«Հրապարակ» -ի զրուցակիցը թուրքագետ, պ․գ․թ․Վարուժան Գեղամյանն է։
-Պարոն Գեղամյան, Ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին ի՞նչ տրամադրություններ կան Թուրքիայում՝ հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ գործող իշխանությունն, ըստ էության լռության է մատնել օրվա խորհուրդն ու գնում է ուրացման ճանապարհով։ Ի՞նչ է գրում թուրքական մամուլն այս օրերին։
-Մինչեւ այս պահը, խոշոր հաշվով, այդ թեմային լայնածավալ անդրադարձ չկա եւ կարելի է ենթադրել, որ դա կլինի առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում, բայց տրամադրությունների եւ հնարավոր հրապարակումների մասին մենք կարող ենք դատել՝ ելնելով նախորդ տարիների եւ նախորդ ամիսների փորձից։ Ցավոք սրտի, արձանագրելու որեւէ լավ բան չունենք։ Բնականաբար, թուրքական կողմն ուշի ուշով հետեւում է ներհայաստանյան իրադարձություններին, առավել եւս, հետեւում է Հայաստանի դե ֆակտո իշխանությունների՝ թե՛ քաղաքականությանը, թե՛ գործողություններին, որոնք անթաքույց հաճույք եւ բավարարվածության զգացում են պարգեւում թուրքական կողմին, ինչը հնչում է տարբեր գործիչների, հրապարակախոսների, սյունակագիրների ու լրագրողների նյութերից։ Բայց, միեւնույն ժամանակ պետք է ասել, որ իրենց համար սա կարծես կատարված իրադարձություն է եւ այնպես չի ներկայացվում, որ դա ինչ-որ աննախադեպ բան է։ Ներկայացվում է, որ արդեն փաստ է՝ Հայաստանում ունեն առկա իշխանություն, որը խոշոր հաշվով, ինչպես իրենք են մատուցում՝ «ճիշտ» գծի վրա է եւ անում է ամեն ինչ, որ իբրեւ թե «կեղծ» քարոզչությունը տեղ չունենա վարվող քաղաքականության մեջ, ինչը իբրեւ թե կբերի խաղաղության ու բարգավաճման, այսինքն, խոշոր հաշվով, Թուրքիայում արձանագրում եւ պնդում են, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունների վարած քաղաքականությունը, ըստ էության, մշակվում է իրենց՝ տարիներով եփված ու մշակված քարոզչական թեզերից եւ ապացուցում է այդ թեզերը:
-Խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես, ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծ է դրել շրջանառության մեջ, ինչին իշխանությունը նախօրեին շատ լարված ու ագրեսիվ արձագանքեց՝ ընդհուպ մինչեւ քաշքշոց ու վիճաբանություն։ Հասկանալի է, որ ՔՊ-ն դեմ է քվեարկել, բայց սրանով հանդերձ, ստեղծված իրավիճակում, երբ ՀՀ իշխանությունն ամեն բան անում է՝ գոհացնելու Անկարային ու Բաքվին, նման նախագծի հայտնվելը օրենսդիր մարմնում ի՞նչ նշանակություն ունի եւ որքանո՞վ է այդ նախաձեռնությունը վտանգավոր Փաշինյանի իշխանության ու նրա թրքամետ կուրսի համար։ Թուրքիայում գուցե Փաշինյանի մասով հանգիստ են, բայց վստահաբար, հասկանում են, որ նա հայ հասարակության մեծամասնության տեսակետը չի արտահայտում։
-Այո, անշուշտ կան անհանգստություններ։ Կրկնեմ այն միտքը, որ Թուրքիայում մանրամասնությամբ եւ ուշադիր են հետեւում հայաստանյան իրադարձություններին, հասարական տրամադրություններին, այդ տրամադրությունների կերպափոխումներին եւ կարծում եմ՝ ինչպես մենք այստեղ գիտենք, այնպես էլ իրենք այնտեղ քաջատեղյակ են, որ հայ հասարակության եւ ընդհանրապես հայության ոչ թե ճնշող մեծամասնությունը, այլ բացարձակ մեծամասնությունը, բնականաբար, չի կիսում դե ֆակտո իշխանությունների քարոզչական գիծը, հռետորաբանությունը եւ առավել եւս քաղաքականությունը։ Այս իմաստով, իհարկե, այնտեղ հասկանում են, որ գործ ունեն ոչ թե հայ հասարակության, այլ ուղղակի նրա մի խմբի հետ, որն այս պահին հանդիսանում է իշխանություն։ Միեւնույն ժամանակ, պետք է ասել, որ հետեւողական աշխատանքը մշտապես արդյունք տալիս է եւ որքան շատ այդ քարոզչությունը կրկնվի, այնքան շատ այդ պրոթուրքական թեզերը դառնան հասրակական օրակարգի մաս, այնքան ավելի կարող է յուրացվել հասարակության որոշ խմբի կողմից։ Իհարկե, դա էլի փոքր խումբ է լինելու, բայց պատկերացրեք, եթե անընդհատ քարոզեն, որ Ցեղասպանություն եղել է, բայց մեղավորը դու ես, մարդկանց համար դա ինչ-որ իմաստով, առնվազն, մոլորության վիճակ կարող է ստեղծել, հետեւաբար, այդ քարոզը ամբողջությամբ հիմնված է թուրքական քարոզչության՝ տասնամյակներով մշակված թեզերի վրա՝ սկսած այն բանից, որ հայերի ցեղասպանության մեջ մեղավոր են երրորդ ուժերը եւ ոչ Թուրքիան, վերջացրած նրանով, որ վերջին հաշվով կասկածի տակ է դրվում բուն եղելությունը։ Դրանք մեկ շղթայի մասերն են, ուղղակի աստիճանաբար է այդ քարոզչությունը ներարկվում հայ հասարակությանը։ Եվ, երրորդ հանգամանքը պետք է նշեմ, որ իհարկե, դե ֆակտո իշխանությունները, հատկապես վերջին տարիներին, որեւէ քայլ չեն արել, որը կարող է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին ուղիղ դեմ գնալ առնվազն այն բոլոր հարցերում, որոնց մասով իրենք խոստացել են, որ ունենալու են այլ քաղաքականություն, որը չի վնասելու Թուրքիային։ Սրա վառ վկայությունն այն է, որ մենք տեսնում ենք, որ մինչեւ այս էլ ՀՀ դե ֆակտո ԱԺ-ն բացահայտ պրոհայկական բանաձեւը չի ընդունում, օրինակ, ռազմագերիների հարցով նախագծին չեն քվեարկում իշխանությունները, ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին դեմ հանդես գալը եւս նույն շարքից է եւ ինձ համար զարմանալի ոչինչ չկա։ Ես կարող եմ ասել, որ զարմանում եմ, որ մենք դեռ զարմանում ենք, որ այդպիսի քայլ են անելու։ Բնականաբար, նման գործողություններն օրըստօրե ավելի են շատանալու։ Չեմ բացառում, որ հաջորդ տարելիցին մենք կունենանք տեքստ, որտեղ ՀՀ դե ֆակտո իշխանություններն ընդհանրապես ցեղասպանություն բառը չեն հիշատակի, արդեն այդ միտումը կա՝ Եղեռն բառն ավելի շատ են կիրառում, իսկ այստեղ տարբերությունն ակնհայտ է, մի դեպքում գործ ունենք քաղաքական կշիռ ունեցող իրավական տերմինի հետ, մյուս դեպքում՝ հայկական ավանդույթում օգտագործվող տերմինի։ Ցավոք, ներկա միտումների պահպանման պարագայում նման բաները դառնալու են ավելի շատ ու կոպիտ, չեմ բացառում, որ ինչ-որ փուլում արդեն արգելվի որեւէ հանրային միջոցառում, որը կհիշատակի, որ տեղի է ունեցել ցեղասպանություն եւ դրա կազմակերպիչը եղել է Թուրքիան։ Արդեն ես ստացել եմ այնպիսի տեղեկություններ, որոնք չեն հերքվում, որ կա կարգադրություն ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին՝ տարբեր երկրներում փորձել աշխատել հայկական համայնքի հետ, որ վերջիններս այդ միջոցառումների ժամանակ չհիշատակեն, որ ցեղասպանության կազմակերպիչն ու իրականացնողը Օսմանյան կայսրությունն է։ Պարզ է չէ՞, որ հաջորդիվ, եթե դա էլ հաջողվի, ավելի կոշտացվելու է այդ գիծը եւ այդ առումով, գործող իշխանությունները հետեւողական են, որովհետեւ խոշոր հաշվով Թուրքիայի իշխանություններն են հանդիսանում նրանց քաղաքական հենարանը։
-Թուրքիայում, եթե չեմ սխալվում, Փաշինյանին ասում են՝ «Հայաստանի՝ մեր նահանգապետը», դա ի՞նչ է նշանակում։
-Այո, կա նման խոսույթ թուրքական, նաեւ ադրբեջանական սոցցանցային տիրույթում, բայց այս պարագայում հենց Թուրքիայի սոցցանցային տիրույթում ամենահաճախ հանդիպող բնորոշումներից մեկը, որ վերաբերվում է ՀՀ դե ֆակտո իշխանություններին եւ մասնավորապես, վարչապետին, ասում են «Հայաստանի՝ մեր նահանգապետ», ընդ որում, օգտագործում են վիլայեթ բառը՝ նահանգի համար եւ այստեղ շատ ակնհայտ է, թե ինչ նկատի ունեն այդ օգտատերերը: Իրենց ընկալումներում ՀՀ դե ֆակտո իշխանությունները, նրա ղեկավարը փաստացի ամբողջությամբ կատարում է այն նույն գործառույթը, ինչը կկատարեր, եթե ՀՀ ղեկավարը պաշտոնապես լիներ թուրք։ Թուրքական քաղաքական մտքում եւ այս պահին իշխող իսլամական ազգայնականության կրող իշխանությունների համար Հարավային Կովկասը եւ Հայաստանը ընկալվում է որպես բնական ազդեցության գոտի եւ տարածք, որը, ի վերջո, պետք է նվաճել։