Այլ

Վաղարշակ Հարությունյանը որոշել է չմասնակցել

Վաղարշակ Հարությունյանը որոշել է չմասնակցել

Վաղարշակ Հարությունյանը որոշել է չմասնակցել այսօրվա բանավեճին եւ ուղերձ է հղել ընտրողին

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր ձեզ դիմում եմ ոչ որպես թեկնածու, ոչ որպես գեներալ և ոչ էլ որպես նախկին նախարար։

Դիմում եմ ձեզ որպես մարդ, որն ամբողջ կյանքում ծառայել է Հայաստանի Հանրապետությանը։

Տեսել եմ մեր երկիրը հաղթանակների ու ձեռքբերումների տարիներին, տեսել եմ նաև ծանրագույն փորձությունների օրերին։ Տեսել եմ մայրերի, որոնք հայրենիքի պաշտպանության համար զոհաբերել են իրենց որդիներին։ Տեսել եմ զինվորների, որոնք մինչև վերջին շունչը պատվով ու արժանապատվությամբ կատարել են իրենց պարտքը։ Տեսել եմ մարդկանց, որոնք, անկախ դժվարություններից ու անելանելի վիճակներից` չեն կորցրել հավատը իրենց հայրենիքի հանդեպ։

Այսօր ուզում եմ մի հարցի պատասխանենք. ի՞նչ Հայաստան ենք թողնելու մեզնից հետո։

Տարիներ անց սերունդներին չի հետաքրքրելու, թե ով հաղթեց որևէ բանավեճում։ Նրանք չեն հարցնելու, թե ով ավելի գեղեցիկ խոսեց կամ ով էր ավելի համոզիչ քաղաքական վեճերի ընթացքում։

Նրանք մեզ հարցնելու են` ի՞նչ արեցիք դուք Հայաստանի համար, երբ այն ձեր կարիքն ուներ։ Մտածենք այս մասին։


Ես հավատում եմ մեր ժողովրդին։
Հավատում եմ մեր երիտասարդությանը։ Հավատում եմ մեր երեխաներին և մեր ապագային։

Հավատում եմ, որ մենք կարող ենք սերունդներին թողնել մի երկիր, որտեղ անվտանգությունը բնական իրողություն է, ոչ թե հեռավոր երազանք։ Մի երկրում, որտեղ երիտասարդները իրենց ապագան կառուցում են հայրենիքում, որտեղ ավագ սերունդը շրջապատված է հարգանքով և հոգատարությամբ, և որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հպարտությամբ ասել. «Սա իմ երկիրն է»։

Քաղաքական գործիչները գալիս ու անցնում են։ Մնայուն արժեքը հայրենիքն է։

Հենց այդ պատճառով էլ որոշել եմ չմասնակցել այսօրվա բանավեճին։ Վերջին օրերի քննարկումները ցույց տվեցին, որ առաջարկված ձևաչափը լիարժեք հնարավորություն չի տալիս քաղաքական ուժերին ներկայացնելու իրենց ծրագրերը, տեսլականն ու իրական ասելիքը հանրությանը։

Փոխարենը ուզում եմ դիմել ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիդ, մեկ կարևոր խնդրանքով. քվեարկե՛ք ոչ թե տրված խոստումների համար այլ քվեարկեք այն մարդկանց օգտին ովքեր ունեն փորձ և կամք այդ խոստումները իրագործելու համար:

Ինչպես ասել եմ քարոզարշավի առաջին օրը, անկախ ընտրության արդյունքներից, մեզ համար առաջնային են Հայաստանի անվտանգությունը, զարգացումը և ազգային միասնությունը։ Միայն միասնական ուժերով կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները և դիմակայել սպառնալիքներին։

Քվեարկե՛ք այն Հայաստանի օգտին, որտեղ ապրելու եք անվտանգ ու արժանապատիվ կյանքով։

Շնորհակալ եմ ձեզ` վստահության համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image