Մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ուղղած նամակը հասարակական-քաղաքական շրջանակներում տարբեր գնահատականների արժանանալուց զատ՝ արժանացել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրությանը։
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանն իր նամակում մանրամասն ու հանգամանալից անդրադարձ է կատարել 90-ականների իրադարձություններին, մինչեւ Հոկտեմբերի 27-ը եւ դրանից հետո տեղի ունեցած ներիշխանական հակասություններին, որոնք այս կամ այն կերպ իրենց հետքն են թողել մեր պետության հետագա ճակատագրի վրա։
Այսօր էլ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն է լրագրողներին տեղեկացրել, որ գլխավոր դատախազը Վահան Շիրխանյանի նամակն ուղարկել է ԱԱԾ եւ ՀՔԾ, կկատարվեն համապատասխան ստուգողական աշխատանքներ։
«Եթե կլինեն փաստեր, որ հիմք կտան վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը կամ հարուցել նոր քրեական գործ, հավաստիացնում եմ, որ կլինի»,- ասել է Վանեցյանը։
Անդրանիկ Հակոբյանը Վազգեն Սարգսյանի վարչապետության շրջանում եղել է կառավարության աշխատակազմի ղեկավարը։ Մինչ այդ էլ նա պաշտպանության նախարարությունում եղել է Վազգեն Սարգսյանի օգնականը։ Այժմ նա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդականն է։
Անդրանիկ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե որքանով էր նպատակահարմար այս պահին այդ նամակի հրապարակումն այն դեպքում, երբ ժամանակին նամակում հիշատակված փաստերի մասին բազմիցս գրվել է մամուլում։
«Ըստ էության, Վազգեն Սարգսյանի պետական, քաղաքական, ռազմական գործչի ֆիգուրն այնպիսին է, որ տարբեր մարդիկ տարբեր ռակուրսներով նրան դիտարկեն եւ տարբեր չափով տարբեր ինֆորմացիաների տիրապետեն։ Ես դժվարանում եմ ասել, թե այս պահին որքանով են տեղին կամ նպատակահարմար նման խոսակցությունները։ Բոլոր դեպքերում սպասենք, տեսնենք, թե հետաքննությունն ինչպիսի արդյունքներ կտա։ Շատ բան չեմ սպասում, անկեղծ ասած։ Հիմա տարբեր մեկնաբանություններ են անում Վազգենի մասին, որոշ մարդիկ սենսացիա են փնտրում։ Վազգենը չի կարող պաշտպանվել, կարծիք հայտնել»,- ասաց Անդրանիկ Հակոբյանը։
Նկատեցինք, որ Վահան Շիրխանյանն իր նամակում անդրադարձել է Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակին, այն փաստին, թե ինչպես են այդ տարբերակին անդրադարձել Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը։
Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ 1999թ․ թեպետ Սահմանադրությամբ մենք չունեինք փոխվարչապետի ինստիտուտ, բայց Վահան Շիրխանյանը դե ֆակտո եղել է փոխվարչապետ եւ որոշ բաների մասին ավելի շատ տեղեկությունների կարող էր տիրապետել, քան՝ մեկ ուրիշը։
Հարցին, թե այդ նամակով ինչ ուղերձ է հղում Վահան Շիրխանյանը, ուզո՞ւմ է աջակցել իշխանություններին Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի բացահայտման գործում, Անդրանիկ Հակոբյանն արձագանքեց․ «Չեմ կարող որեւէ բան ասել Վահան Շիրխանյանի մղումների մասին, իրեն պետք է հարցնեք այդ մասին։ Չեմ կարծում, թե իրավապահ համակարգը, որը զբաղվում է Մարտի 1-ի բացահայտման գործով, աջակցության կարիք ունի։ Չեմ կարծում, թե Մարտի 1-ին վերաբերող նյութերն ամբողջությամբ ուսումնասիրված չեն։ Հազիվ թե հիմա քննչական մարմինները Հոկտեմբերի 27-ին անդրադառնալու ժամանակ եւ հնարավորություն ունեն։ Թեեւ ես կարծում եմ, որ պետությունը Հոկտեմբերի 27-ի բացահայտումը պետք է համարի իր սուրբ պարտքը եւ այդ ուղղությամբ աշխատանք կատարի։ Ժամանակին դա չի արվել տարբեր պատճառներով։ Իսկ ներկա իշխանությունները՝ ուզենան թե չուզենան, պետք է զբաղվեն Հոկտեմբերի 27-ի բացահայտմամբ։ Ամեն ինչ ունի իր ժամանակը։ Ես կարծում եմ, որ հետաքննությունն իրականացնող մարմինները ճիշտ տեղից են սկսել, ճիշտ ուղղությամբ են գնում»։
Կա տեսակետ, որ Հոկտեմբերի 27-ի բացահայտումը ծանր բեռ է, իրավապահ մարմինները հազիվ զբաղվում են Մարտի 1-ի բացահայտմամբ։
«Ո՞ւմ համար է ծանր բեռ։ Իշխանությունները կապ չունեն, դա քննչական մարմինների գործառույթն է։ Ես կարծում եմ, որ քննչական մարմինները կաշխատեն, եւ Հոկտեմբերի 27-ի բացահայտումը կդառնա անխուսափելի։ Լինի դա մեկ տարի հետո, թե հինգ տարի հետո»,- ասաց Անդրանիկ Հակոբյանը։