Երբ ռուսաստանյան ՏԱՍՍ-ը հաղորդեց, որ Հայաստանի իշխանությունների կողմից միջազգային հետախուզում հայտարարելու հիման վրա Սերբիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն, որը մեղադրվում է Հայաստանում խոշոր գումար հափշտակելու մեջ և 2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ Միլենկովսկու գլխավորությամբ Հայաստանից դուրս են բերվել, բոլորը համոզված էին, որ այդ անձը Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն է, որը մեղադրվում էր գործարար Սիլվա Համբարձումյանից հանքերի շահագործման լիցենզիա ստանալու դիմաց 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ, և որը, ըստ ժամանակին մամուլում հրապարակված տվյալների՝ Հայաստանի սահմանը լքել է դիվանագիտական պետհամարանիշ ունեցող մեքենայով:
«Հրապարակի» հետ զրույցում Սիլվա Համբարձումյանը զարմացավ այս տեղեկությունից, թե Միլենկովսկին է Արամ Հարությունյանին օգնել անօրինական սահմանն անցնի, ապա զանգահարեց ու հայտնեց, որ քննիչին ևս նման բան հայտնի չէ։
Ինչպես տեղեկացանք Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից, անձը, որի Հայաստանից ապօրինի սահմանահատումը տեղի է ունեցել, Արամ Հարությունյանը չէ։ Եվ նա հանդիսանում է ոչ թե ՀՀ, այլ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի։ Այսինքն՝ իրենց քաղաքացուն իրենց դիվանագետը Հայաստանից փախցնելու փորձ է արել։
«Այսինքն՝ որևէ առնչություն ՀՀ ներկա, նախկին պաշտոնատար անձանց հետ չունի»,-ասաց Գոռ Աբրահամյանը։
Նա մասնավորեցրեց, այդ հրապարակման մեջ նշված անձը մաս է կազմում այն հանցավոր խմբի, որը կազմակերպել է «Հյուսիս-հարավ միջանցք» շինարարական ծրագրի շրջանակներում որոշ հանցավոր արարքներ, որին էլ փորձել են Հայաստանից ապօրինի տեղափոխել։ Հարցրեցինք՝ վերջինս կապ ունի՞ Գագիկ Բեգլարյանի քրգործի հետ։ Ասաց, որ ոչ, դա առանձին գործ է, որը հարուցված է եղել ՀՀ-ի սահմանն ապօրինի կերպով հատելն իրականացնելու փաստի առթիվ։
«Այդ դրվագով 2 անձի վերաբերյալ մաս է անջատվել, ուղարկվել դատարան, այդ անձանցից մեկը հանդիսացել է Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի, մյուսը՝ ՀՀ քաղաքացի։ Իսկ այն անձանց մասով, ովքեր ընդգրկված են եղել այդ հանցավոր խմբի մեջ, նրանց մասով քննությունը շարունակվել է, հայտարարվել է նրանց նկատմամբ հետախուզում և նրանցից մեկին, ըստ էության, Սերբիայում հայտնաբերել և ձերբակալել են»,-ասաց Գոռ Աբրահամյանը։
Սրա կապակցությամբ էլ տեղեկատվությունը պաշտոնապես ստանալուց հետո ՀՀ դատախազությունը փաստաթղթերի փաթեթ է պատրաստում այդ անձին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու գործընթացը կազմակերպելու նպատակով։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ» -ում չարաշահումների փաստով հարուցվել էին մի շարք քրեական գործեր և հայտարարվել էր, որ պետությանը պատճառվել է շուրջ 50 միլիոն դոլարի վնաս․ ծրագրի հետ կապ ունեցած պաշտոնյաներն ու տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ խախտումներ են թույլ տվել, որի հետևանքով այն անարդյունավետ է իրականացվել, և շուրջ 10 տարվա ընթացքում չեն ավարտվել Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները։ Այս գործով 2 տարի առաջ մեղադրանք էր առաջադրվել նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավար Բրանիսլավ Դիմիտրիևիկին, որը ստորագրություն էր տվել չհեռանալու մասին, բայց Միլենկովսկու և այլ օտարերկրացիների օգնությամբ 2019-ին հեռացել էր Հայաստանից։ Եվ խոսքը, փաստորեն, նրա մասին է։
Ըստ Գոռ Աբրահամյանի լրացման՝ գործել է նրա՝ ՀՀ-ից ապօրինի սահմանահատման ապահովման նպատակով ստեղծած կազմակերպված խումբ։ Հայաստանից փախչել օգնողներից մեկի գործն արդեն դատարանում է։ Դատախազությունը հաղորդում է, որ արտասահմանցիների այս հանցավոր գործողություններն իրականացվել են այն ժամանակ, երբ Հայաստանում Եվրամիության գագաթնաժողովն էր անցկացվում, և այդ պատճառով օդանավակայանը ծանրաբեռնված էր։