ «թեմային չեն տիրապետում»: Այն դեպքում, երբ դեռ 2020 թվականին առողջապահության նախարարությունն օրենքի նախագիծ էր մշակել, որով արգելվելու էր ճայթուկների վաճառքը։ Նախատեսվում էր փոփոխություններ կատարել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում։ Ճայթուկ ասելով` հաշվի են առնվելու այն բոլոր պայթուցիկները, որոնք թելային գլանակ ունեն, եւ որոնց ծայրին այրման համար հատուկ քսուկ կա:
«Եթե օրենքի ընդունումից հետո որեւէ խանութ ճայթուկ վաճառի, կպարտավորվի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով տուգանք վճարել»,- զգուշացնում էր նախարարությունը, իսկ այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ՖԲ էջին նույնիսկ անչափահասի՝ պայթյունից ջնջխված մատների ռենտգեն նկար էր տեղադրել: Մատները կորցրած երեխայի լուսանկարը շրջում էր մամուլում, եւ վիճակագրություն էր հրապարակվում, որ ամանորյա տոներին ճայթուկներից 95 մարդ է մարմնական վնասվածքներ ստացել, որոնց թվում՝ 40 երեխա: Առողջապահության եւ աշխատանքի հարցերով տեսչությունից պատասխանեցին, որ պայթուցիկի վաճառքի հարցն իրենց հսկողության տիրույթում չէ, շուկայի վերահսկողության տեսչական մարմնից՝ նույնը: Խնդրին, ինչպես նաեւ գալիք ամանորի դժբախտ պատահարների վիճակագրությանը, կշարունակենք հետեւել: