Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում։ Հայաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը (1991թ.) տարածվում է բոլոր հետխորհրդային պետությունների, այլ ոչ միայն Հայաստանի վրա, քանի որ այն ստորագրել են խորհրդային հանրապետությունները, այդ թվում Ռուսաստանն ու Ուկրաինան՝ ճանաչելով միմյանց սահմանները: Հայաստանի նման երկրի ղեկավարը պետք է խուսանավեր նման հայտարարությունից՝ ելնելով երկրի շուրջ ստեղծված անվտանգային լուրջ իրավիճակներից: Առանց այն էլ նրա եվրոպական վոյաժներն արդեն գազազեցնում են «սպիտակ արջին»:
Փաշինյանն այս հարցի շուրջ կարող էր խոսել դիվանագիտորեն, կամ թեկուզ իր նման՝ «կրուտիտներով», շրջանցելով սուր անկյունները: Հավանաբար, եվրոպական տիրույթում գտնվելուց նա ավելի էր ոգեւորվել եւ որոշեց անկեղծանալ եւ ասաց այն, ինչ մտածում էր: Նրան անմիջապես պատասխանեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք այն հարցում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, եւ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ։ Դա գաղտնիք չէ։ Ուստի սա մեր հայ բարեկամների հայտնի դիրքորոշումն է։ Մենք նրանց հետ համաձայն չենք դրանում եւ համառորեն կշարունակենք բացատրել մեր իրավացիությունը»:
Այս մեկնաբանությունը բավականին բազմանշանակ է…Հետաքրքրականն այն է, որ Պեսկովն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շատ արագ ու օպերատիվորեն պատասխանում են Փաշինյանին, նրա հնչեցրած ցանկացած խոսքին, որն առնչվում է ՌԴ-ին, նրա թշնամիներին եւ այլն: Բայց երբ Ալիեւն է իրեն թույլ տալիս նման, կամ անգամ ավելի հակառուսական մտքեր, ՌԴ պաշտոնական դեմքերը ոչինչ չեն խոսում: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել են նաեւ Իլհամ Ալիեւն ու Զելենսկին: Ալիեւը Զելենսկուն ասել է. «Մեր աջակցությունն Ուկրաինայի տարածքային ինքնիշխանությանն ու ամբողջականությանը անսասան է, և դա չի փոխվի։ Մենք՝ որպես օկուպացիայից տուժած երկիր, հիանալի հասկանում ենք ձեր վիճակը և խաղաղություն ենք մաղթում ուկրաինացիներին և Ուկրաինային»։
Այս խոսքը ավելի հակառուսական է, քան Փաշինյանի արած հայտարարությունը: Այսինքն, Ալիեւը ՌԴ-ին համարում է օկուպանտ, ու, ճանաչելով Ուկրաինայի տարածքային եւ ինքնիշխանության ամբողջականությունը, բացահայտ տեղավորվում է ՌԴ-ի թշնամիների խրամատներում: Բայց զարմանալիորեն այս մասին ոչ Պեսկովը հիշեց ու պատասխանեց, ոչ էլ Զախարովան: Այս հայտարարության մասին նրանք, կարծես թե ոչ լսել են, ոչ տեսել…