Քաղաքականություն

Շոկի մեջ եմ բարոյական կորստից

Շոկի մեջ եմ բարոյական կորստից

Ազգային ժողով չանցած պատգամավորության թեկնածուներից շատերը չեն կարողանում դուրս գալ հետընտրական շոկից, հատկապես ծանր վիճակում են նախկին ընտրություններին ծանրակշիռ ձայներ ստացած ՀՀԿ-ականները, որոնց հիմա, պատկերավոր ասած, իրենց տնեցիք էլ ձայն չեն տվել։ 

Նախկին ԲՀԿ-ական, անցած ընտրություններին ՀՀԿ-ից առաջադրված Արագած Ախոյանը նեղսրտում է, որ այս ընտրություններին ինքը «բարոյական» ահռելի կորուստ է ունեցել։ Նա անցած ընտրություններին ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում էր հանգրվանել, իսկ այս անգամ կրկին վերադարձել է Ծառուկյանի թիմ, հարազատ մարզում՝ Արագածոտնում հավաքել է ընդամենը 675 ձայն։ Պատգամավորը խոստովանում է՝ ես շոկի մեջ եմ, ու բացատրում է, թե ինչու․ «Նախկինում ընտրությունները կազմակերպելու ողջ սխեման փուլ էր եկել, չկար։ Մեր պատկերացումներն ընտրությունների նկատմամբ լրիվ ուրիշ էին, ցավոք սրտի, այս ընտրություններն ապացուցեցին, որ վերացել է արժեհամակարգը, մարդկային կապիտալը, հարաբերությունները, որը ձեւավորվել էր այս տարիների ընթացքում, փոխադարձ հարաբերությունները, մարդկային չգրված արժեքներն այլեւս գոյություն չունեն։ Կա զոմբիացած մի իրավիճակ եւ վարչական ռեսուրսի կիրառում»։ Պատգամավորության թեկնածուի դիտարկմամբ՝ չնայած անցած ընտրություններին ավելի բիրտ միջոցներ էին գործում՝ ընտրակաշառք, ոստիկանական ճնշումներ, վարչական լծակի կիրառում, սակայն, իր կարծիքով, այս անգամ մարզպետների առաջադրումներն ավելի վատթար իրավիճակ ստեղծեցին․ «Գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդը ղեկավարի հետեւից գնացող է, հատկապես նոր իրավիճակներում։ Մենք տեսանք, թե ինչպես ՏԻՄ-երը, գյուղական դպրոցների, մանկապարտեզների եւ այլ հաստատությունների անձնակազմերն ինչպես էին մարզպետին որպես փրկչի նայում։ Մարդիկ լրիվ մոռացել, սրբել են իրենց հիշողություններից, թե, ասենք, ինչ ես արել դու նույն այդ գյուղի, մանկապարտեզի, դպրոցի համար։ Սա  ինձ համար բարոյական ահռելի կորուստ էր»։

Հետաքրքրվեցինք՝ գուցե ժողովուրդը չի՞ ներում ճամբարափոխներին, ինչպես անցած տարվա ընտրություններից հետո խոստովանել էր անձամբ Ախոյանը, սակայն թեկնածուն չհամաձայնեց մեզ հետ․ «Բոլորն ասում էին՝ Նիկոլի թիմից լինեիր, էլի։ Եթե վերցնեք բոլոր թեկնածուներին ու նայեք, կտեսնեք, որ ես էդ մարդը չէի, որ էդ քվեներին արժանանայի։ Բա ի՞նչ եղավ, էդ ինչի՞ մոռացան… ես է՞լ էի կոռումպացված, ես է՞լ էի պետական պաշտոնների եղել։ Ո՛չ սկզբունք գործեց, ո՛չ գաղափար, ո՛չ մի չափանիշ չգործեց ընտրություն կատարելիս»։ Թեկնածուն ամենածանր հարվածը ստացել է հարազատ Աղձք գյուղից, որտեղ ընտրությանը մասնակցած 750 մարդուց իր օգտին 130-ն է ընդամենը քվեարկել․ «Իրար հետ ապրած, մանկություն ունեցած, ինչ ասեմ, հարազատ մարդիկ, որոնց ես ասացի՝ կա՛մ ես եմ սխալ ապրել, կա՛մ դուք։ Եղավ այն, ինչ եղավ»։ 

Ավանդաբար իշխանական Սյունիքում էլ ՀՀԿ-ն խայտառակ պարտություն կրեց, Մենուա Հարությունյանին չփրկեց անգամ աղմուկ բարձրացրած ձին, որը նա իր հետ քարոզարշավի ասպարեզ բերեց՝ ստացավ 353 ձայն։ ՀՀԿ-ի մյուս ծանր հրետանին՝ Շուշան Պետրոսյանը՝ 117, կուսակցությունը ստացավ մոտ 3 հազար քվե ամբողջ մարզից։

Ինչո՞ւ։ «Նախ, որովհետեւ ես անձնապես չեմ ասել՝ ինձ ընտրեք, ասել եմ՝ ընտրեք ՀՀԿ-ին, երկրորդ՝ ես Սյունիք եմ գնացել այն ժամանակ, երբ տեղի ՀՀԿ կառույցն ամբողջությամբ քանդված էր, որովհետեւ ՀՀԿ-ի՝ իշխանությունը կորցնելուց հետո Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ոչ միայն դուրս եկավ այդ պաշտոնից, այլեւ կուսակցությունը լքեց ծանր պայմաններում։ Իրենից հետո կուսակցությունից դուրս եկան նաեւ ՀՀԿ-ական քաղաքապետերը, համայնքապետերը, որոնք այս ընտրություններին բացահայտ պաշտպանում էին Նիկոլի թեկնածուներին, եւ նախկին ՀՀԿ-ական թիմի պատճառով Սյունիքում ՀՀԿ-ին չէին սիրում, ինձ էլ անվանական ասում էին, որ չեն սիրում նախկին մարզպետին, էսինչ քաղաքապետին, ու էս պայմաններում 3 հազար ձայն հավաքելը եթե քիչ է, ուրեմն դա Վահե Հակոբյանի գնահատականն է, ինքն է երկար ժամանակ աշխատել, ոչ թե ես, ես ընդամենը մի քանի օր գնացել էի ժողովրդի հետ շփվելու»,- ասաց Մենուա Հարությունյանը։ Իր օգտին ստացած ձայներն ինքը շատ է համարում, քանի որ, իր խոսքով՝ եթե նախորդներն ամեն ինչ արել են, որ ատեն ՀՀԿ-ին, իսկ ինքն այդքան ձայն է հավաքել, քիչ չէ։

Ավելին, նրա գնահատմամբ՝ ՀՀԿ-ին պետական ռեսուրսով ճնշել են, որ խորհրդարան չանցնի․ «Համայնքապետերը հենց այնպես դուրս չէին գա ՀՀԿ-ից, Նիկոլի կողքի տղերքն էլ ամեն օր ասում էին, որ ՀՀԿ-ն չպիտի մտնի խորհրդարան, ես դրանից էլ կարող եմ ենթադրել, որ ներքին որոշում է կայացվել»։ Բայց քանի որ ՀՀԿ-ն չի բողոքարկում ընտրությունների արդյունքները, կնշանակի քվեարկությունը չի՞ կեղծվել։ «Դա դեռ պարզ չէ, ապագայում կարող է պարզվի, որ բանակին հրահանգել են ընտրել իշխանության համար։ Ասենք՝ ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, որ այսօրվա մարզպետները, որոնց ամիսներ առաջ մենակ իրենց տանեցիք էին ճանաչում, այսօր 10-20 հազար ձայն են հավաքում, դա առանց վարչական ռեսուրսի չի կարող լինել։ Եվ, ի վերջո, եթե այս պայմաններում ՀՀԿ-ն 60 հազար ձայն է ստացել, կարող էր 63 հազար էլ ստանար, էլի»։ 

ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանը, որը Տավուշի մարզից մեկուկես տարի առաջ 5 հազարից ավելի ձայն էր ստացել, այս ընտրություններին մոտ 4 անգամ նահանջ է գրանցել։ Նա կարծում է, որ հետհեղափոխական Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հայրենի Իջեւանում 1000 եւ մի քիչ ավելի ձայնը տասը հազար արժե։ «Իմ ձայները շատ լավ էլ ձայներ են, ՔՊ-ի թեկնածուներից հետո ես մարզում ամենաշատ քվե ստացած թեկնածուն եմ»,- պարծեցավ նա։ ՀՅԴ-ական թեկնածուն անակնկալի չի եկել իր կուսակցության արդյունքներից․ «Ընտրությանը մասնակցող ցանկացած ուժ պետք է ցանկացած արդյունքի պատրաստ լինի, կյանքը շարունակվում է, մենք ինչով կարողանանք, ծառայելու ենք մեր երկրի համար»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image