Վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանի և նրա կնոջ՝ PARA TV լրատվամիջոցի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանի տանը: Պետրոսյանին տարել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին: Վահե Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իր տիկնոջը բերման են ենթարկել, ինչին նախորդել է իրենց տան խուզարկությունը` հերթական անգամ:
«Մեր տնից առգրավվել են մի շարք հեռախոսներ, կրիչներ, տան ծախսերի համար նախատեսված գումար, ինձ վերաբերող իրեր, կարելի է այդպես էլ ասել՝ իմ անձնական իրերից։ Չնայած այս ամենին, մենք համոզված ենք, որ ա. այս ամեն ինչը կգա իր տրամաբանական ավարտին, բ. մեզ ոչ մեկը չի կարող շեղել մեր բռնած ուղուց, այսինքն, Նիկոլի հեռացումը եւ պատասխանատվության ներգրավելը՝ երկու, պատժելը՝ երեք, այն արարքների համար, որոնք ինքը բերել է մեր երկրի գլխին»,-ասաց Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ իր կինը վկա-կասկածյալի կարգավիճակ ունի, իսկ թե մեղադրանքը ո՞րն է, Հակոբյանն ասաց, որ իրենց համար այդպես էլ անհայտ է մնացել դա: «Ենթադրում եմ, իրենք հիմա թիրախավորելու են իմ տիկնոջը: Ինչո՞ւ, ես կարող եմ ենթադրել, որ նա ակտիվ քաղաքական կյանքում դեր ունի և իր անձնական բլոգով, և իր էջով, և այլն, ինչը որ նյարդայնացնում է այս մեր պատուհասին, ինքն էլ հրամաններ է տալիս իր տուզիկ և շոպլիկ հանդիսացող, այդ բառերը չեմ էլ ամաչում ասել, որքան էլ որ դա հայերեն չհնչի, իր այդ ուժայինների համակարգին: Մասնավորապես, դա քննչական համակարգն է՝ Քննչական կոմիտեն: Գիտեք երևի, եղբայրս է եղել կալանքի տակ մինչև հիմա, իմ ամենամոտ ընկերը նույնպես կալանքի տակ է, ու կալանք կրելու ժամանակ վերջերս սրտամկանի ինֆարկտ է տարել, ու այդ վիճակում նրան փորձեցին նորից կալանքի տանել: Любой беспредел имеет свой предел․ իրենց դեպքում բեսպրեդելը չունի որևէ սահման, այսինքն, ինքն ունի մի հատ բռնվել, թուրքերի գիրկը գնացել է՝ տեսել եք: Այստեղ ինձ զարմացնում է Արևմուտքի մեր գործընկերների այսօր լուռ ու մունջ լինելը, իրենք չե՞ն ուզում ինչ-որ մի հատ արձագանք տան: Դա Եվրամիության դեսպանատները կլինեն, թե ԱՄՆ-ի դեսպանատունը, ո՞ւր են: Արդյո՞ք դեմոկրատիայի բաստիոնն է Հայաստանը, և արդյո՞ք, ինչպես տարիներ առաջ ինձ ասեց դեսպանը՝ դեպի դեմոկրատիան շատ դժվար ճանապարհ է: Իրո՞ք՝ ասած մեր հայտնի նախագահի»,- շեշտեց Հակոբյանը:
Այս գործողությունները հետևանք են Փաշինյանի վախերի՝ շեշտում է մեր զրուցակիցն ու հավելում՝ Փաշինյանի ձեռքերից իշխանությունը ծորում է մատների արանքով, ինքը դա շատ լավ տեսնում է: Այս ամենը Փաշինյանի հիստերիայի և վախերի արդյունքն է:
«Մեխանիկայում մի պոստուլատ կա, եթե գամը՝ բոլտը, ձգում եք, երբ որ ուժ եք տալիս անհամաչափ, ինքը պարզապես կտրվում է ու սկսում է պտտվել՝ արդեն առանց ձգելու, դրանից ավել չեք կարողանում ձգել: Մեր պապերը այդ երևույթը սարվատ էին անվանում, ինքը հիմա հասել է դրան՝ ինքը սարվատ է եղել»,- նկատեց Հակոբյանը:
Նա նշեց, որ յոթ և քիչ ավելի տարի ապրել են էքստրեմալ ռեժիմով: Եւ 2018 թվականին, 2019, 2021 թվականներին եւ մինչև հիմա՝ լինելով Սյունիքի մարզպետ, թե պատգամավոր, նույն կոչն է արել. «Ժողովուրդ, արթնացեք: Նիկոլը մեզ ու մեր երկիրը տանում է կործանման, և դուք չեք կարող մնալ ձեր տներում ու ասել՝ այս ալիքը մեզ չի կպնի: Ուշ, թե շուտ ձեր տուն էլ է մտնելու այս ամեն ինչը: Այն մասսան, որ ասում է՝ մենք չենք ուզում երկրորդ, երրորդ, չորրորդ նախագահներին, մենք մերժում ենք Նիկոլին ու մնացածին, իսկ ինչի՞ եք դուք ձեր դարակում պահել Հայաստանի Հանրապետության անձնագիրը, դուք ո՞վ եք՝ այս երկրի քաղաքացի՞ եք, արդյոք: Եթե քաղաքացի եք, զարթնեք, վեր կացեք, բոլորին միացեք՝ վռնդեք Նիկոլին, միացեք այս փոքրաթիվ ու գիտակից մասսային: Եթե ոչ, ուրեմն լքեք մեր երկիրը: Նիկոլը չի մնալու, բայց վաղը՝ մյուս օրը, ով էլ որ գա՝ ադեկվատ, հայրենասեր ուժ` որպես այս երկրի ղեկավար, ինքն այդ մարդկանց հարց է տալու՝ ինչի՞ համար եք դուք: Պատասխանը պիտի ստանան, հետո անեն գործողություն: Եթե ձեր անձնագիրը միայն Ա կետից դեպի Բ կետը տեղափոխվելու համար է, ապա կներեք, այդ անձնագիրը անվավեր են համարելու՝ գնացեք, ուրիշ երկիր գտեք ու դարձեք այդ երկրի քաղաքացի` եթե կընդունեն իհարկե»:
Հարցին, արդյոք Փաշինյանը կհանդգնի՞ կալանավորել նաև Վեհափառին, Հակոբյանն ասաց, որ եթե եկեղեցին շարունակի խաղաղության աղավնի խաղալ, ապա, այո, հաջորդը Վեհափառն է լինելու:
«Ու Վեհափառին, անամոթի նման, այս մարդիկ սահման չունեն, դիմակավորված ուժայիններով պառկեցնելու են ասֆալտին ու ցույց տան ամբողջ աշխարհին մեր երկրի վերջին ինստիտուտի խայտառակությունը, եթե շարունակի եկեղեցին այսպիսի անատամ հայտարարություններ անել: Շատ ճիշտ հարց բարձրացրեցիք, եկեղեցին այսօր ունի ամենաբարձր վստահության քվեն և դա կազմում է 70-ից ավել տոկոս»,-ասաց Հակոբյանը:
Եւ այդ 70 տոկոսի մեջ մտնում են թե ադեկվատ հատվածը, թե չեզոքները, և ՔՊ-ականներից շատերը, և չկողմնորոշվածները, ըստ Հակոբյանի: Նա պնդում է, որ այսօր ամենակարևոր լծակները հենց Եկեղեցու ձեռքում են:
«Մի շատ հայտնի գիտնական ֆիզիկոսի լրագրողը հարցնում է՝ Դուք հավատո՞ւմ եք Աստծուն, նա ասում է՝ ոչ, ես չեմ հավատում, ես գիտեմ, որ Աստված գոյություն ունի: Ես հույսով չեմ, ես գիտեմ, որ այս իշխանության հեռացման օրը գալու է ու շատ շուտ»,-եզրափակեց Հակոբյանը: