Մինչ օրվա իշխանություններն ամենօրյա ռեժիմով խոսում են ժողովրդավարության մասին, Հայաստանում տեղի են ունենում դեպքեր, որոնք ծայրահեղ բռնապետական ռեժիմներին են հատուկ։ Օրինակ՝ ապրիլի 25-ին Չարենց-Սայաթ-Նովա խաչմերուկում քաղաքացի Սամվել Վարդանյանը «դավաճան» է անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նրան ձերբակալել եւ տարել են ոստիկանական բաժին։ Միջադեպից հետո նրան աշխատանքից են ազատել։ Մեկ այլ քաղաքացի, որը համարձակվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դավաճան անվանել, նույնպես բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին։ Ոստիկանություն էր տարվել եւ մի քանի ժամ պահվել նաեւ Մալիշկա գյուղում Փաշինյանի ուղղությամբ հովանոց նետելով իր բողոքն արտահայտած կինը:
Ապրիլի 20-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ուզում էր խորհրդանշական ակցիա իրականացնել՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով անվտանգության աշխատակիցները նրան ուժով հեռացրին ԱԺ ամբիոնից՝ թույլ չտալով, որ իրականացնի քաղաքական ակցիան։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ մարդուն պատժել են կարծիք արտահայտելու համար: Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները, որն ընդամենը քննադատել էր մեկ այլ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ որոշումը։ Նույն ԲԴԽ որոշմամբ դատարաններում ստեղծվում է, այսպես կոչված, «խոսնակների ցանց», որոնք պետք է դատավորների փոխարեն մամուլին մեկնաբանություններ տան, այսինքն՝ դատավորներին արգելում են ԶԼՄ-ների հետ ուղիղ շփվել, իրենց կայացրած ակտերը մեկնաբանել։
Փորձում են լրացուցիչ սահմանափակումներ մտցնել զինվորականների, հոգեւորականների համար` նրանց չեզոքության դրույթը շահարկելով, իսկ իրականում` իշխանություններին քննադատելու իրավունքը սահմանափակելով: Անգամ օրենսդրական նախաձեռնություններ են մշակվում: Իսկ մի նախաձեռնություն արդեն իսկ շրջանառության մեջ է` ռազմական դրության ժամանակ համացանցն անջատելու եւ կայքերն արգելափակելու իրավունք է իշխանությունն իրեն ուզում վերապահել:
Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանին հարցրինք, թե ինչու չի արձագանքում, երբ կարծիք արտահայտելու իրավունքից օգտվելու համար, ասենք` երկրի ղեկավարին դավաճան անվանելու համար անձը բերման է ենթարկվում, չէ՞ որ խոսքի եւ կարծիքի ազատ արտահայտման իրավունքը մարդու հիմնարար սահմանադրական իրավունքներից ու ազատություններից է։ «Բնականաբար, խոսքի ազատության իրավունքը կարեւորագույն իրավունքներից մեկն է, բայց այն անսահմանափակ չէ, իհարկե։ Ես սա չեմ նշում կոնկրետ այս դեպքի հետ կապված, խոսքն այն մասին է, որ խոսքի ազատության իրավունքը կարող է սահմանափակվել։ Թեեւ այս դեպքի հետ կապված մեզ անհատական բողոք չի ներկայացվել, բայց կփորձենք պահել մեր ուշադրության կենտրոնում՝ հասկանալու համար, թե ինչու է քաղաքացին բերման ենթարկվել, որովհետեւ մենք դա փորձել ենք ճշտել, եւ մեզ տրված ինֆորմացիայի համաձայն՝ կարծես բերման ենթարկելու հիմքը կոնկրետ խոսքի ազատության իրավունքը չի եղել, բայց, բնականաբար, քանի որ նաեւ մամուլում էլ տեղեկատվությունը տարածվեց, այս հարցի հետ կապված էլ ուշադիր ենք լինելու եւ անհրաժեշտության դեպքում, բնականաբար, արձանագրումներ անելու ենք։ Նշեմ, որ մյուս դեպքերով էլ թող չթվա, որ արձանագրումներ չեն լինելու, պարզապես դրանք լինելու են օրենքով սահմանված այդ ամբողջ շրջանակները եւ կարգավորումներն իրականացնելուց հետո»,- պատասխանեց Մանասյանը։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին խնդրեցինք մեկնաբանել այս իրավիճակը։ «Այստեղ շատ կարեւոր է իրավունքի իրացման եւ իրավախախտման սահմանագիծը, միջազգային ստանդարտներով խոսքի ազատության իրավունքը պաշտպանվում է, եւ այդ իրավունքը հնարավորություն է տալիս անգամ չափազանցվածություն կամ որոշակի վիրավորանք՝ ոչ անձնական, բայց երեւույթը գնահատող վիրավորական արտահայտություններ ներկայացնել քաղաքական գործիչներին: Եվ գործում է նրանց կողմից հանդուրժելու սկզբունքը, հատկապես նման խոսքը թույլատրելի է, երբ հանրային նշանակության հարցերի է առնչվում, եւ կայացվել են որոշումներ, որոնք բացասական հետեւանքներ են թողել հասարակության վրա եւ կարող են սպառնալիքներ առաջացնել։ Այս տեսանկյունից, կարծում եմ, արտահայտություններն ուղղված են երեւույթին եւ բացարձակ չեն կարող մեկնաբանվել որպես անձնականացված, թիրախավորված խոսք եւ լիարժեքորեն պաշտպանվում են խոսքի ազատության շրջանակներում: Այդ իրավունքին չի կարող ոստիկանությունը միջամտել։ Այդտեղ նույն ստանդարտները պետք է կիրառվեն, ինչ հավաքների ազատության շրջանակներում, երբ քաղաքական խոսք է իրացվում, եւ ոստիկանությունը չի կարող այդ քաղաքական խոսքը ճնշելու նպատակով ցրել հավաքը կամ արգելել հավաքի իրականացումը։ Ավելին՝ միջազգային դատական ատյաններն այստեղ գնահատելու են, թե արդյոք իրավական գործիքները չե՞ն չարաշահվել ոստիկանության կողմից՝ խոսքը դադարեցնելու նպատակով, եւ ասեմ, որ քաղաքական խոսքը, ի տարբերություն այլ բնույթի խոսքի՝ գեղարվեստական, առեւտրային, ունի ամենաուժեղ պաշտպանությունը։ Իմ գնահատմամբ, ոստիկանությունը գերազանցում է իր լիազորությունները եւ ավելի շատ քաղաքական հաշվեհարդարի գործիքի է վերածվել»,- պատասխանեց նա։
Իսկ ոստիկանությունը կարո՞ղ է ուզած ժամանակ, առանց որեւէ հիմքի քաղաքացուն ազատությունից զրկել, բերման ենթարկել, դրա համար վարչական կամ քրեական արգելք չկա՞։ «Բնականաբար, չի կարող: Անձի ազատությունն ուժեղ պաշտպանության տակ գտնվող բարիք է, եւ անձին ապօրինաբար ազատությունից զրկելը սանկցավորված է, եւ նշանակություն չունի՝ դա անում են մասնավո՞ր անձինք, թե՞ ի պաշտոնե լիազորություն ունեցող պետական գործակալները։ Իհարկե, հասկանալի է, որ ոչ իրավաչափ ձերբակալումը եւս կարող է արձանագրվել, եւ այստեղ ունենք պաշտպանության ինչպես վարչաիրավական, այնպես էլ քրեաիրավական մեխանիզմներ։ Կարծում եմ՝ ըստ յուրաքանչյուր գործի փաստերի պետք է գնահատվի, թե անհրաժեշտ շեմը հաղթահարվա՞ծ է, եւ մենք կարո՞ղ ենք խոսել քրեաիրավական հետեւանքների մասին։ Ընդհանրական փաստերի շրջանակներում, որոնց ես տիրապետում եմ մամուլի հրապարակումների միջոցով, կարող եմ վստահորեն ասել, որ վարչաիրավական տեսանկյունից մենք այստեղ խնդիր ունենք, ոչ իրավաչափ ձեւով է գործիքակազմն օգտագործում ոստիկանությունը, իսկ քրեաիրավական տեսանկյունից կարծում եմ, յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքները պետք է համալիր գնահատականի արժանանան: Բայց չեմ բացառում, որ կարող է նաեւ ազատությունից ապօրինի զրկելու հատկանիշներ պարունակել»։