Հասարակություն

Անդրանիկ Քոչարյանը պահանջեց «մի հատ»  բացատրել՝ որտեղից 200 000 դոլար Գևորգյանին, որ մի հատ էլ պարտքով է տվել

Անդրանիկ Քոչարյանը պահանջեց «մի հատ»  բացատրել՝ որտեղից 200 000 դոլար Գևորգյանին,  որ մի հատ էլ պարտքով է տվել

Լեզվակռիվներին, հարաբերություններ պարզելուն և փոքրիկ ծեծկռտուքներին զուգահեռ, ԱԺ -ն շարունակում էր Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի թեկնածության շուրջ մտքերի փոխանակումն ու հարցուպատասխանը։ Անդրանիկ Քոչարյանը, դիմելով Արմեն Գևորգյանին, պահանջատիրական տոնով ասաց․ «Իմ ձեռքին է 18 թվականի Ձեր հայտարարագիրը, այստեղ կա, որ Դուք փոխառությամբ՝ պարտքով տվել եք 200 հազար դոլար և 90 միլիոն դրամ գումար։ Մի հատ բացատրեք՝ սա ինչ գումարներ ա։ Դուք, ինչքան հասկանում եմ, 96 թվականից սկսած` միայն պետական պաշտոններ եք զբաղեցրել»։

Անդրանիկ Քոչարյանը հարցրեց նաև՝ ճի՞շտ են այն հրապարակումները, որ Արմեն Գևորգյանի կինը Չեխիայում ունի ընկերություն, որը զբաղվում է անշարժ գույքի վաճառքով, և նաև, թե որ թվականից է այդ գործառույթներն իրականացնում։ Արմեն Գևորգյանը հեգնեց․ «Բարի, ես կփորձեմ այս ամենը կապել տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման կոնտեքստի հետ։ Հիմա ես չգիտեմ՝ որ թվականի հայտարարագիրն եք նայում, դա այն աշխատավարձն է, որ ես ստացել եմ «Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացման» հիմնադրամից։ Իսկ կնոջս մասին, այո, դա ճիշտ է, 2016-ին հրապարակումները եղել են, դրանք չեն հերքվել»:
Անդրանիկ Քոչարյանն էլ նկատեց՝ այսինքն, որևէ կոռուպցիոն դրսևորում դրա մեջ չկա՞։ «Ոչ»,-ասաց Արմեն Գևորգյանը և ավելացրեց, որ այդ փողերը մնացել են Հայաստանում և նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image