Երեկ հայտնի դարձավ, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր խորհրդական Վահան Կոստանյանին նշանակել է նախարարի տեղակալի պաշտոնում։ Վահան Կոստանյանը հանրությանը հայտնի դարձավ դեռևս 2017 թվականին, երբ «Ռեստարտ» կազմակերպության հետ պայքարում էին բանակից տարկետման համար, ձեռքի հետ էլ ռեկտոր Արամ Սիմոնյանի կյանքն էին դժոխքի վերածում։ Վահան Կոստանյանն այդ ժամանակ հայտարարել էր. «ԵՊՀ-ն Սերժ Սարգսյանի դուքյանը չէ», արդյունքում ԵՊՀ-ն դարձավ Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի դուքյանը։
2018-ից հետ Վահան Կոստանյանը նախ աշխատեց Արարատ Միրզոյանի աշխատակազմում` երբ նա փոխվարչապետ էր, ապա երբ Միրզոյանը դարձավ Ազգային ժողովի խոսնակ, Կոստանյանին նշանակեց իր օգնական: Վահան Կոստանյանը Միրզոյանի օգնականն էր նաև այն ժամանակ, երբ Արարատ Միրզոյանը ընդդիմադիր պատգամավոր էր։ 2018-19 թվականներին Վահան Կոստանյանը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակի պարտականություններն էր կատարում։ Այսինքն՝ ուսանող տարիներից մինչ այժմ Կոստանյանն ու Արարատ Միրզոյանը միասին են` անբաժան ընկերներ։ Կոստանյանն ընդամենը 28 տարեկան է, և արդեն փոխնախարար։
Որպեսզի հասկանանք, թե սա ինչ նշանակում է, տեսնենք, թե ով են Արտաքին գործերի նախարարի մյուս 3 տեղակալները. Վահե Գևորգյանը, Պարույր Հովհաննիսյանն ու Մնացական Հովհաննիսյանը։
Փոխնախարար Վահե Գևորգյանն ԱԳՆ-ում իր աշխատանքային գործունեությունը սկսել է հեռավոր 1997 թվականին, մինչև 2001 թվականը եղել է ԱԳՆ-ի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչությունում որպես կցորդ, երրոդ քարտուղար, այնուհետև բաժնի վարիչ, 2001-ից 2004 թվականներին եղել է Չինաստանում ՀՀ դեսպան, 2007-2009 թվականներին Եվրոպայի վարչության բաժնի վարիչի պաշտոնակատար է եղել, 2009-ից 2011 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչությունում՝ որպես առաջին քարտուղար, 2011-2013 թվականներին եղել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ,
2013-2017 թվականներին ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչությունում բաժնի վարիչ է աշխատել,
2017-2019 թվականներին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ է եղել, ապա նշանակվել է նախարարի խորհրդական և 2021 թվականին նոր միայն ԱԳ նախարարի տեղակալ։ Այսինքն՝ Վահե Գևորգյանը դիվանագիտական ամենացածր պաշտոններից է սկսել, նա ԱԳՆ-ում աշխատանքի է անցել 25 տարեկանում և նախարարի տեղակալ է դարձել միայն 24 տարի անց։
Միրզոյանի մյուս տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԱԳՆ-ում իր աշխատանքը սկսել է 23 տարեկանից, դարձյալ ամենացածր պաշտոններից․ 1996- 98 թվականներին Պարույր Հովհաննիսյանն աշխատել է ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնում որպես կցորդ,
1998-2001թվականներին աշխատել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում (Նյու Յորք)մ երրորդ, ապա՝ երկրորդ քարտուղար, 2001-2005 թվականներին ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի պետն է եղել,
2005-2010 թվականներին Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալն է եղել, 2011-2012 թվականներին ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ ԵՄ հարցերով խորհրդականն եղել, 2013-2014թթ․ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բաժնի պետ,2014-2016թթ․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ,
2016-2021թթ․ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ։ 2021 թվականին նշանակվել է նախարարի տեղակալի պաշտոնում։ Պարույր Հովհաննիսյանը փոխնախարար է դարձել ԱԳՆ-ում աշխատանքի անցնելու օրվանից 25 տարի անց։
Գրեթե նույնական ճանապարհ է անցել նաեւ մյուս փոխնախարարը` Մնացական Սաֆարյանը, որը նախարարի տեղակալ է նշանակվել 2022 թվականին՝ ԱԳՆ-ում աշխատանքի անցնելուց հետո 25 տարի անց։
Այս փոխնախարարներից յուրաքանչյուրը մի քանի համալսարան է ավարտել, Մնացական Սաֆարյանը տիրապետում է ռուսերեն, անգլերեն, չինարեն լեզուներին, Պարույր Հովհաննիսյանն ու Վահե Գևորգյանն էլ՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին։ Այս փոխնախարարները ԱԳՆ-ում աշխատել են մոտավորապես այնքան, ինչքան իրենց նորանշանակ կոլեգայի՝ Վահան Կոստանյանի տարիքն է։ Ի դեպ, Կոստանյանը բանակում այդպես էլ չծառայեց` այն պատրվակով, որ գիտությամբ է զբաղվելու, հետաքրքիր է, թե 2017 թվականից մինչ օրս Կոստանյանը գիտական ինչպիսի գործունեություն է ծավալել։