Հասարակական, քաղաքական գործիչ Կարին Տոնոյանը կարծում է, որ Արցախի հանձնումը ծրագրված էր. «Այս ծրագիրն իրենք ծայրից ծայր գիտեն․ Էրդողանի հայտարարությունը, որ Հայաստանի իշխանությունը տեղյակ էր հարձակման մասին, իսկ ինչո՞ւ էր տեղյակ, եթե դա ուղիղ կապենք Էրդողանի հայտարարության հետ, որ իրենք վճարել են։ Էրդողանը հայտարարել է՝ 20 միլիարդ դոլար է վճարել։ Այսինքն՝ բռնագաղթված արցախցիների գաղթի գումարն է անգամ վճարված․ ճիշտ է դա, թե ոչ` ԱԱԾ-ի գործն է, թող ճշտեն։ Բայց, փաստորեն, մենք տեսնում ենք, որ այն ամենը, ինչ ասվում է, հետո ճշմարտություն է դառնում։ Այն, ինչ համարում ենք անհնար, այսօր դառնում է հնարավոր»։ Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի, գեներալների եւ մյուսների ձերբակալությանը, ասաց․ «Ինձ համար մեծագույն անպատվություն է, որ հայ գեներալը հանձնվել է Ադրբեջանին, որ բարձրաստիճան պաշտոնյան կարող է հանձնվել Ադրբեջանին»։
Այս ամենի ֆոնին տարօրինակ էր, որ Սամվել Բաբայանն ու, օրինակ, Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, կարողացան անցնել, իսկ Ռուբեն Վարդանյանը՝ ոչ։ Արցախի շուրջ տեղի ունեցողը Կարին Տոնոյանն անտրամաբանական, անհասկանալի ու անմարդկային է համարում։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը․ «Այս ընդդիմությունը պիտի հասկանա, որ ինքն իրեն սպառել է, պիտի հեռանա, ինքն իր համար պիտի պարզի՝ ի վերջո, ինքն ինչ է ուզում։ Եթե հայրենիքին օգուտ տալ, փրկություն է ուզում, դրա առաջին քայլը պիտի լինեն ինքնաբացահայտումն ու հեռացումը։ Հենց առաջին օրվանից գոնե ինձ համար պարզ է եղել, եւ անգամ այդ օրերին բեմում եղած իմ ընկերների հետ մենք լուրջ բախումներ ենք ունեցել, որ ինձ համար ցավալի է՝ ես անգամ ընկերների կորուստ եմ ունեցել այդ օրերին։ Փորձել եմ հասկացնել, որ նվազագույնը ճիշտ չի կազմակերպվում։ Սկսած անունից՝ այդ կոմիտեն ինձ ուղղակի ցնցեց, ու, այո, պետք էր գործ անել»։ Ինքն ամեն օր կազմակերպիչներին է մոտեցել եւ հարցրել, թե ինչ են պատրաստվում անել, նրանք պատասխան չեն ունեցել։ «Ռեսուրս է պետք, ֆինանս է պետք, ձեր հետեւում կանգնածները պատրա՞ստ են ռեսուրս դնել։ Ամբողջ ցավն այն է, որ հենց նրանք ունեն այդ ռեսուրսները, եթե ունեն, ինչո՞ւ առաջ չեն գալիս։ Ովքեր ռեսուրս ունեն, ինչ-որ իմիտացիա են անում»,- ասաց Տոնոյանը։ «Տրամադրեք այդ ռեսուրսները, ես պատրաստ եմ իմ ընկերների հետ, ովքեր գիտեն` ինչպես դա անել, եւ մենք Հայաստանը ոտքի կհանենք շատ արագ»։
Ի վերջո, հերոսներ լինում են ոչ միայն մարտի դաշտում, կա բացառիկ պատմական շանս՝ հայրենիքը կործանումից փրկելու, եւ Կարին Տոնոյանը կոչ է անում հայ խոշոր գործարարներին՝ իրենց կապիտալը ներդնել պայքարի մեջ, այլապես հայրենիքը կկորցնենք։