Նոր Նորքի Գայի պողոտա 45/6 հասցեում երեխաների խաղահրապարակի տարածքում բազմահարկ շենք է կառուցվելու: Այս հարցի հետ կապված առաջին հանրային լսումը Նոր Նորքի թաղապետարանում անցավ թեժ մթնոլորտում, քանի որ ներկա էին թե՛ բնակիչները՝ իրենց փոքրիկների հետ, թե՛ կառուցապատողը՝ իր թիմով, եւ թե՛ ներկայացուցիչներ` քաղաքապետարանից ու թաղապետարանից:
Պարզվում է` այս տարածքը համեղ պատառ է կառուցապատողների համար, եւ մինչ այս` վերջին 20 տարում եւս 5 կառուցապատող ցանկացել է այս տարածքում բազմաբնակարան շենք կառուցել: Սակայն բնակիչների համառ պայքարի արդյունքում նախկին իշխանությունների կողմից շինթույլտվություն չի տրվել, եւ շենքեր չեն կառուցվել: Առավել հետաքրքրական է, թե ինչպես է ժամանակին այդ տարածքն օտարվել:
Բնակիչներից մեկը պատմեց, որ այդ տարածքը դեռ 2007-ին օտարվել է մի սիմվոլիկ գումարով` 46 հազար 200 դրամով. «Մինչեւ հիմա դա որեւիցե ձեւով բացահայտվե՞լ է, 46 հազար դրամով մի հատ տրուբա չես կարող առնել այդ տարածքում... եւ այդ տարածքն այս տարիների ընթացքում ձեռքից ձեռք է անցել, ու հայտնվել է նոր սեփականատեր, որն ուզում է բազմաբնակարան շենք սարքել: Այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, որոնք պետք է բացահայտվեն: Մեր թաղապետարանն ու քաղաքապետարանը պարտավոր են բացահայտել այդ կոռուպցիոն սխեման, տարածքը երբ օտարել են մեզնից, մեր կարծիքը հաշվի չեն առել, հիմա մենք էլ պահանջում ենք` ոնց վաճառել եք, գնացեք հետ գնեք, սեփականատիրոջ հետ լեզու գտեք, միլիոններ ծախսեք, եթե պետք է, ու հետ տվեք մեզ մեր տարածքը, որ երեխաների համար խաղահրապարակներ կառուցենք»:
Բնակիչներից Լիլիթ Թադեւոսյանը տարակուսեց, թե ինչպես են ստացել այս շինթույլտվությունը, ինչ փորձաքննություն է անցել, քանի որ «նվազագույնը 40 տոկոսը պետք է լինի կանաչապատ գոտի, մինչդեռ երեխաներին զրկում են միակ խաղահրապարակից ու կանաչ գոտուց, որը շրջակա 14 շենքերի համար միակն է։ Դրա դեմդիմաց դպրոց է, որն ունի մի հատ փոքրիկ անվտանգության ուղի, որը նույնիսկ 6 մետր էլ չէ, իսկ, անվտանգության նորմերի համաձայն, պետք է հրշեջ մեքենան մոտենա նվազագույնը 6 մետրի դեպքում: Ու եթե այդտեղ մի մեքենա ուզում է այդ դիքը բարձրանալ, 2-րդը չի կարող բարձրանալ, ու կողքը կա մեծ մանկապարտեզ, դպրոց, երաժշտական դպրոց: Չկան մայթեր, մինչդեռ, քաղաքաշինության եւ ճանապարհաշինության նորմերի համաձայն, համայնքապետարանը պարտավոր է կառուցել նվազագույնը մեկուկես մետր լայնության մայթեր, քանի որ շուրջբոլորը դպրոց, մանկապարտեզ է»:
Հանրային լսմանը ներկա էր նաեւ քաղաքապետարանի էկոլոգը, որը ողջ ընթացքը տեսաձայնագրում էր` արձանագրություն կազմելու համար: Նրանից բնակիչները հետաքրքրվեցին, թե այս պարագայում ում շահերն է պաշտպանում։ «Եթե այդ տարածքն իրենցն է, ու ուզում են այդտեղ շենք սարքել, պետք է պարզենք՝ այդ շենքը սարքելուց կառուցապատողն օդը, հողը, ջուրը աղտոտո՞ւմ է, թե՞ ոչ....»։ Այս արտահայտությունը բուռն վրդովմունքի ալիք բարձրացրեց՝ մի՞թե էկոլոգի համար ակնհայտ չէ, որ շենքի կառուցումից տուժելու են ոչ միայն հողը, ջուրը, օդը, այլեւ կանաչապատ տարածքները, երեխաների խաղահրապարակը:
Ինչպես պատմեցին բնակիչները, դեռ դեկտեմբերին սեփականատերը «կամազ»-ներով եկել եւ տարածքը մաքրել է։ Այդ ժամանակ տեղի ունեցած հարցուփորձից հետո բնակիչները հասկացել են, որ այստեղ մեծամասշտաբ շինարարություն է իրականացվելու։ «Դրանից 6 ամիս առաջ էլ մեր հարակից տարածքում ծառահատում կատարվեց, ու ոչ մի բնապահպան չեկավ, բայց մենք եկանք ու հենց այս սենյակում ձեզ ներկայացրինք, որ ապօրինի ծառահատում է եղել, ու չի եղել ո՛չ թաղապետարանի ներկայացուցիչ, ո՛չ բնապահպան..., ինչ-որ մեկը կտրեց այդ տարածքի ծառերը, ու այդ մասով ո՛չ գործ հարուցվեց, ո՛չ հայտնաբերվեց, թե ով արեց դա, ավելին` ծառերն էլ չորացնում են, որ կտրեն թափեն, այսինքն՝ հող են նախապատրաստել մարդկանց համար, որ այսօր գան ու այդտեղ շինարարություն անեն: Ու այս ամենը՝ դիտավորյալ, կոռուպցիան հենց այստեղից է սկսվել` քաղաքապետարան-թաղապետարանից, մենք այդ կարծիքին ենք»,- վրդովված նշեց բնակիչներից մեկը:
Ներկաներից մեկը նկատեց, որ ճարտարապետական նախագիծն անգամ անզեն աչքով դիտելիս երեւում է, որ այս տարածքում ոչ մի կանաչ գոտի չկա: Մինչդեռ իշխանական թիմի բոլոր նախընտրական ծրագրերում մեծ տառերով ՔՊ թիմը կարեւորել էր բակերի կանաչապատման, մանկական խաղահրապարակների հարցը, բայց իրականում այլ բան ենք տեսնում:
Եղան մարդիկ, որ ավելի էմոցիոնալ գտնվեցին եւ նշեցին, որ եթե որեւէ մեքենա մտնի այդ տարածք, ջարդելու են։ «Մեզ հանցագործության մի դրդեք, թույլ չենք տալու, որ այդտեղ շենք կառուցեք»,- զգուշացրեց մեկ այլ բնակիչ:
Մեկ ուրիշն էլ նկատեց՝ ինչպես հասկանանք, երբ վարչապետը ողջ օրը հեծանիվ է քշում, առողջ ապրելակերպ քարոզում, իսկ մասնավոր կառուցապատողը 14 շենքից խլում է միակ խաղահրապարակը. «Մենք որտե՞ղ հեծանիվ քշենք, ուրեմն վարչապետին համապատասխան փաստաթղթեր կգնան, որ ամբողջ միկրոշրջանի երեխաներին զրկում եք առողջ ապրելակերպից»:
Խոսեց նաեւ այս նախագծի ճարտարապետը, որը մասնավորապես նշեց, որ կառուցապատողն ունի սեփականության թույլտվություն, իսկ տարածքն էլ ունի բնակելի կառուցապատման նշանակություն, հետեւաբար՝ կարելի է բազմաբնակարան շենք կառուցել։ «Տարածքի նշանակության խնդիրը դուք պետք է քննարկեք ոչ թե կառուցապատողի, այլ՝ պետության հետ»,- նշեց նա ու նկատեց, որ բնակիչների հետ զրույցում հասկացել է, որ տարածքում խնդիրները շատ են` խոնավ նկուղներից մինչեւ շենքերին մոտենալու (հրշեջ, շտապօգնության, փրկարար ծառայությունների) հնարավորության բացակայություն, բայց, այդքանով հանդերձ, նախագծել են մի մեծ շենք, որը նախատեսված է կառուցել 4 ստորգետնյա, 18 վերգետնյա հարկերով, տարածքի ամբողջ մակերեսը կազմում է 2.298 քմ, որից 40 տոկոսը՝ կառուցապատում, 40 տոկոսը՝ կանաչապատում, ըստ կառուցապատողի ներկայացուցչի՝ շենքերի միջեւ սահմանված հեռավորությունը պահպանվում է։
«Ունենք նախնական նախագծման թույլտվություն, որը ստացել ենք, դրանից հետո ստացել ենք նաեւ միջանկյալ համաձայնեցման ծրագիր, որն էլի ներկայացրել ենք քաղաքապետարան եւ ստացել ենք սկզբում բացասական եզրակացություն, հետո՝ որոշակի շտկումներից հետո, ստացել ենք դրական եզրակացություն, ինչը կապված էր պարկինգի մոտեցումների հետ»,- նշեց նա ու հավելեց, որ շենքի մուտքը լինելու է երաժշտական դպրոցի մոտից, ինչը մեկ անգամ եւս կրքեր բորբոքեց, քանի որ դա եւս լրացուցիչ խախտում է:
Այդուհանդերձ, ո՞վ է որոշել, որ 4-րդ զանգվածի այդ միակ չբնակեցված տարածքում պետք է բազմաբնակարան շենք կառուցել։ Ծրագրի ճարտարապետը պարզաբանեց, թե քաղաքի գենպլանով է դա որոշված. «Պետության տված նշանակության համաձայն՝ մենք իրավունք ունենք ներկայացնելու նման ծրագիր»:
«Պատռեք գցեք այդ նախագիծը, մեզ դա չի հետաքրքրում, թե քանի հարկանի շենք եք նախագծել, այդտեղ շենք չի լինելու, մենք թույլ չենք տալու»,- միաբերան նորից վանկարկեցին բնակիչներն ու առաջ քաշեցին հարակից բոլոր շենքերի բնակիչների ստորագրությունները, որոնք դեմ են այդ կառուցապատմանը, քանի որ դա բնակիչների ու երեխաների համար նաեւ սեյսմիկ, անվտանգային խնդիրներ է ստեղծելու։ «Եթե մինչեւ 2018-ը մեզ լսում էին, հիմա՝ 2018-ից հետո, ժողովրդական վարչապետն այլեւս թքած ունի մեզ վրա»,- տեղից ընդվզեց մի կին:
Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցներից Արտակ Բաբայանը նշեց, որ նախկինում էլ են եղել նման դեպքեր, եւ, որպես լուծում, հողի փոխանակում է արվել` հանրային շահը պահելու համար, մեկը հենց Տիգրան Մեծի այգու տարածքն է՝ Նոր Նորքում․ «Ես նույնպես առաջարկում եմ, որ քաղաքապետարանի կողմից հողի փոխանակում արվի, որ մարդիկ չբողոքեն, քանի որ մոտեցումը շենքերին շատ նեղ է, եւ մեծ խցանումներ են առաջանում, այդ թվում՝ պարկինգից դուրս»։ Նշեց, որ նույն խնդիրներն ինքն էլ է արձանագրել, քանի որ այդ տարածքի բնակիչ է, եւ ճանապարհները, շենքերին մոտեցմանհնարավորությունները շատ նեղ են:
Շենքի սեփականատերը` Սամվել Սահակյանը, որ ողջ ընթացքում լուռ էր, քննարկման վերջում նշեց, որ պետությունից է կախված հարցի լուծումը։ Իսկ ինքն արդյո՞ք հակված է տարածքի փոխանակման տարբերակին։ Նշեց, որ մինչ այս չէր մտածել դրա մասին, բայց պետք է մտածեն եւ դիտարկեն նաեւ այդ տարբերակը:
Նկատենք, որ Նոր Նորքի Գայի պողոտա 45/6 հասցեում կառուցվելիք շենքի հարցն առաջիկայում կքննարկվի նաեւ ավագանու փետրվարի 11-ի նիստում, որտեղ կներկայացվեն բնակիչների, կառուցապատողի դիրքորոշումն ու կարծիքները: