«Հրապարակի» զրուցակիցն ԱՄՆ-ում բնակվող հայտնի հոգեբան, գրող, հրապարակախոս Վարդգես Դավթյանն է։
- Փաշինյանի հակաեկեղեցական և հակապետական արշավը վերջին օրերին ավելի է սաստկացել՝ կեղծ պատարագներից մինչև եկեղեցու զավթում, կոշտ որոշումներ։ Ակնհայտ է, որ նա հոգեբանական լուրջ խնդիրներ, արմատավորված շեղումներ ունի։ Ինչպե՞ս կասեցնել նման վարքագծի տեր անձին, հոգեբանական ի՞նչ հակամեթոդներ կան։
- Նիկոլ Փաշինյանի վարած «սյուրռեալիստական» քաղաքականությունը շատերի մոտ է տարակուսանք առաջացրել՝ արդյո՞ք այդ անձը հոգեկան շեղումներ չունի:
Եվ այս հարցադրումն ավելի հաճախ հնչում է (որքան էլ տարօրինակ է) քաղաքագետների եւ հանրային գործիչների միջավայրում, այլ ոչ թե հոգեբանների եւ հոգեբույժների շրջանում: Վերջերս քաղաքագետներն ու հանրային գործիչները սիրում են բարդ ու բազմաշերտ երեւույթները բացատրել մեկ անձի հանգամանքով. այդպես եւ հեշտ է եւ անվտանգ: Մինչդեռ Նիկոլի քաղաքական վարքագիծը մեր ընդհանուր հանրային նիհիլիզմի, օտարացման եւ հակառեալիզմի արտացոլումն է:
- Ամեն առավոտ նա տեսանյութեր է հրապարակում՝ արտաքուստ խաղաղ տեսքով, փողկապ կապելով և կոստյում հագնելով, տարակուսելի հայացք ընդունելով՝ տարբեր երգերի ներքո։ Եվ վերջում անպայման սրտիկ է ցույց տալիս և նշում, որ սիրում է բոլորին։ Իսկ ժամեր անց արդեն զազրելի խոսույթով անցնում իր հայտնի արշավին։ Ի՞նչ է նշանակում այս անցումը։
- Նրա կեղծ բարեպաշտական զեղումները, «առաքելական արշավները», գերակտիվ էնտուզիազմը հիմնականում անիմաստ-անպտուղ արդյունքներով, վկայում են ոչ այնքան նրա հոգեկան շեղումների կամ բնավորության անոմալիաների, որքան մեզանում ազգային քաղաքական մտքի խեղճության, եթե չասենք՝ սնանկության մասին։
- Ի դեպ, որոշ փորձագետներ նշում են, որ սրտի ցուցադրումը բնորոշ է ազգայնական, հատկապես՝ թուրքական շարժումներին։ Ձեզ հայտնի՞ է այդ ժեստի նշանակությունը։
- Ինչ վերաբերում է «սրտիկային» սիմվոլիկային կամ «սեր բացատրելուն» (օրվա հերթական անակնկալից առաջ), այդ ամբողջը վկայում է, որ նա վաղուց կորցրել է իրական կապը, ռեալ հուզական առնչությունը զանգվածների հետ և սպավինում է վիրտուալ հաղորդակցությանը:
Սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալին ասում էր․ «Իմ խենթությունը հոգեկան հիվանդությունից տարբերվում է նրանով, որ ես հիվանդ չեմ«»։ Չգիտեմ, մեր երկրի վարչապետը պատասխանատվության ժամին կունենա՞ խիզախություն այսպես արտահայտվելու համար։ Նիկոլ Փաշինյանի «ֆենոմենով» պետք է զբաղվեն ոչ թե հոգեբանները կամ հոգեբույժները, այլ քաղաքագետներն ու հանրային գործիչները։