«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ տասնյակ ՍՊԸ-ներ դատական հայցեր են ներկայացրել պաշտպանության նախարարության դեմ: «Գառնի-Լեռ գիտաարտադրական միավորում» ԲԲԸ-ի, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության, «Արագած» ՍՊԸ-ի, «Եվրոասֆալտ ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի, «ԼՏ Պիրկալ» ՓԲԸ-ի, «ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Է-Հայք» ՍՊԸ-ի, «Ռաբբեր ընդ հայվեյ» ՍՊԸ-ի ներկայացրած հայցերի մասին Դատալեքսում տեղեկատվությունը փակ է: Փորձեցինք մի քանի ՍՊԸ-ից իմանալ, թե ինչ հայցով են դատարան դիմել:
«Էլ Թեք Քոմփ» ՍՊԸ-ն, որը հայկական տեխնոլոգիական ընկերություն է, հիմնադրվել է 2010 թվականին, մասնագիտացված է էլեկտրոնային սարքավորումների նախագծման, արտադրության եւ վաճառքի ոլորտում, դատական հայց է ներկայացրել ՊՆ-ի դեմ: Ընկերության տնօրեն Սուրեն Ավագյանը մեզ հետ զրույցում չմանրամասնեց, թե ինչ հայց են ներկայացրել. «Եկեք՝ այս հարցին չպատասխանեմ»: Իսկ ո՞վ կպատասխանի։ «Այդ հարցով Ձեզ ոչ ոք չի պատասխանի, բացի ինձնից»: Մենք ինֆորմացիա ունենք, որ տասնյակ ՍՊԸ-ներ ՊՆ-ից գումարի պահանջով դատարան հայց են ներկայացրել, Դուք նույնպե՞ս։ «Բնականաբար, գումարի պահանջ եւս կա, ավելի ոչինչ չեմ կարող ասել, բերեք՝ ես չմանրամասնեմ, քանի որ փակ դատական գործ է»:
«Արագած» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ռազմական եւ պաշտպանական տեխնիկայի արտադրությամբ, եւս դիմել է դատարան: Ընկերությունից մեզ ասացին. «Միայն գումարի պահանջ չէ, այստեղ ուրիշ խնդիր է, մեր պահանջը չեղարկել են, ստրուկտուրա են փոխել, դրա պատճառով ո՛չ մենք ենք կարողացել հանձնել, ո՛չ էլ իրենք՝ ընդունել: Բոլորի հետ է այդ խնդիրը, դա կառավարությունն է փոխել: Շատ բան չեմ կարող Ձեզ ասել, ուղղակի՝ մի հիմար քարը գցել է փոսը, հազար հոգի չեն կարող հանել․ այդ սկզբունքն է գործում, մնացած մանրամասների համար դիմեք ՊՆ, ավելին չենք կարող ասել»:
Ի դեպ, Սուրեն Պապիկյանի ղեկավարած կառույցում դժգոհությունների ալիք է բարձրանում: Մի կողմից՝ նախարարն իր իսկ արձակած հրամանը չի կատարում, եւ նախկին սպաներն ու զինվորականները դատական հայցեր են ներկայացրել նախարարի դեմ: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր էլ անմիջական դիմում են նախարարին՝ տարբեր հարցեր բարձրացնելով: Օգտատերերից մեկը գրել է. «Պարոն Պապիկյան, ինչո՞ւ է պայմանագրային զինծառայողների գումարը պակաս գալիս՝ այն դեպքում, երբ Դուք խոստացել էիք մայիսից տալ չվճարված գումարները»: Սերինե Կիրակոսյանը գրում է. «Նախ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը նորմալ տվեք։ Արդեն յոթ ամիս է՝ հատուկ զորքի գումարները չեք տալիս: Միայն Դուք եւ Ձեր երեխանե՞րն են ապրել ուզում: Այդ աշխատող տղաներն էլ են ընտանիք պահում՝ իրենց կյանքի ու առողջության հաշվին, հերիք է ժողովրդին հիմարի տեղ դնեք»։ Հասմիկ Սաֆարյան. «Աշխատավարձերը վերանայեք, վարորդները 120 հազար դրամ են ստանում»: Կարինե Մխիթարյան. «Պարոն նախարար, Դուք ինչո՞ւ չեք հետաքրքրվում այն զոհված զինծառայողների ընտանիքներով, որոնց թոշակներն այսքան տարի չեն փոփոխվել, մենք ստանում ենք 30 000 դրամ»: