Քաղաքականություն

Մնում է, որ ընդդիմությունն այս անգամ եւս բաց չթողնի շանսը

Մնում է, որ ընդդիմությունն այս անգամ եւս բաց չթողնի շանսը

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային. «Ամենայն հարգանքով կոչ եմ անում ձեզ՝ չդառնալ Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորներ։ Տեղի ունեցող գործընթացները չեն համապատասխանում Եվրոպական Միության հիմնադիր փաստաթղթերին, մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքներին, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Եվրոպական Միության նկատմամբ»: Այս տողերը վկայում են, որ Էդմոնը երկրորդ Նիկոլը չէ, եւ լավ կլինի, որ ընդդիմությունը փոխի նրա հանդեպ իր վերաբերմունքը: 
Ինչ վերաբերում է հենց Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ Անտոնիու Կոշտային, ապա շատ լավ կլիներ, եթե մենք չունենայինք դրանց նամակ գրելու կարիք: Դժբախտաբար, Հայաստանը ո՛չ Ռուսաստան է եւ ո՛չ էլ Չինաստան, որ թքած ունենանք վերը նշված եվրապաշտոնյաների վրա: Որովհետեւ դրանց հետ առնչվելը մեզ միայն դժբախտություն է բերել: Այդպես էր թե՛ 100 տարի առաջ (թանգարանային նմուշի արժեք ունեցող Սեւրի պայմանագիրը) եւ թե՛ 2-3 տարի առաջ, երբ նրանց հովանավորությամբ Արցախը կորցրինք: 

Նաեւ չէի կարծում, որ կգա մի օր, որ ես կօգտագործեմ ««Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան» արտահայտությունը, բայց արդեն որերորդ անգամ Էդմոնն իր գործով ապացուցում է, որ, չնայած ժամանակին վարչապետի չգիտեմ ինչ դեսպանը լինելուն, իր համար առաջնային են իր դավանած արժեքները, ինչը նշանակում է, որ ինքը, այնուամենայնիվ, կարող է օգտակար լինել մեր երկրին: Ի դեպ, սա նման է 2023-ին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու դիլեմային: Բոյկոտը, վստահաբար, ոչինչ չէր տալու ընդդիմությանը, իսկ մասնակցությունը ՔՊ-ականներին ավագանիում դարձրեց փոքրամասնություն, ինչը քարոզչական նպատակներով օգտագործվում է մինչ այսօր: 

Անցնենք նամակում առկա մի դրվագին, ինչն ինձ զարմացրեց: Մարուքյանը գրում է, թե իմպիչմենտի գործընթացի շրջանակներում «Միքայել սրբազանը խորհրդարանական ընդդիմության միասնական վարչապետի թեկնածուն է եւ ունի 36 պատգամավորի ստորագրություն»: Անկեղծ ասած, սա ինձ համար նորություն էր: Չէ, նորություն չէր այն, որ Մարուքյանն իր փոխարեն առաջարկել էր Սրբազանի թեկնածությունը, ինչին, ի դեպ, ես եւս կողմ եմ եղել: Բայց խնդիրն այն էր, որ Միքայել Սրբազանը հրաժարվել էր ընդունել այդ առաջարկը, եւ երկրորդ, ընդդիմությունը ոնց որ թե ճիշտ չէր կողմնորոշվում այդ հարցում: Իսկ Էդմոնի նամակից տպավորություն ես ստանում, որ դա հաստատված իրողություն է, եւ դրան էլ պետք է հետեւի այն պաշտոնապես ԱԺ ներկայացնելը: Եթե դա իրոք այդպես է, ապա ենթադրում եմ, որ ընդդիմությունը սպասում է շոգերն ընկնելուն, որպեսզի ապահովվի դրա փողոցային աջակցությունը: Մնում է, որ այդ գործընթացին զուգակցվի գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի կողմից քաղաքական ուժ ձեւավորելու գործընթացը, ինչն արդեն հայտարարվել է վերջինիս կողմից: Եթե դա էլ տեղի ունենա, ապա այն կարող է գեներացնել իշխանափոխության ռեալ հնարավորություններ դեռ մինչեւ 2026-ի հունիսի խորհրդարանական ընտրությունները: Մնում է, որ ընդդիմությունն այս անգամ եւս բաց չթողնի շանսը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image