Հասարակություն

Անկախության տոնն էլ դարձրին սգո օր

Անկախության տոնն էլ դարձրին սգո օր

Վաղը Հայաստանի անկախության օրն է՝ տոն օր հայերի ու Հայաստանի Հանրապետության համար։ Վաղը մենք ազգովի պետք է նշեինք Հայաստանի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձը։ Բայց կառավարությունը որոշել է ոչ մի բան էլ չնշել՝ պատճառը պատերազմն ու զոհերն են։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որ երկու տարի է իր անհեռատես, հակահայկական ու տգետ քաղաքականության պատճառով Հայաստանի գլխին պատերազմ, աղետ ու զոհեր է բերել, որի վերջը դեռ չի երևում, որոշել է, որ մեր ամենակարեւոր տոնը՝ Հայաստանի անկախության տոնը, որևէ կերպ չպիտի նշվի։

«Մի միջոցառում էր նախատեսվում անցկացնել՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը Գառնու տաճարում, որը անժամկետ հետաձգվել է՝ պայմանավորված պատերազմական իրավիճակով»,-այսպես ներկայացրեց մեզ կառավարության լրատվական վարչության ղեկավար Արմեն Խաչատրյանը։
Երբ նկատեցինք, որ ռազմական դրություն կամ սգո օր հայտարարված չէ երկրում, ինչո՞ւ է որոշվել, որ պիտի հետաձգվի Անկախության օրը, Խաչատրյանն ասաց․ «Ինձ թվում է՝ նորմալ չի, որ էսքան զոհեր ունենք, ու տոնակատարություն լիներ՝ ինչ-որ համերգ տեղի ունենար կամ մրցանակաբաշխություն»։

Իհարկե, նորմալ չէ, որ Նիկոլ Փաշինյանի բերած «խաղաղության դարաշրջանում» մինչև հիմա դեռ զոհեր ենք ունենում, այն էլ՝ հարյուրավոր։ Դա իսկապես նորմալ չէ։ Բայց այդ մարդիկ զոհվել են հենց մեր անկախության համար, որի տոնը այսօր կառավարությունը չի ուզում նշել։ Գուցե կառավարությունում նստած պաշտոնյաների համար տարօրինակ հնչի, բայց նրանք չեն զոհվել, որ իրենք՝ այսօր իշխանության ղեկին հայտնվածները, մսխեն Հայաստանի անկախությունը՝ իր բոլոր հնարավոր ռեսուրսներով։ Նրանք չեն զոհվել, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Երևանի կենտրոնում նստած՝ խաղաղ երկնքի տակ ճոխ պարգևավճարներ ստանան և օգտվեն իշխանության ընձեռած բարիքներից; Նրանք զոհվել են, որ պահպանեն Հայաստանի՝ այս պահին ունեցած միակ ամենակարևոր արժեքը՝ անկախությունը, որի հիմքերը չորս տարի է՝ այս իշխանությունները հետևողականորեն ու ծրագրված խարխլում են։ Հիմա էլ որոշել են առհասարակ այդ օրը որևէ միջոցառում չանցկացնել` ոչ շքերթ, ոչ հանդիսավոր նիստ, ոչ ելույթներ։ Այս իշխանությունները հայկական տոնացույցը սևով ներկեցին՝ տարին կլոր միայն սգոր օրեր ավելացնելով օրացույցում։ Միակը մնացել էր սեպտմեբերի 21-ը, դրանից էլ ենք հրաժարվում։ Անկախության օրը դարձրել են սգո օր՝ վաղը բոլորս, երևի, պիտի սգանք մեր ունեցած անկախությունը, որը չունեցածի հաշիվ է այսօր։ Կարելի է կարծել՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է մեզ նաև այս ձևով հասկացնել, թե ինչ ապագա է մեզ սպասվում շուտով, վաղը օրացույցից գուցե առհասարակ հանվի այս տոնը։

Բայց կառավարության լրատվականի ղեկավարն ասաց՝ այդպես են որոշել և վերջ, ավելացնելու բան չունի։ Հիշեցրինք, որ ամիսներ առաջ տեղեկություն տարածվեց մամուլում, որ կառավարությունը մտադիր էր բավականին ճոխ միջոցառմամբ նշել Հայաստանի անկախության 31-ամյակը։ Դրա համար նախատեսում էր պետբյուջեից տրամադրել 600 մլն դրամ գումար և մեծ միջոցառում կազմակերպել, որի ընթացքում պետք է ելույթ ունենար նաև ռաբիզ երգիչ Սպիտակցի Հայկոն։ Դեռ հունիս ամսին այսպես էին որոշել արժևորել Հայաստանի անկախության տոնը ՀՀ իշխանությունները՝ դրա հիմնավորման մեջ նշելով․ «Հաշվի առնելով Անկախության տոնի նշանակությունը հայ ազգի համար, հատկապես՝ պատերազմից հետո, ինչպես նաև անկախության և պետականության գաղափարի վերարժևորման կարևորությունը, առաջարկում ենք կազմակերպել այնպիսի մասշտաբային միջոցառում, որը չի սահմանափակվի միայն համերգային մասով, այլ իր մեջ կներառի մեր մշակույթի և գիտության, պատմության և կյանքի բոլոր բնագավառներում ունեցած ձեռքբերումներն ու ապագային միտված ասելիքը: Միջոցառումը պետք է միտված լինի կյանքը` որպես մեծագույն արժեք և շարունակականություն պատկերելուն»:

Ամիսներ անց, սակայն, ՀՀ քաղաքացու կյանքն անարժեք ու անիմաստ դարձրած Հայաստանի կառավարությունը որոշել է, որ այլևս պետք չէ կարևորել ու արժեւորել «անկախության և պետականության գաղափարը»։

Արմեն Խաչատրյանն ասաց՝ մրցույթը հայտարարվել է, սակայն չի կայացել, քանի որ որևէ ընկերություն չի դիմել։ Ու նորից շեշտեց՝ նախատեսվում էր միայն «մեր ժամանակների հերոսը» միջոցառումը, որը հետաձգվել է։
Իհարկե, ոչ ոք չէր ասում այս իրավիճակում քեֆ-ուրախություն կազմակերպել՝ ռեստորանային ու էստրադային երաժշտության ներքո, Սպիտակցի Հայկոն էլ գար ու ծաղկացներ այն, բայց որևէ կերպ արժեր հիշեցնել հայ ժողովրդին ու աշխարհին, որ Հայաստանն անկախ պետություն է, և մեզ համար անկախությունը բարձրագույն արժեք է՝ որքան էլ որ ներքին ու արտաքին թշնամիները ցանկանան այն խլել մեզանից։

Այսուհետ, փաստորեն, միայն պետք է սգանք ու ողբանք, անգամ մեզ գոտեպնդող, մեր հերոսների թափած արյան գինը կարևորող տոներ ու միջոցառումներ չպետք է ունենանք։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image