Հարցազրույց

Փաշինյանը վաղուց կորցրել է հուզական կապը զանգվածների հետ և ապավինում է վիրտուալ կապին

Փաշինյանը վաղուց կորցրել է հուզական կապը զանգվածների հետ և ապավինում է վիրտուալ կապին

«Հրապարակի» զրուցակիցն ԱՄՆ-ում բնակվող հայտնի հոգեբան, գրող, հրապարակախոս Վարդգես Դավթյանն է։

- Փաշինյանի հակաեկեղեցական և հակապետական արշավը վերջին օրերին ավելի է սաստկացել՝ կեղծ պատարագներից մինչև եկեղեցու զավթում, կոշտ որոշումներ։ Ակնհայտ է, որ նա հոգեբանական լուրջ խնդիրներ, արմատավորված շեղումներ ունի։ Ինչպե՞ս կասեցնել նման վարքագծի տեր անձին, հոգեբանական ի՞նչ հակամեթոդներ կան։

- Նիկոլ Փաշինյանի վարած «սյուրռեալիստական»   քաղաքականությունը շատերի մոտ է տարակուսանք առաջացրել՝ արդյո՞ք այդ անձը հոգեկան  շեղումներ չունի:
Եվ այս հարցադրումն ավելի հաճախ հնչում է (որքան էլ տարօրինակ է)  քաղաքագետների եւ հանրային գործիչների միջավայրում, այլ ոչ թե հոգեբանների  եւ հոգեբույժների  շրջանում: Վերջերս քաղաքագետներն ու հանրային գործիչները սիրում են  բարդ ու բազմաշերտ երեւույթները բացատրել մեկ անձի հանգամանքով. այդպես եւ հեշտ է եւ անվտանգ: Մինչդեռ Նիկոլի քաղաքական վարքագիծը մեր ընդհանուր հանրային նիհիլիզմի, օտարացման եւ հակառեալիզմի արտացոլումն է:

- Ամեն առավոտ նա տեսանյութեր է հրապարակում՝ արտաքուստ խաղաղ տեսքով, փողկապ կապելով և կոստյում հագնելով, տարակուսելի հայացք ընդունելով՝ տարբեր երգերի ներքո։ Եվ վերջում անպայման սրտիկ է ցույց տալիս և նշում, որ սիրում է բոլորին։ Իսկ ժամեր անց արդեն զազրելի խոսույթով անցնում իր հայտնի արշավին։ Ի՞նչ է նշանակում այս անցումը։

- Նրա կեղծ բարեպաշտական զեղումները, «առաքելական  արշավները», գերակտիվ  էնտուզիազմը հիմնականում անիմաստ-անպտուղ արդյունքներով, վկայում են ոչ այնքան նրա հոգեկան  շեղումների կամ բնավորության անոմալիաների, որքան մեզանում ազգային քաղաքական մտքի խեղճության, եթե չասենք՝ սնանկության մասին։

- Ի դեպ, որոշ փորձագետներ նշում են, որ սրտի ցուցադրումը բնորոշ է ազգայնական, հատկապես՝ թուրքական շարժումներին։ Ձեզ հայտնի՞ է այդ ժեստի նշանակությունը։

- Ինչ վերաբերում է «սրտիկային» սիմվոլիկային կամ «սեր բացատրելուն» (օրվա հերթական անակնկալից առաջ), այդ ամբողջը վկայում է, որ նա վաղուց կորցրել է իրական կապը, ռեալ  հուզական առնչությունը զանգվածների հետ և սպավինում է վիրտուալ  հաղորդակցությանը:

Սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալին ասում էր․ «Իմ խենթությունը հոգեկան հիվանդությունից տարբերվում է նրանով, որ ես հիվանդ չեմ«»։ Չգիտեմ, մեր երկրի վարչապետը  պատասխանատվության ժամին կունենա՞  խիզախություն այսպես արտահայտվելու համար։ Նիկոլ Փաշինյանի «ֆենոմենով» պետք է  զբաղվեն ոչ թե հոգեբանները կամ հոգեբույժները, այլ քաղաքագետներն ու հանրային գործիչները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image