Հարցազրույց

«Հրապարակ». Մենք ՔՊ-ի հետ չենք նստելու եւ քննարկենք, թե Ալագյազի փեշին քանի մոծակ է սատկել

«Հրապարակ». Մենք ՔՊ-ի հետ չենք նստելու եւ քննարկենք, թե Ալագյազի փեշին քանի մոծակ է սատկել

Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ:

- Ընդդիմության՝ խորհրդարան վերադառնալու հարցը տարատեսակ քննարկումների առիթ է դարձել: Ոմանք կարծում են, որ ոչ մի դեպքում չպետք է վերադառնաք, մյուսները՝ որ չի կարելի հրաժարվել այդ քաղաքական ամբիոնից։ Ի՞նչ եք անելու՝ աշնանային նստաշրջանին հաշված օրեր են մնացել:

- Ես կխոսեմ իմ անունից, սակայն համոզված եմ, որ ֆրակցիան կկիսի իմ կարծիքը: Մենք խորհրդարան չենք վերադառնալու այն օրակարգով, որը հասարակությունն է պատկերացնում: Մենք ՔՊ-ի հետ չենք նստելու եւ քննարկենք, թե Ալագյազի փեշին քանի մոծակ է սատկել: Գնալու ենք խորհրդարան միայն մեր նախաձեռնություններով հանդես գալու համար: Եթե մենք ունենանք հստակ ասելու բան, ունենանք կոնկրետ հայտարարություն, հայտարարությունների ժամին կանենք դրանք: Դրանից զատ մենք որեւէ անելու բան չունենք խորհրդարանում, որովհետեւ նախորդ նստաշրջանի ողջ ընթացքը ցույց տվեց, որ մեր բոլոր նախաձեռնությունները դիպչում են մի «պատի», մնում անկատար: Սա վերադարձ չէ: Բացառությամբ այն դեպքերի, երբ մենք՝ ինքներս կորոշենք մեր ասելիքներն ու անելիքները:

- Բայց որքանո՞վ է նպատակահարմար վերադառնալ մի պառլամենտ, որի մեծամասնությունն այդքան անընդունելի է Ձեզ համար:

- Մենք նրանց հետ ոչ մի կապ չունենք: Ոչինչ չենք քննարկելու նրանց հետ: Մեր ասելիքն ի՞նչ կապ ունի այդ մարդկանց հետ: Զուտ օգտագործելու ենք Ազգային ժողովի ամբիոնը՝ մեր ձայնը հասանելի դարձնելու հասարակության տարբեր շերտերին: Շատերը միայն ԱԺ նիստերն են դիտում:

- Ճիշտ չէ՞ր լինի մանդատները վայր դնել ու նոր ընտրությունների գնալ:

- Չեմ կարծում, թե մեր՝ մանդատները վայր դնելն ինչ-որ բան է փոխելու: Ինչպես տեսնում ենք` այս իշխանությունները «բեսպրեդելշչիկ» են, իրենց համար որեւէ արգելք չկա: Այդ մարդկանց համար կարմիր գծեր չկան: Իրենք կշարունակեն աշխատելը, հիմա ո՞նց են անում, նույնը կանեն այդ դեպքում: Էդ 71-72 հոգին, ի դեպ, Թագուհի Թովմասյանին եւ Իշխան Զաքարյանին էլ եմ հաշվում ՔՊ-ականների մեջ: Թագուհին ու Իշխանը ՔՊ-ական են, ինչի ուրիշ կարծիք է՞լ կա, կհավաքվեն ու կաշխատեն առանց մեզ:

- Էդգար Ղազարյանը սկսեց նոր` «Անկախություն» շարժում: Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 2-ին «Դիմադրություն» շարժման հերթական ակցիան է: Ստացվում է, որ ընդդիմությունն առանձին-առանձին ակցիաներ է իրականացնում: Սա չի՞ խոսում այն մասին, որ ընդդիմությունը համախմբված չէ:

- Մենք այդ ակցիան շատ շուտ էինք պլանավորել` Էդգար Ղազարյանի շարժումը ստեղծվելուց առաջ: Ի դեպ, Էդգար Ղազարյանի նախաձեռնությունն ինձ համար լրիվ անհասկանալի է:

- Ինչո՞ւ:

- Ես ավելին էի սպասում նրանից, եթե անկեղծ: Նա ունի մեծ պոտենցիալ, բայց կարծում եմ, որ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Ինչ վերաբերում է ընդդիմության պառակտված լինելուն, Ձեզ հետ համաձայն չեմ: Մեր ֆրակցիայի անունից կարող եմ ասել, որ մենք բավականին կուռ ենք, եւ մեր բոլոր որոշումները միասնական են: Ինչի՞ մասին է խոսքը: Իշխանությունը երազում է, որ ընդդիմությունը պառակտված լինի, երազանք էլ կմնա: Նման տեսակի բամբասանքները հենց իշխանությունն է տարածում:

- «Հայաստան» խմբակցությունը վերջին շրջանում պասիվ է: Ինչո՞վ է դա պայմանավորված: Թշնամուն հանձնվեցին Աղավնոն ու Բերձորը….

- Դեռ մի բան էլ մե՞նք ենք պասիվ: Ինչ էլ որ խոսվում էր, միայն մեր կողմից էր խոսվում: Հետ նայեք, թե ով ինչ նախաձեռնություններ է կյանքի կոչել: «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորներից շատերն ակտիվ են եղել, հատկապես Ձեր կողմից մատնանշված խնդիրների լուծման վերաբերյալ:

- Ի՞նչ նախաձեռնությունների մասին է խոսքը:

- Պատգամավորները կամ հասարակ քաղաքացիները հո չէի՞ն կարողանալու գնալ կանգնել Աղավնոյում կամ Բերձորում: Դա ֆանտաստիկայի ժանրից կլիներ: Մեր պատգամավորներից շատերը մի շարք միջազգային կառույցների հետ են աշխատել, աշխատել ենք մի շարք դեսպանատների հետ: Մենք չենք լռել: Խոսել ենք, տարբեր հարցազրույցներով ենք հանդես եկել եւ այլն:

- Դուք նշում եք, որ Աղավնո եւ Բերձոր գնալը ֆանտաստիկայի ժանրից է, սակայն որոշ ընդդիմադիրներ հանձնվող գյուղերի բնակիչների կողքին էին:

- Շատ լավ: Իսկ այն մարդիկ, որոնք իրենք են դուրս եկել գյուղից, նրանք ի՞նչ արեցին: Արցախի ղեկավարությունը գալիս է, հորդորում, որ մարդիկ դուրս գան իրենց տներից, 10 միլիոն դրամ են խոստանում ու հայտարարում, որ ով այրի իր տունը, չի ստանա: Սա ի՞նչ է նշանակում:

- Վերջերս Աննա Հակոբյանն էր Սյունիքում՝ բավականին ջերմ ու սիրառատ ընդունելության արժանացավ: Ձեր նախկին կուսակիցը՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, ալ կարմիր վարդեր նվիրեց նրան: Շատերի կարծիքով` այսկերպ հաջողվեց կոտրել սյունեցու անկոտրում կամքը:

- Պետք չէ ինչ-որ մեկի քայլերը վերագրել ողջ Սյունիքին: Սյունեցին անկոտրում է: Կլինի քաղաքապետ, թե շարքային քաղաքացի, չի կարող մեկը տպավորություն թողնել, թե ողջ Սյունիքն էդպիսին է: Մարդ էլ կա, մարդ էլ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image