Այլ

Պատմական դեֆոլտ, Բայդենի իմպիչմենտի գործընթաց, Կիևին օգնության դադարեցում․ ԱՄՆ-ն՝ մեծ ճգնաժամի առջև

Պատմական դեֆոլտ, Բայդենի իմպիչմենտի գործընթաց, Կիևին օգնության դադարեցում․ ԱՄՆ-ն՝ մեծ ճգնաժամի առջև

Մինչ Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության և դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու մասին, պատմական դեֆոլտից մի կերպ խուսափած, արտաքին պարտքի վերին շեմը բարձրացրած ԱՄՆ-ում կառավարության բյուջեն հաստատում են ընդամենը 45 օրվա համար, ընդ որում՝ առանց Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորման ներառման, և այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնից վաղաժամ հեռացնում Ներկայացուցիչների պալատի խոսնակին։ Այսպիսով, հարուստ Ամերիկան թաթախվում է պարտքերի մեջ և հայտնվում քաղաքական մեծ ճգնաժամի առջև։ Գույներն ավելի են խտանում նաև պայմանավորված նրանով, որ ԱՄՆ-ում իմպիչմենտի գործընթաց է սկսվել նախագահ Ջո Բայդենի նկատմամբ։

Նախ, պատմական դեֆոլտից և աշխարհի խոշորագույն տնտեսությունում ֆինանսական ճգնաժամից, որն անխուսափելիորեն կհանգեցներ համաշխարահային մասշտաբի խնդիրների, Միացյալ Նահանգները մի կերպ խուսափեց այս տարվա կեսին։ Հունիսի 1-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն է կազմում Հանրապետական կուսակցությունը, հաստատեց հանրապետականների հետ ԱՄՆ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի փոխհամաձայնությունը և թույլատրեց ավելացնել ԱՄՆ պետական պարտքը՝ արդեն իսկ գրանցված ռեկորդային 31,4 տրիլիոն դոլարից։ 

Ի դեպ, Բայդենի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի բանակցությունները տևեցին մի քանի շաբաթ, ինչի արդյունքում ընդունվեց փոխզիջումային որոշում, ըստ որի՝ առաջիկա 10 տարվա ընթացքում ամերիկյան բյուջեի դեֆիցիտը կկրճատվի 1,5 տրիլիոն դոլարով: Ընդ որում, ըստ այդ որոշման, պետական պարտքի վերին առաստաղը դադարեց գործել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

Ինչ վերաբերում է Ներկայացուցիչների պալատի որոշմանը, հանրապետական կուսակցության որոշ կոնգրեսականներ դժգոհ էին Բայդեն-Մաքքարթի համաձայնությունից և դեմ քվեարկեցին։ Ընդունման համար անհրաժեշտ եղան դեմոկրատական փոքրամասնության ձայները։ Արդյունքում կողմ քվեարկեց 314 կոնգրեսական, դեմ` 117-ը, որից 71-ը հանրապետական և 46-ը՝ դեմոկրատ։ 

Հատկանշական է, որ առանց պարտքի վերին սահմանի շուրջ պայմանավորվածության, Կոնգրեսի կողմից նախկինում հաստատված ընթացիկ վճարումների գումարները կավարտվեին արդեն մեկ շաբաթ անց, և ԱՄՆ-ն իր պատմության մեջ առաջին անգամ ի վիճակի չէր լինի վճարել հաշիվները: Այն կխաթարեր նաև միջազգային ֆինանսական համակարգի հիմքերը և ցնցումներ կառաջացներ ողջ համաշխարհային տնտեսության մեջ, որը մեծապես տուժել է կորոնավիրուսի համավարակի և ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։

Բայց դրանով Վաշինգտոնի խնդիրները չվերացան։ Հոկտեմբերի 1-ին Բայդենը, հետևելով Սենատին (վերին պալատին) և Ներկայացուցիչների պալատին (ստորին պալատ), հաստատեց կառավարության ֆինանսավորումը 45 օրով երկարաձգելու նախագիծը, որը ներառում է միայն պետական ֆինանսավորում, ինչպես նաև աջակցություն բնական աղետներից տուժածներին, բայց ոչ օգնություն՝ Ուկրաինային։ Ամերիկացի առաջնորդի խոսքով, եթե փաստաթուղթը չընդունվեր, այն ճգնաժամ կառաջացներ, որը «անտեղի ցավ կպատճառեր միլիոնավոր աշխատասեր ամերիկացիներին»։

«Այս օրինագիծը կապահովի, որ գործող զինվորական անձնակազմը շարունակի վարձատրվել, ճանապարհորդները զերծ մնան օդանավակայանի ուշացումներից, միլիոնավոր կանայք և երեխաներ շարունակեն օգտվել փրկարար ծառայությունների օգնությունից և շատ ավելին: Սա լավ նորություն է ամերիկյան ժողովրդի համար»,- ընդգծեց նա։ «Թեև [Ներկայացուցիչների պալատի] խոսնակ Քևին Մաքքարթին և Կոնգրեսի ճնշող մեծամասնությունը վճռականորեն աջակցում են Ուկրաինային, այս համաձայնագրում նոր ֆինանսավորում չկա այդ աջակցությունը շարունակելու համար: Այդուհանդերձ, մենք ոչ մի դեպքում չենք կարող թույլ տալ, որ ամերիկյան աջակցությունն Ուկրաինային ընդհատվի», - վստահեցրեց Բայդենը։

ԵՄ-ն զարմացած է և ափսոսում է ԱՄՆ կառավարության ֆինանսավորման «վերջին պահին ընդունված» նախագծի համար, որը չի նախատեսում միջոցների հատկացում Կիևին օգնելու համար։ Այսպես արտահայտվեց ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Վաշինգտոնի կայացրած որոշման կապակցությամբ։ 
«Մենք զարմացած ենք վերջին պահին ընդունված որոշմամբ, որի համար պետք է շատ ափսոսանք... Հուսանք, որ սա վերջին խոսքը չէ», - նշեց եվրոպացի պաշտոնյան։ Միաժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշեց, որ Ուկրաինային եվրոպական աջակցությունը կախված չէ ԱՄՆ-ից, ինչպես նաև ուկրաինական հարձակման արդյունքներից, որոնք արևմտյան շատ լրատվամիջոցներ ձախողված են համարում։

Թե որքանով Կիևին տրվելիք աջակցությունը կախված չէ ԱՄՆ-ից, առայժմ ժամանակը ցույց կտա, բայց թե ինչ կախում ունի ինքը Ուկրաինան միջազգային գործընկերների, այդ թվում՝ գլխավոր ֆինանսավորողի՝ ԱՄՆ-ի օժանդակությունից, փաստել են ՌԴ-ի հետ պատերազմող Եվրոպայի երկրորդ խոշորագույն պետության պաշտոնյանները։ Ուկրաինան կարող է ինքնուրույն հոգալ միայն ռազմական ծախսերը, մնացածը ֆինանսավորվում է Կիևի գործընկերների կողմից հատկացված միջոցներից։ Այս մասին շաբաթներ առաջ հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։

«Մենք ինքնուրույն ենք փակում անվտանգության և պաշտպանության ոլորտը։ Մնացած բոլոր ծախսերը, շեշտում եմ, մնացած բոլոր ծախսերը մենք ֆինանսավորում ենք մեր գործընկերների հաշվին, այն միջոցների հաշվին, որոնք ստանում ենք դրսից»,- ասել է նա «Ռադա» հեռուստաալիքի եթերում։ Ուշագրավ է նաև, որ Ուկրաինայի 2023 թվականի բյուջեն ներառում է ռեկորդային դեֆիցիտ՝ 38 միլիարդ դոլար։

Զուգահեռաբար, ԱՄՆ-ում շարունակվում են ներքաղաքական ինտրիգները․ հոկտեմբերի 4 -ին Հանրապետական Քևին Մաքքարթին (Կալիֆորնիա) հեռացվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնից Կոնգրեսի ստորին պալատի պատմական քվեարկությունից հետո, հայտնեց BBC-ն։ 216 կոնգրեսականներ քվեարկել են Մաքքարթիին աշխատանքից հեռացնելու օգտին։ Դեմ են եղել 210-ը: Սա ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ներկայացուցիչների պալատի նախագահը վաղաժամկետ պաշտոնանկ է արվում:

Մաքքարթիին հեռացնելու մասին որոշումը ներկայացրել է նրա կուսակից գործընկեր, Ֆլորիդայից կոնգրեսական Մեթ Գեթցը, այն բանից հետո, երբ Մաքքարթին թույլ չի տվել ԱՄՆ կառավարությանը դադարեցնել ֆինանսավորումը 2024 թվականի բյուջեի ընդունման հետ կապված խնդիրների պատճառով։ Գեթցը և մյուս ծայրահեղ աջ հանրապետականները վրդովված են, որ Մաքքարթին, դեմոկրատների աջակցությամբ, կարողացավ ընդունել բյուջեի օրինագիծը անցած շաբաթ օրը: Ֆլորիդայի կոնգրեսականը տասնյակ հանրապետականներից մեկն էր, ովքեր հունվարին բազմիցս դեմ էին քվեարկել Մաքքարթիի՝ նախագահի պաշտոնում առաջադրմանը: Մաքքարթին, ի դեպ, կարողացավ ընտրվել ռեկորդային ու դժվարին 15 քվեարկությունից հետո:

Այս ընթացքում Հյուսիսային Կարոլինայից Պատրիկ Մաքհենրին նշանակվել է Ներկայացուցիչների պալատի ժամանակավոր խոսնակ՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո գործող օրենքի համաձայն։ Ի դեպ, պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Մաքհենրին Կապիտոլիումի գաղտնի գրասենյակից վտարել է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիին՝ հորդորելով նրան անմիջապես ազատել տարածքն ու հանձնել բանալիները; Թե որն է նման որոշման պատճառը, առայժմ այդքան էլ հստակ չէ, բայց որ ԱՄՆ ներքաղաքական ինտրիգները նոր թափ են ստանում, ակնհայտ է։ Չմոռանանք նաև, որ առջևում՝ 2024 թ․ նախանշված են նախագահական ընտրությունները, որին մասնակցելու հայտ է ներկայացրել Բայդենի ու դեմոկրատների երդվյալ մրցակից, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Առհասարակ, ուկրաինական հակամարտության համատեքստում Կիևին ռազմական և այլ օժանդակության շարունակական հատկացումը պահանջում է Կոնգրեսում արդյունավետ քվեարկություն: Եթե Ներկայացուցիչների պալատը փաստացի արգելափակվի խոսնակի բացակայության պատճառով, ապա անհնար կլինի նման որոշում կայացնել՝ զուտ ընթացակարգային առումով։ Իսկ որ Վաշինգտոնի գումարները սահմանափակ են և սպառվել են նույնիսկ սեփական կառավարության համար, էլ ուր մնաց՝ Կիևի, վկայում են ԱՄՆ-ում կատարվող այս ու այլ իրադարձությունները։ Հարկ է, որ Հայաստանի արևմտասեր իշխանությունները հաշվի առնեն այս բոլորը՝ առանց աշխարհաքաղաքական գայթակղության ու տարերքի մեջ ընկնելու․․․

Արա Ալոյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image