Ոստիկանությունը Հայաստանի ամենապահանջված կառույցն է։ Դրա միջոցով ոչ միայն իշխանություն են փրկում, ցուցարար ծեծում, ՀՀ տարածքները ուժով պոկում ու հանձնում թշնամուն, այլև բյուջե են լցնում` ամենաանհեթեթ պատճառաբանություններով տուգանելով։ Մեզ հասած տեղեկություններով, վերջերս ոստիկանները տուգանել են Լոռու մարզի մանկապարտեզներից մեկի տնօրենին` 90 հազար դրամով, այն բանի համար, որ մանկապարտեզի շենքի վրա չի եղել ՀՀ պետական դրոշը։ Տուգանքի հիմքը «Դրոշի մասին» ՀՀ օրենքի երրորդ կետն է, որով սահմանված է ՀՀ դրոշի գործածումը։
Ուշադիր կարդացինք այս հոդվածը եւ թվարկումը, որ շենքերի վրա է պարտադիր տեղադրվում ՀՀ դրոշը։ 5-րդ կետում գրված է․
«ՀՀ դրոշը տեղադրվում է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի և Ազգային ժողովի այլ մարմինների, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Կենտրոնական բանկի նախագահի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, ինքնավար և անկախ պետական մարմինների, պետական կառավարման համակարգի մարմինների, պետական այլ մարմինների ղեկավարների, դատավորների և դատախազների, մարզպետների և համայնքների ղեկավարների, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների) ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում: Հավանաբար, ոստիկանները մսուր-մանկապարտեզը համարել են «պետական այլ մարմին», բայց եթե անգամ համարել են` հարկավոր էր ընդամենը տնօրենին ասել, որ դրոշը տեղադրի ու վերջ, այլ ոչ թե տուգանել։
Հիշեցնենք՝ նոր իշխանության օրոք «ՀՀ դրոշի մասին» օրենքը փոփոխվել է 2 անգամ։ Վերջին՝ 2023 թվականի հուլիսի 12-ի փոփոխությամբ դրոշին ներկայացվող պահանջների պահպանման հսկողությունը վերապահվել է ոստիկանությանը։