Քաղաքականություն

60-70 տոկոսի հույս ունենք. «Հեղափոխության պահապաններից» մեկը՝ ՔՊ-ի ցուցակում

60-70 տոկոսի հույս ունենք. «Հեղափոխության պահապաններից» մեկը՝ ՔՊ-ի ցուցակում

«Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբակը, որը հայտնի է իր ագրեսիվ պահվածքով եւ ստանձնել է Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում պատգամավորության թեկնածու ունի՝ Հայկ Ստեփանյանը։ Այս խումբը Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտություններ անողներին կանչում էր «ռազբորկայի», ստիպում, որ հետ կանգնեն իրենց խոսքերից, բայց հատկապես ակտիվացավ պատերազմից հետո, երբ Պռոշյանի կառավարական առանձնատներում տեղակայվեց եւ սկսեց շուրջօրյա «պահպանություն» իրականացնել։ 2018-ից հետո ստեղծված այս խմբակի ներկայացուցիչը ցուցակի հեռավոր՝ 106-րդ համարում է հանգրվանել։ Նրանք ակտիվորեն մասնակցում են նաեւ Փաշինյանի քարոզարշավին, օրինակ՝ Արմավիրի մարզի այցին էին մասնակցում։ Հայկ Ստեփանյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ հարցին՝ ի՞նքն է ցանկություն հայտնել լինել ՔՊ ցուցակում, թե՞ իրեն ներառել են։

- Այն, որ Դուք ոչ անցողիկ հորիզոնականում եք, դրան ինչպե՞ս եք վերաբերվում։

- Հարցումնե՞ր եք անցկացրել։

- Կան բազմաթիվ հարցումներ, օրինակ՝ Գելափինը։

- Դե, Գելափի հարցումները, իմ տեղեկություններով, կեղծված են եղել։ Չեմ կարծում, որ ինչ-որ տարբերություն կա, թե որ համարի տակ են մարդիկ։ Կարեւորը, որ ինձ վստահել է թիմը եւ ընդգրկել է ցուցակ։ Ես ամենան անելու եմ, որ ՀՀ-ն էլ ավելի լավն ու ամուր դառնա։

- Ձեր կարծիքով՝ ՔՊ-ն քանի՞ տոկոս ձայն կունենա։

- Ես կարծում եմ, որ 60-70 տոկոս քվե։

- Որտեղի՞ց այդ վստահությունը։

- Ես քարոզարշավի մեջ եմ, հիմա մենք գնում ենք Աշտարակ քաղաք, եւ ժողովրդի վերաբերմունքից, նաեւ նրանից, թե որքան մարդ է հավաքվում համայնքներում, ես հասկանում եմ, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ նախկինի վերադառնալուն։ Կարծում եմ՝ առնվազն 60 տոկոս քվե կունենանք, եթե լավատես լինեմ՝ 70 տոկոսի հույս ունեմ։

- Փաշինյանի վարկանիշը չի՞ ընկել 2018-ից հետո։

- Եղել է հեղափոխություն, բնական է, որ որոշակի կարող են լինել հիասթափություններ, մենք ունեցել ենք ծանր 2020 թվական։ Այդ մեդիատեռորի ֆոնին, կարծում եմ, մեր ժողովուրդը գիտակցում է՝ ինչ է տեղի ունեցել։

- Ի՞նչ մեդիատեռոր է եղել։

- Ընդհանուր՝ համացանցում։

- Խոսքը կառավարության հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքերի մասի՞ն է։

- ՊՈԱԿ-ը պետական կառույց է, խնդրում եմ՝ հարգել մեր պետական մարմինները։ Պետական աշխատակիցներին անվանում եք ֆեյքեր։ Եթե փաստեր ունեք, որ ֆեյքեր ունենք, խնդրում եմ հրապարակեք։

- Մարդիկ հրապարակում են, քաղաքացիները գնացել, գտել էին ֆեյքերի գործարան։

- Դա մեդիատեռորի մի մաս է, մենք գիտենք, որ նախկիններն ունեն մեծ լրատվամիջոցներ։

- Պարոն Փաշինյանը եւս լրատվամիջոցներ ունի, օրինակ՝ նրան է ծառայում Հանրայինը։

- Դա պետական կառույց է, ոչ ոքի չի պատկանում։

- Լավ, վերադառնանք Ձեզ՝ Ձեր ո՞ր արժանիքի համար եք ներառվել ցուցակում, մարդկանց «ռազբորկաների» կանչելո՞ւ, թե՞ ․․․

- Ես իմ արժանիքների մասին չեմ խոսի։ Այն, որ ասվում է, թե գնացել ենք, մարդկանց ենք ճնշել, նախեւառաջ՝ այդ հարցը վաղուց փակված է, ես հայտարարել եմ, որ ոչ ոք ոչ ոքի չի ճնշել։ Մեր գործունեությանը հետեւե՞լ եք, թե՞ գիտեք այնպիսին, ինչպիսին ներկայացնում է ընդդիմությունը։

- Ես Ձեզ հիշում եմ «ռազբոր- կաներ» անելիս, ինչպես նաեւ պատերազմի օրերին․․․

- Մենք եղել ենք Արցախում, զբաղվել ենք բարեգործությամբ, թեպետ փորձեցին դա էլ մեր դեմ օգտագործել, դա շատ լկտի բան էր, դա փորձեցին շահարկել, թե իբր գումարներ ենք վերցրել։ Ցանկացած աշխատանք, որն իրականացնում ենք, ընդունվում է ընդդիմադիրների կողմից բացասական։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image