Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ կոկորդ էր պատռում, թե 10 դրամով ինչու՞ թոշակները բարձրացնենք, ասում էր՝ 10 400 դրամը ի՞նչ է փոխելու, ասում էր՝ դա համակարգային լուծում չէ, ասում էր՝ բյուջեն չի դիմանա, ասում էր՝ պոպուլիզմով պետություն չեն կառավարում, ասում էր՝ պետք է երկարաժամկետ բարեփոխում, ոչ թե պահի տակ որոշում, բանը հասավ նրան, որ իշխանական մտահոգություն հնչեց՝ թոշակառուները երկար են ապրում, այսինքն՝ մարդն ինչքան երկար է ապրում, բյուջեն է ծանրանում։ էսքան հիմնավորում, էսքան հաշվարկ, էսքան «չի կարելի»․․․
Ու հանկարծ առավոտ կանուխ հայտարարում են՝ ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացնում են նույն այն չարչրկված 10 հազար դրամով, երեկ չէր կարելի, այսօր կարելի՞ է, երեկ պոպուլիզմ էր, այսօր սոցիալական պատասխանատվությո՞ւն, երեկ բյուջեն չէր դիմանա, այսօր հանկարծ թվերը հնազանդվե՞ցին, թե՞ թվերից առավել ծանր է դարձել քաղաքական մթնոլորտը
Ժողովուրդ, դուք հաղթել եք ոչ թե 10 հազար դրամով, այլ նրանով, որ իշխանությունը ստիպված է հակասել ինքն իրեն, որովհետև երբ ղեկավարն ամիսներ շարունակ բացատրում է, թե ինչու չի բարձրացնում, հետո նույն չափով բարձրացնում է, դա արդեն տնտեսական հաշվարկ չէ, դա քաղաքական սենսոր է, դա ռեյտինգի չափիչ է, դա վախի, խուճապի արձագանք է։
Եվ հիմա ամենակարևոր հարցը՝ նախընտրական ֆոնին նման քայլ կարո՞ղ է անել, օրենքը ուղղակիորեն չի արգելում սոցիալական վճարների վերանայում, կառավարությունը լիազորված է բյուջետային փոփոխություններ անել, բայց քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ երբ սոցիալական որոշումները համընկնում են ընտրական փուլերի հետ, դրանք ընկալվում են ոչ թե որպես երկարաժամկետ քաղաքականություն, այլ որպես ընտրական ազդակ, և հենց այդ ընկալումն է դառնում խնդրի սիրտը, որովհետև եթե բարձրացումը լիներ համակարգային, հաշվարկված, փուլային և ոչ ընտրական օրացույցին համահունչ, այն կունենար այլ վստահություն, իսկ երբ այն հայտնվում է նախընտրական մթնոլորտում, բնականաբար հարց է ծագում՝ սա սոցիալական քաղաքականությո՞ւն է, թե՞ ընտրական տեխնոլոգիա։
Ու՞ր մնացին երեկվա պատճառաբանությունները, եթե այսօր նույն քայլն արվում է, ուրեմն խնդիրը գումարի արդյունավետությունը չէր, խնդիրը քաղաքական հարմարավետությունն էր, երբ իշխանությունը վստահ է իր վարկանիշին, խոսում է խնայողությունից ու հաշվեկշռից, երբ զգում է, որ աջակցությունը մաշվել է, բացում է բյուջեն ու փորձում է փակել քաղաքական ճեղքերը, աթոռը երբ սկսում է ճոճվել, նույնիսկ ամենախիստ ֆինանսական կարգապահությունն է դառնում ճկուն։
Այդ 10 հազար դրամը այսպես դառնում է ոչ միայն սոցիալական ցուցանիշ, այլ քաղաքական ջերմաչափ, և որքան բարձրանում է ընտրական լարումը, այնքան արագ է տաքանում այդ ջերմաչափը, որովհետև վերջում պարզվում է՝ թվերն իրենց տեղում են, բայց որոշումները շարժվում են այնտեղ, որտեղ վախն է ավելի մեծ, քան հաշվարկը։ Աթոռ կորցնելու վախը ընկել է ջանը և թոշակ է բարձրացնում․․․