Փետրվարի 18-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն առաջարկություն էր ներկայացրել համայնքի ավագանուն՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 32/2 հասցեի 1240.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 8474532 /ութ միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար հինգ հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Հաջի Խդրի Հաջիևին: Ավագանին էլ տվել է իր համաձայնությունը:
Ընտրողների ռեգիստրում որեւէ տեղեկություն չկար Հաջի Խդրի Հաջիևի բնակության վայրի վերաբերյալ: Թե որ երկրի քաղաղացի է նա եւ ինչ նպատակով է եղել հողհատկացումը, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք համայնքապետ Դավիթ Սարգսյանի հետ.
«Դուք համայնքապետարանի էջ մտած կա՞ք, ռեգիստրով տեսեք՝ Հաջի Հաջիեւը որ թվականից է գրանցված Դիլիջան խոշորացված համայնքում, եւ որ ազգի ներկայացուցիչ է»: Ընտրողների ռեգիստրով ոչ մի տվյալ չգտանք Հաջիեւի մասին, կասե՞ք որ երկրի քաղաքացի է. «Քուրդ է, Դիլիջան քաղաքում գրանցված է դեռ 1981 թվականից, եւ բնակվում է Դիլիջան քաղաքում, քուրդ ազգային փոքրամասնության ներկայացուցիչն է Դիլիջանում»:
-Պարոն Սարգսյան, եթե գրանցում ունի Դիլիջան քաղաքում, ապա ընտրողների պետական ռեգիստում պետք է տվյալները հասանելի լինեն։ Ինչեւէ՝ ի՞նչ նպատակով եք հողը օտարել:
-Ես պետռեգիստրով եմ հանել տվյալները ե՛ւ իր, ե՛ւ իր ընտանիքի: Մարդու երկար տարիների օգտագործման հողամասն է եղել: Օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել ավագանուն, չեմ հիշում օտարում է եղել, թե ընդլայնոււմ: Եթե օտարում է եղել, ապա համայնքի ղեկավարը ներկայացնում է ավագանուն, կադաստրի ծածկագրով՝ օրինակ, իքս հողամասը հանել օտարման, եթե ավագանին տալիս է համաձայնություն՝ օրենքով վարվում ենք, աճուրդը բաց է, իրազեկվում է լրատվական կազմակերպություններով, հայտարարություն է դրվում: Ներկայացված հայտերի հիման վրա կազմակերպվում է մրցույթ: Մրցույթի ժամանակ ավելի մեծ գին տվող բնակիչը գնում է հողը: Որոշ լրատվամիջոցներ, որոնք ստահոդ լուրեր են տարածում, որ էժան գնով հող է վաճառվում, ասեմ, որ Դիլիջան խոշորացված համայնքը, ըստ գոտիավորող հողերի, ունի կադաստարային մեկնակային գին՝ արժեք 6920 դրամից սկսած վաճառվում են հողամասերը:
-Ավագանու նիստով 5 ծառայողական մեքենաներ էլ եք հանել վաճառքի: Համայնքապետարանը քանի՞ ծառայողական մեքենա ունի, որ 5-ը օտարում եք:
-Մեր պաշտոնական կայքում ամբողջը երևում է, խնդրում եմ՝ հետևեք մեր պաշտոնական կայքին և կտեսնենք: Ես հիմա պետք է նստեմ հաշվեմ, որ Ձեզ ասեմ: Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավարը 1 ծառայողական մեքենա ունի:
- Մեքենաները աճուրդի եք հանել նո՞րը գնելու նպատակով, թե՞ այդ գումարով համայնքում այլ աշխատանքներ եք ուզում կատարել:
- Դա համայնքի լիազորություններն են, ավագանին տվել է իր համաձայնությունը: Թե ինչի համար ենք հանել աճուրդի, դա համայնքի առօրյա հարցերն են, որը մենք կազմակերպում ենք: Ես կարող եմ ներկայացնել բազմաթիվ իրավիճակներ եւ կարող եմ ներկայացնել էսօրվա ամեն ինչը, բայց այդ ամեն ինչը մանրամասն ներկայացված է մեր պաշտոնական կայքում:
-Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ գրչով, ինչպես նաեւ կացնով կրճատել ծառայողական ավտոպարկը: Փաշինյանի հրահանգի՞ն եք հետեւել:
-Պարոն վարչապետի հե՞տ եք:
-Այո:
Փաշինյան, որ էդպես ասում եք՝ մի ձեւի լավ չի, կարծում եմ, որ վարչապետին ներկայացնելիս գոնե պետք է հարգանք ունենաք, պարոնը ի սկզբանե շեշտեք, ես զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն եմ արտահայտում: Խնդրում եմ Ձեզ, երբ որ ինձ հետ եք խոսում, եւ խոսում եք ՀՀ վարչապետի մասին, խնդրում եմ պարոնը շեշտեք եւ հարգալից խոսքը պահպանեք:
-Դե դա դուք կարող եք շեշտել՝ ասելով պարոն Նիկոլ Փաշինյան, մենք ասում ենք Նիկոլ Փաշինյան:
-Եթե մենք խոսելու ենք այս տեմպով, ես իմ ասելիքը ասեցի, պարոնը պարտադիր շեշտելը, դա ինձ համար մեկ պայմանն ա, քանի որ ՀՀ ղեկավարն է:
-Որ այդպես պաշտպանում եք, Ձեր գլխավերում փակցրած էլ կլինեք Նիկոլ Փաշինյանի լուսանկարը:
-Դա Ձեզ թող չհետաքրքրի, կարող է իմ գլխավերեւում էլ նկարն ունենամ: Այո, ե՛ս հարգում եմ, պարտավոր եմ հարգել, քանի որ ՀՀ ղեկավարն է, ուրիշ հարցեր կա՞ն:
-Չասացիք՝ լուսանկարը փակցրե՞լ եք, թե՞ ոչ:
-Դա խանգարո՞ւմ ա Ձեզ: Դուք զանգել եք՝ ինձ հարցնում եք նկարը ունե՞մ, թե՞ չունեմ, չունե՛մ։ Կարամ հենց հիմա ունենա՛մ, հետո՞, եւ ունենալը խնդիր չի: Հետո՞:
-Լավ, եկեք խոսենք Ձեր պաշտոնավարած տարիների մասին, ո՞րն է եղել Ձեր կարեւոր ձեռքբերումը:
- Այսինքն, կարեւոր ձեռքբերո՞ւմը, ո՞ր ոլորտով, ի՞նչը ի նկատի ունեք: Իմ համայնքի զարգացումը, կարեւոր ձեռքբերումները բազմաթիվ տեսանկյունից կարող ենք նայել: Որ ստահոդ լրատվամիջոցներին՝ եթե չլսենք, իրականությունը տեսնելով, մեր բարեփոխումները, որը, որ իրականացրել է Դիլիջան խոշորացված համայնքում եւ այն աջակցությունները, որը ստացվել է ՀՀ կառավարության եւ Տավուշի մարզպետի կողմից: