Դեռևս 2022-ին տեղեկացանք, որ ՀՀ ՆԳ նախկին նախարար, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի գործով դատական գործը, նրա ընտանիքի պահանջով վերաբացվել է: Ընտանիքը հետմահու արդարացման դատավճիռ է պահանջում: Այսօր պետք է դատական նիստ կայանար, բայց չկայացավ կողմերի բացակայության պատճառով։ Վանո Սիրադեղյանի որդու՝ Խաչատուր Սիրադեղյանի, ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանին տեղեկացրել էր, որ իր վստահորդը Հայաստանից բացակայում է, իսկ ինքը բժշկական հետազոտություն պետք է անցնի, ուստի իրենք չեն կարող ներկա գտնվել այսօրվա դատական նիստին։ Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը մահացել է 2021-ի հոկտեմբերին, աճյունը տեղափոխվել է Հայաստան և հուղարկավորվել իր հարազատ Կոթի գյուղում: Ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրվել, թե զբաղեցնելով նախարարի պաշտոնը՝ նա 1992 թվականի ամռանը Արմեն Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ (բանդա), որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումները, սպանություններն ու այլ հանցագործությունները։ 2000 թվականին Վանո Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել էր՝ նրա` Հայաստանից հեռանալու պատճառով։
2022 թվականին նրա վերաբերյալ հարուցված քրեական գործի քննությունը վերսկսվել է: Փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուրը պահանջելու է շարունակել գործի քննությունը՝ արդարացման ակնկալիքով։ Սիրադեղյանի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի որդին էլ օրերս հարցազրույց է տվել և նշել, որ արդեն շուրջ 31 տարի անազատության մեջ գտնվող հայրը սպասում է Վանո Սիրադեղյանի գործով վճռին, որը կհանդիսանա նոր հանգամանք իր գործի քննությունը ևս վերսկսելու համար: Որից հետո հայրը գուցե ազատ կարձակվի: Հավանաբար հենց այդ պատճառով էլ վերջին շրջանում Տեր-Սահակյանները սկսել են հարցազրույցներ տալ և հատկապես Ռոբերտ Քոչարյանին են սուր քննադատում, որպեսզի գործող իշխանությունը քայլեր ձեռնարկի:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը, ում խմբագրած թերթում Վանո Սիրադեղյանը տարիներ շարունակ Ավետիս Հարությունյան ստորագրությամբ հանդես էր գալիս, հավանություն է տվել Սիրադեղյանին արդարացնելու գործընթացին ու խոստացել է հետմահու արդարացնել նրան: Ի դեպ Խաչատուր Սիրադեղյանը «Հրապարակի» հետ զրույցում չհերքեց, որ այս մասով Փաշինյանի հետ քննարկում է ունեցել և Փաշինյանը ինչ որ խոստում է տվել: Նա նշեց. «Չեմ ցանկանում հարցազրույց տալ»: Հարցին՝ Փաշինյանի հետ դատական գործի մասին զրույց, քննարկում եղե՞լ է, ի՞նչ է խոստացել վարչապետը, Սիրադեղյանը նշեց.«Հարցին չեմ կարող պատասխանել»: