Օրեր առաջ մի խումբ ուսանողներ կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել ՀՀ նախագահին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ: Մասնավորապես, հանրագրով պահանջում էին թվարկել համապետական, համազգային շահերը, որոնցով առաջնորդվում է ՀՀ նախագահը, եւ հստակեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը` որպես համապետական եւ համազգային շահ։
Հանրագրին միացել էին թե՛ ԵՊՀ-ի, թե՛ Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ թե՛ հայ-ռուսական համալսարանի ուսանողներ։ Պարզվում է՝ նախագահին ուղղված ուսանողության հանրագիրը դուր չի եկել Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանին։ Այս առնչությամբ Հայ-Ռուսական համալսարանի ուսանողները հայտարարություն էին տարածել, որտեղ մասնավորապես նշված էր․ «Վերջին շրջանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության՝ որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ, մեծ տարընկալում են առաջացրել հասարակության շրջանում։ Այդ իսկ պատճառով ս․ թ․ փետրվարի 12-ին մի խումբ նախաձեռնող անձինք, որոնց թվում էին նաեւ Հայ-Ռուսական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ, կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ։
Ցավոք, գիտական կոչում ունեցող որոշ ղեկավարներ եւ պաշտոնյաներ այդ պահանջին չմիացան, ավելին՝ փորձեցին իրենց տիրույթում զրոյացնել հանրային կոչը։ Այդ շարքերում է նաեւ Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը։ Պարոն Սանդոյանը վախենում է, երբ առաջանում է բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրության կենտրոնում հայտնվելու թեկուզ տեսական «ռիսկ»։ Այդ իսկ պատճառով նա մի քանի օր առաջ պահանջել է իրեն ներկայացնել 10-ից ավելի ուսանողների, ինչպես նաեւ՝ ամբիոնի վարիչ Արթուր Ղամբարյանի անձնական գործերը։ Իսկ ահա փետրվարի 17-ի ռեկտորատի նիստի ժամանակ հայտարարեց, որ խստորեն պատժելու է այն անձանց, ովքեր հանրային տիրույթում հանդես են գալիս որեւէ հայտարարությամբ։ Առավել անընդունելի էր իր պահանջը՝ առհասարակ որեւէ հանրային կարծիք հայտնելուց առաջ այն նախապես համաձայնեցնել իր հետ։ Նման մոտեցումը մենք՝ ուսանողներս, խիստ դատապարտում ենք եւ պահանջում ենք ռեկտորից՝ որեւէ կերպ չմիջամտել հանրային կարծիքի կամ պահանջի հայտնմանը եւ հարգել ՀՀ քաղաքացիների ազատ արտահայտվելու անքակտելի սահմանադրական իրավունքը»։ Ցավոք, Էդվարդ Սանդոյանն անպատասխան թողեց մեր զանգերը, եւ մենք չկարողացանք նրա տեսակետը լսել։
Քաղաքական գիտությունների թեկնածու, Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն ասում է՝ առաջին անգամ, երբ կարդացել է այդ հայտարարությունը, հույս է ունեցել, որ ճիշտ չէ, բայց քանի որ հայտարարությունը Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներն են տարածել, ուղղակի ցավում է այդ իրավիճակի համար․ «Ու այդ ռեկտորի ճակատին պետք է դրվի խարան, որ, լինելով բուհի ղեկավար՝ ռեկտոր, առաջինն ինքը պետք է պաշտպաներ ուսանողների ակադեմիական ազատությունը, ես ուղղակի ամաչում եմ իր փոխարեն։ Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում տիրում է բռնապետություն՝ Նիկոլի բռնապետությունը, որտեղ ինչ եւ ոնց ուզում, մարդու իրավունքը, խոսքի ազատությունը ոտնահարում են։ Սա նաեւ ուսանողական ինքնավարության խնդիր է, եւ որպես ուսանողական ինքնավարության մեջ որոշակի ներդրում ունեցած մարդ՝ ես պատրաստ եմ լինել այդ ուսանողների կողքին եւ ցանկացած հարցում աջակցել՝ թե՛ իրավական եւ թե՛ հետագայում ծագող այլ հարցերում։ Նորից եմ ասում՝ շատ ամաչում եմ իրենց փոխարեն, այդ մարդիկ թող շատ լավ իմանան, որ Փաշինյանը եւ նրա թիմը վաղ թե ուշ գնալու են, իսկ դա շատ շուտ է լինելու, ես համոզված եմ դրանում, իսկ իրենք ամաչելու են փողոցում քայլել»։
Այս միջադեպը, ըստ Ց․ Ակոպյանի, բոլոր հնարավոր ազատությունների՝ ակադեմիական, ուսանողական եւ, ընդհանրապես, մարդու իրավունքների տեսակետից, ոտնահարում է․ «Եվ եթե մենք իրոք ունենք հանրապետության նախագահ, ինչի հարցում արդեն կասկածում եմ, առաջինը հենց ինքը՝ որպես Սահմանադրության երաշխավոր, պետք է սրա մասին բարձրաձայնի, հատկապես որ հանրագիրն էլ հենց իրեն է ուղղված եղել, եւ համապատասխան մարդիկ համապատասխան պատիժ կրեն։ Բայց քանի որ ապրում ենք Նիկոլի Հայաստանում, համոզված եմ, որ դա չի լինելու, ու հերթական անգամ կատարվածը մարսելու են, բայց նաեւ համոզված եմ, որ ապագայում ամեն ինչի համար բոլորն էլ պատասխան են տալու, չի կարող ուղղակի այլընտրանք լինել»։
Ինչո՞վ է բացատրում ՀՀ նախագահի լռությունը, ի վերջո՝ նրան հանրային խնդրագրով դիմել են բոլոր բուհերի ուսանողները։ «Ե՛վ կատարածու է, ե՛ւ դիրքորոշում չունի, որովհետեւ իրենք անհատներ չեն՝ մեկ անձից են կախված։ Այդ մեկ անձն էլ երբ որոշի, մեկ sms-ով կազատի իրենց աշխատանքից, դրա համար իրենք չեն ուզում այդ վոթսափյան sms-ը ստանան։ Դա է պատճառը, ու սա պարագլխի ղեկավարությամբ ստեղծված ռեժիմի արդյունք է, երբ համատարած վախի միջոցով փորձում են մարդկանց վախեցնել, նման կերպ իշխել, բայց հասարակությունը հասկանում է, եւ տարբեր հետազոտությունների արդյունքներից տեսնում ենք, թե ինչ տիպի է գահավիժել իրենց ռեյտինգը, ու սա իրենց որեւէ լավ տեղ չի տանելու»։
Ակոպյանն ընդգծում է, որ նախկինում չի եղել նմանօրինակ մի դեպք, երբ համազգային կարեւորության հարցի բարձրաձայնումն այսկերպ ընդունվի ու պախարակվի բուհի ռեկտորի կողմից․ «Միանշանակ կարող եմ ասել, որ չի եղել նման դեպք, ես 4 տարի ղեկավարել եմ ամենամեծ ուսանողական մարմինը՝ երիտասարդական կառույցը, մենք ում ուզել՝ քննադատել ենք, նույնիսկ ռեկտորին ենք քննադատել՝ ամենասուր ձեւով, եւ որեւիցե մեկիս հասցեին նման՝ բռնատիրական վերաբերմունք չի եղել, ու նորից եմ ասում՝ սա կարող է լինել միայն Նիկոլի՝ ժողովրդավար հռչակած Հայաստանում»։