Հարցազրույց

«Հրապարակ». Տնտեսության ոչ արտահանելի հատվածը խժռել է արտահանելի հատվածը

«Հրապարակ». Տնտեսության ոչ արտահանելի հատվածը խժռել է արտահանելի հատվածը

Փաշինյանի կառավարությունը վերանայել է 2025-ի բյուջեի ցուցանիշները։ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին խնդրեցինք անդրադառնալ դրան:

- Սա խոսում է մեկ բանի մասին, որ կարծես թե այն ռիսկերը, որոնց մասին խոսում էինք ոչ միայն 2025 թ., այլեւ 2024 թ. բյուջեի համատեքստում, նյութականացել են, եւ կառավարությունը գալիս է նրան, որ այդ ռիսկերն իրական են, բավականին զգայուն են, եւ շատ ավելի ճիշտ կլինի, որ բյուջեի հիմքում ավելի իրատեսական ցուցանիշներ դնեն: Իհարկե, եթե մենք ուշադրություն դարձնենք թվերին, ֆինանսների նախարարը հայտարարեց, որ տնտեսական աճի ցուցանիշը 2025-ին 5,6 տոկոսից իջեցվել է 5,1 տոկոսի, այսինքն՝ 0,5 տոկոսային կետով, ինչն արժանացել է անվանական ՀՆԱ-ի նվազեցմանը 158 միլիարդով։ Սա նշանակում է, որ կառավարությունը ոչ միայն վերանայել է ապագա տարվա տնտեսական ցուցանիշը՝ նվազման ուղղությամբ, այլեւ վերանայել է 2024թ. տնտեսական ցուցանիշը՝ 5,8 տոկոսից, ամենայն հավանականությամբ, մոտենալով 5 տոկոսի: Սա շա՞տ է, թե՞ քիչ է: Ես կարծում եմ, որ, հաշվի առնելով ներկայիս տնտեսական կառուցվածքը եւ ՀՆԱ-ի առաջնորդող գործոնները, իսկ դրա մասին բազմիցս ենք խոսել, որ 2022-ից այս կողմ մեզ մոտ տնտեսական աճի առաջնորդող ճյուղը ոչ արտահանելի հատվածն է, եւ այդ հոսքերը հիմնականում կապված են Ռուսաստանի տնտեսության եւ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությամբ պայմանավորված սանկցիաների խնդրի հետ, մենք 2024-ին եւս ունենում ենք պոտենցիալից բարձր տնտեսական աճ, որովհետեւ մեզ մոտ այս տարի էական է եղել նաեւ վերաարտահանումը: 2025-ին կլինի՞ արդյոք նմանատիպ դրական շոկ, շատ դժվար է ասել, ուստի, նույնիսկ 5,1 տոկոսանոց տնտեսական աճի ցուցանիշը ռիսկային է, որովհետեւ չեմ կիսում այն կարծիքը, որ տնտեսական աճի հենքն ապահովող կամ պոտենցիալն աճ ունի, հատկապես, եթե ուշադրություն դարձնենք այլ ցուցանիշներին` ներդրումներ, բանկային վարկերի ալների աճ, կտեսնենք, որ իրականում տնտեսական աճի հենքերը խարխուլ են: Հիմնականում առաջնորդող է ոչ արտահանելի հատվածը, իսկ տնտեսագիտական աշխարհում ընդունված է, որ ոչ արտահանելի հատվածը բավականին խոցելի եւ զգայուն է արտաքին հոսքերին: Արտաքին հոսքերը գալիս են` ոչ արտահանելի հատվածը ծաղկում է, կրճատվում են՝ ոչ արտահանելի հատվածը տալիս է գործազրկություն:

- Իսկ մեր տնտեսությունն ի՞նչ պոտենցիալ ունի, եթե դիտարկենք ներկայացված թվերը եւ իրականությունը:

- Նախորդ տարիների, նաեւ մինչհեղափոխական տարիների համեմատ մեր տնտեսական պոտենցիալը թուլացած է: Ունենք ավելի կենտրոնացված տնտեսություն, մեր տնտեսությունն ավելի է մեծացնում իր կախվածությունը Ռուսաստանից, ունենք ավելի թույլ տնտեսական պոտենցիալի հնարավորություն, որովհետեւ, եթե ներդրումները հիմնականում գնում են ոչ արտահանելի հատված, վարկային պորտֆելները նույնպես բաշխվում են ոչ արտահանելի հատվածում, իսկ ոչ արտահանելի հատվածը բավականին խոցելի է: Հետեւաբար, բյուջեի հնարավորությունների տեսանկյունից, մենք մեծապես կախված ենք նրանից, թե ինչպիսին կլինեն 2025-ին աշխարհաքաղաքական զարգացումները, եւ այդ համատեքստում` հոսքերը ՌԴ-ից դեպի Հայաստան կամ վերաարտահանման հնարավորությունն ինչպիսի դրսեւորում կունենա 2025 թվականին: Դրանից ածանցված` կունենանք տնտեսական զարգացումներ: Եթե մի պահ մտածենք, որ այդ ֆինանսական հոսքերը թուլանալու են, դա, բնականաբար, բացասաբար է ազդելու մեր տնտեսական աճի վրա: Ես չեմ կիսում այն տեսակետը, թե մեր տնտեսական պոտենցիալն աճել է, եւ այսօր մենք գտնվում ենք 5-5,5 տոկոս տնտեսական աճ ստեղծելու տիրույթում: Նույնիսկ կառավարության ներկայացրած տնտեսական աճի գործոնային վերլուծությունում կա ե՛ւ կապիտալի արտադրողականության մասնաբաժինը, ե՛ւ աշխատուժի արտադրողականության, ե՛ւ աշխատուժի մասնակցության։ Այս բոլոր ցուցանիշները հիմնված են վիճակագրական գործիքակազմի եւ թվերի վրա, իսկ այդ թվերի մեջ կա աղմուկ, որը գալիս է իմ նշած դրական շոկից: Եթե այդ աղմուկը մաքրենք, տնտեսական աճի պոտենցիալն այս տարիներին թուլացել է՝ ոչ արտահանելի հատվածը խեղդել է արտահանելի հատվածին: Եթե թվերի լեզվով դիտարկենք` նայեք բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրված վարկերի ծավալները, կտեսնեք, որ 2024-ի սեպտեմբերի դրությամբ վարկերը 2018թ․ դեկտեմբերի համեմատ աճել են շուրջ 2,5 տրիլիոն դրամով... իսկ ո՞ւր է դա գնացել, դեպի հիպոթեքային վարկեր` ծավալներն ավելացել են ավելի քան մեկ տրիլիոնով, դեպի սպառողական վարկեր, շինարարություն եւ առեւտուր: Որքան է գնացել դեպի արդյունաբերություն, որն ամենահարկունակ արտահանելի ոլորտն է, այստեղ հարկերի ծավալներն աճել են ընդամենը 13 միլիարդով, եւ վտանգն այստեղից է գալիս: Երբ մենք խոսում ենք բյուջեի հնարավորությունների մասին, դրանք էապես կախված են տնտեսական աճ ստեղծելու քո հնարավորություններից` որքան բարիք կստեղծի տնտեսությունը, այնքան հարկ կգեներացնես եւ այդքանով ունակ կլինես, առանց վտանգելու քո ֆիսկալ կայունությունը, կատարել քո ծախսերը:

- Մի կողմից՝ կառավարությունը գնում է տարբեր ոլորտներում հարկային բեռի ավելացման, մյուս կողմից բյուջե 2025-ը չի նախատեսում թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում: Քաղաքացին ինչպե՞ս է իր վրա զգալու այս բյուջեն:

- Այո, կառավարությունը գնում է հարկերի բարձրացման: Իհարկե, եթե նայենք զուտ ֆինանսների նախարարության տեսանկյունից, նա իր մանդատին համապատասխան ճիշտ քաղաքականություն է անում՝ փորձում է հաշվեկշռել բյուջեն: Կան ստանձնած բավականին բարձր ծախսային պարտավորություններ, եւ դա պետք է ֆինանսավորել, եւ եթե դա թողնենք միայն դեֆիցիտի վրա, առանց այն էլ, այն աճող է տարիների ընթացքում, եւ սա եւս անհանգստացնող է: Մենք 2 տոկոս ՀՆԱ-ի մեջ դեֆիցիտի մակարդակի մեջ արդեն բարձրացել ենք 5-ից բարձր պակասուրդ-ՀՆԱ ցուցանիշին` 2025-ի համար, եւ եթե ֆինանսների նախարարությունը գործողություններ չանի, որ հարկերը հաշվեկշռվեն, մենք կունենանք շատ ավելի վատ պատկեր: Գումարած՝ ֆինանսների նախարարությունը փորձում է հարկերի բարձրացման համատեքստում հարկային արդարության սկզբունքները պահպանել, սակայն մենք կունենանք նաեւ սոցիալական խնդիրներ: Առավել եւս, վստահաբար եմ ասում` 2018-ից այս կողմ միջին եւ ցածր եկամուտ ունեցող անձանց սոցիալական վիճակն էապես է վատացել: Սա մեզ հուշում է նաեւ սպառողական վարկերի վարքագիծը, որոնք գրեթե կրկնապատկվել են այս տարիների ընթացքում, իսկ սպառողական վարկերից չեն օգտվում միջինից բարձր եկամուտ ունեցող տնային տնտեսությունները: Հետեւաբար, ներկայիս ռիսկերի եւ վտանգների համատեքստում ֆինանսների նախարարությունը ճիշտ է արել, որ չի գնացել աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման, որովհետեւ, եթե բարձրացներ, դա ավելի ծանր վիճակի մեջ կդներ ՀՀ-ն: Բայց փաստը մնում է փաստ, որ միջինից ցածր եկամուտ ունեցող տնտեսություններն ապագայում էլ ավելի են խոցվելու, որովհետեւ նրանք ունեն իրենց հաշվեկշիռներում սպառողական վարկեր, առաջիկա մի քանի տարիներին պետք է ապրեն այդ վարկերի հետ, իսկ երբ եկամուտներն ավելի դանդաղ են աճում, անվանական գնաճը խժռում է եկամուտները, երբ, Աստված մի արասցե, իմ նախանշած ռիսկերը նյութականանան, եւ ոչ արտահանելի հատվածը սկսի կրճատվել՝ տալով գործազրկություն, այդ բոլոր գործոնների արդյունքում, բնականաբար, սոցիալական խնդիրներ կառաջանան:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image