Կոտայքի մարզի Ֆանտան-Չարենցավան-Կարենիս հանրապետական նշանակության ճանապարհը եկող տարի կասֆալտապատվի։Կառավարությունը այդ նպատակով արդեն գումար է հատկացրել պետբյուջեից։
Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։ Նա նշեց, որ դա ամենալուրջ խնդիրներ ունեցող ճանապարհներից է, որը մինչ օրս փոսալցումներով է գոյատևում։ Մյուս տարի հիմնանորոգելու են։
Մարզպետից հետաքրքրվեցինք նաև, թե ինչո՞ւ նորմալ չեն կահավորում, գծանշումներով ապահովում Երևան-Սևան մայրուղին, որով նաև ինքն է երթևեկում ու տեսնում է՝ ինչ վիճակում է։ Հատկապես վատ եղանակային պայմաններում՝ մառախուղ, անձրև, բուք, մայրուղում տեսանելիությունը մոտենում է զրոյին, քանի որ գծանշումները նորմալ արված չեն՝ ոչ մի բան չի երևում, կողային արգելապատնեշների լուսանդրադարձիչներն էլ արդյունավետ չեն լուսավորում։
Բայց մարզպետը դժվարացավ հստակ պատասխան տալ․ «Կարծում եմ՝ շատ արագ կլուծվի»։
Հիշեցրինք, որ այս տարի հատվածական էլի մի քանի կմ ասֆալտապատել են մայրուղին, գծանշումներն արել, իսկ մյուս՝ ավելի մեծ հատվածը նորից թողել։ Նույն վիճակում է նաև Լուսակերտից դեպի Կարենիս ու հարակից գյուղեր տանող ճանապարհը։ Այն ևս նորոգել են՝ ամբողջությամբ ասֆալտապատելով, սակայն մի քանի ամիս կլինի՝ ոչ մի գծանշում արված չէ, և գիշերվա ժամերին շատ վտանգավոր է այդ տարածքով երթևեկելը։
Բայց ոչ մարզպետը, ոչ էլ նրանից հետո տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չկարողացան որևէ հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչու են կիսատ թողել և մինչև վերջ պատշաճ չեն իրականացնում շինաշխատանքները։