Վերլուծություն

Հունիսի 7-ի ընտրության դրական եւ բացասական կողմերը

Հունիսի 7-ի ընտրության դրական եւ բացասական կողմերը

Ավարտվեցին հերթական խորհրդարանական ընտրությունները։ Դեռ կլինեն բողոքներ, վերահաշվարկներ, վերջնական արդյունքներ, որից հետո կարելի կլինի ընտրությունները համարել ավարտված։ Հնարավոր է Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկվեն՝ նախընտրական քարոզարշավին ՔՊ-ի գործած վայրագությունների, վարչական ռեսուրսի չարաշահումների, հանրային-պետական լրատվամիջոցների անթաքույց պրոքպական քարոզչության, զրպարտություններ ու կեղծիք տարածելու հիմքով։
Ի վերջո հատկանշական է, որ հունիսի 8-ին եվրոպացի դիտորդների ասուլիսում, որին մասնակցում էին OSCE/ODIHR-ը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ ԽՎ-ն, ԵԽԽՎ-ն եւ Եվրախոր­հրդարանը ներկայացնող դիտորդական առաքելությունների ղեկավարները, լրագրողների տված շատ ուղիղ հարցին՝ իրենք կարո՞ղ են Հայաստանում կայացած հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները գնահատել ազատ եւ արդար (free and fair), ասուլիսի բանախոսներից որեւէ մեկն ընտրություններին նման գնահատական չտվեց։ Դիտորդները նշեցին եւ գնահատում էին այն, որ քաղաքական ընտրության լայն հնարավորություն է եղել հայաստանցի ընտրողի համար, ԿԸՀ-ն, մյուս ընտրական հանձնաժողովներն արհեստավարժորեն եւ բանիմացությամբ են ամբողջ գործընթացը կազմակերպել եւ վարել, քաղաքացիները պատրաստակամորեն եւ ակտիվությամբ մասնակցել են ընտրությանը եւ այլն, բայց արձանագրված ընտրական միջավայրի բեւեռացումը, դիմակայությունները, սեւ քարոզչությունը, վարչական եւ ֆինանսական ռեսուրսի չարաշահումները, մարդկանց հետապնդումները, ձերբակալությունները թույլ չտվեցին որեւէ մեկին հունիսի 7-ի ԱԺ ընտրությունն արդար կամ ազատ կոչել։ Սա՝ ամենքին ի գիտություն։

Սակայն արդար, թե անարդար, ազատ, թե անազատ, այս ընտրությունից մի էական եզրակացություն կարելի է կատարել։ Դա իրողությունն է, որ պրոարեւմտյան քաղաքական ուղեգիծը Հայաստանում հաղթեց պրոռուսական ուղեգծին։ Փաշինյանն անձնապես որքան էլ անտանելի արարած լինի՝ հոգեպես անհավասարակշիռ, վայրենի, բարոյազուրկ, ստախոս, չգիտես էլ ինչ (հազիվ թե հայերենում կա բացասական ածական, որը նրան վերագրելի չլինի), միեւնույն է՝ այն քաղաքական ուղեգիծը, որ նա առաջ է տանում՝ Եվրոպայի եւ Արեւմուտքի հետ ինտեգրման, ճիշտ եւ Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության աջակցությունը վայելող ուղեգիծ է։ Չի բացառվում, որ երկրում գոյություն ունի մի ստորին, լյումպեն խավ, որը կարող է Փաշինյանին որպես անձ ընդունել, համակրել, ձայն տալ։ Մարդկային պատմության ամենանողկալի արարածներն էլ ունեցել են համակիրներ եւ հետեւորդներ։ Փաշինյանի պարագայում այդ օրինաչափությունն ինչո՞ւ պետք է չաշխատի։ Սակայն քվեների մեծամասնությունը, որ հունիսի 7-ին նրան տրվել են, վստահաբար՝ Արեւմուտքի հետ մերձեցմանը, ինտեգրմանը տրված ձայներ են։

Ի դեպ, ինքս չեմ հավատում, թե Փաշինյանը 49% ձայն է ստացել, որովհետեւ եթե ԲՀԿ-ի՝ արձանագրված 77 ձայնի փոխարեն քվեարկության արդյունքների աղյուսակում ԸԸՀ-ն կարող է մուտքագրել 1 ձայն, նույն հաջողությամբ էլ ՔՊ-ի 70 ձայնի փոխարեն կարող են մուտքագրել 770 ձայն։ Այնպես որ, դեռ պետք է սպասել եւ տեսնել, թե այն կուսակցական շտաբները, որոնք ունեն ՏԸՀ արձանագրությունների պատճենները, թվային ինչ տարբերություններ են արձանագրում բնօրինակ թղթային եւ ԿԸՀ աղյուսակի էլեկտրոնային տվյալների միջեւ, եւ վերջում ՔՊ-ի որքան ձայն է ամրագրվում։ Սակայն 49%, թե 40, դրանք, ամեն պարագայում, որեւէ ուժի տրված ամենաշատ ձայներն են։

Եվ զվարճալին այն է, որ Փաշինյանը ստացել է այդ պրոարեւմտյան ձայները ոչ թե իր արեւմտյան մտահորիզոնի համար, այլ միջազգային իրադրությունը եւ Հայաստանի պրոռուսական շրջանակների անիմաստ քարոզչությունն են հանրային գիտակցության մեջ նրան որպես պրոարեւմտյան ֆիգուր հաստատել։ Երբ հիմնավոր, թե հիմնազուրկ ամեն առիթով աղմկում են, թե Փաշինյանին Արեւմուտքը պաշտպանեց կամ հովանավորեց, կարծում են՝ դրանով Փաշինյանին վնա՞ս են հասցնում։ Ոչ, միայն օգնում են։ Եվ ընտրություններում դրա արդյունքը տեսանք։ Կամ՝ երբ ասում են, թե եվրաինտեգրումը նշանակում է Թուրքիայի հետ ինտեգրում՝ մոռանալով, որ Թուրքիայի հետ «Եղբայրության եւ բարեկամության պայմանագիր», ի հաշիվ Սեւրի դաշնագրի ու հայկական հողերի, ունի Ռուսաստանը, ոչ թե Եվրոպան, կարծում են՝ դրանով Հայաստանի ժողովրդին պետք է եվրաինտեգրումից շեղե՞ն։ Նորից՝ իրենց թյուր պատկերացումերի պատասխանն ընտրություններում ստացան։

Հայաստանին դեպի Ռուսաստան տանել ջանացող, Ռուսաստանի հետ ինտեգրումից խոսող «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն միասին 15% ձայն հազիվ հավաքեցին, նույնիսկ Փաշինյանի նման մերժելի ֆիգուրի առկայությամբ։ Այդ արդյունքը պրոռուսական քաղաքական ուղեգծի եւ ուռճացված քարոզի վերջնական տապալումն էր Հայաստանում։ Որքան արագ պրոռուսական շրջանակները Ռուսաստանը գերտերություն ու հյուսիսից ծագած արեւ տեսնող իրենց մտակաղապարներից ազատվեն, կարողանան իրական աշխարհն ընկալել, այնքան իրենց համար լավ։ Չեն գիտակցի, չեն փոխվի՝ ժամանակի մեջ կվերանան, ինչպես խորհրդային կոմունիստները վերացան։
Հունիսի 7-ի ընտրությունները վերջնականապես արձանագրեցին, որ Հայաստանում պրոարեւմտյան քաղաքական ուղեգիծը չի կարող վիճարկվել պրոռուսական այլընտրանքով։ Փաշինյանին հաղթել կարող է նույն՝ պրոարեւմտյան դաշտում նրա հետ մրցակցող ուժ եւ ֆիգուր։ Գուցե իր հավասարակշռությամբ եւ չեզոքությամբ Փաշինյանին հավասարակշռող ուժ, բայց ո՛չ պրոռուսական։ Նման ուժի վերածվելու պոտենցիալ այս պահին ունի միայն Սամվել Կարապետյանը։ 25% ընտրազանգվածն ընդամենը մեկ-երկու ամսում ձեռք բերված հրաշալի ցուցանիշ է, այն էլ՝ հանպատրաստից ու հանգամանքների բերումով ՀՀ քաղաքական դաշտ մուտք գործելու պարագայում։

Հենց Կարապետյանի ներկայությունն ու ակնկալվող ներգրավվածությունը ՀՀ քաղաքական դաշտում թույլ են տալիս հուսալ, որ նա ժամանակի մեջ ավելի լավ կճանաչի իրողությունները եւ ավելի շատ ժամանակ կունենա հասարակությանը ճանաչելի դառնալու։ Իսկ առաջիկա մեկ տարում, գուցե նույնիսկ կես տարում նոր սահմանադրության հանրաքվեն կամ ԵԱՏՄ/ԵՄ հանրաքվեն (որ հաստատ Հայաստանին կպարտադրվի կա՛մ ԵԱՏՄ-ի կողմից, կա՛մ ԵՄ-ի) մոտակա իրադարձություններ են, որոնց Կարապետյանի ուժն այսօրվանից կարող է պատրաստվել եւ հաջորդ ռաունդում Փաշինյանին տապալել։ Էականը՝ կա անձ, եւ առջեւում կան առիթներ, մնացյալը ժամանակի եւ ներգրավվածության հարց է։

Հունիսի 7-ի ընտրությունները հաստատեցին Հայաստանի պրոարեւմտյան ուղեգիծը եւ ինտեգրումը, հանրաքվեն կարող է հաստատել քաղաքական դաշտի նոր կենտրոնը եւ առաջնորդին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image