Հարցազրույց

«Հրապարակ». Կարեն Անդրեասյանին հաջողվեց ԲԴԽ բոլոր անդամներին դարձնել խամաճիկ

«Հրապարակ». Կարեն Անդրեասյանին հաջողվեց ԲԴԽ բոլոր անդամներին դարձնել խամաճիկ

Բարձրագույն դատական խորհուրդը մի կարճատեւ դադարից հետո վերսկսել է իշխանության համար անցանկալի դատավորների լիազորությունները դադարեցնելու գործընթացը: Երեկ ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները` բավարարելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ 2024 թ. մարտի 1-ին Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել։ 2023թ․-ի դեկտեմբերի 27-ին դատավոր Դանիբեկյանը հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Միաժամանակ դատարանն արդարացման դատավճիռ չի կայացրել։ Այդ գործով ձեռներեց Սիլվա Համբարձումյանը մեղադրում էր Քոչարյանին 2008թ․-ին 3մլն դոլարի կաշառք վերցնելու մեջ։ Ըստ այդ տեսանյութի` Դանիբեկյանի կողմից դատական նիստերի հետաձգումները հիմնավորված չեն եղել, դատարանը չի իրականացրել դատական սանկցիա կիրառելու իր իրավունքը եւ այլ լոլոներ։ Հուլիսի 9-ին դադարեցվեցին դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները: Իսկ ավելի վաղ մի շարք դատավորների լիազորություններ էին դադարեցվել: Այդ թվում` երկարամյա դատավոր Ալեքսեյ Սուքոյանինը, ում մի քանի հարց ենք ուղղել այս թեմայով: 

- Տպավորություն է, որ այս իշխանություններին փորձառու դատավորներ պետք չեն, 25-30 տարեկան, գուցե գրագետ, բայց անփորձ նորաթուխ դատավորներ են հարկավոր, որ խելոք կատարեն իշխանական պատվերները: ԲԴԽ-ն անգամ չի թաքցնում, որ տարբեր ստանդարտներ է կիրառում տարբեր անձանց եւ գործերի նկատմամբ` լիազորությունները դադարեցնելու հաղորդագրության մեջ նշել են. «Դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարեւոր գործերից մեկով, եւ պետք է արդյունավետ կազմակերպեր եւ ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն»: Խոսքը Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին դատելու մասին է: Ի՞նչ գնահատական կտաք:

- Տենդենցը հասկանալի է, մի քանի օր առաջ էլ Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցրին: Արթուրի հետ աշխատել եմ` հմուտ, փորձառու, լավ մասնագետ է, իսկ թե ինչու են դադարեցրել լիազորությունները, անկեղծ ասած, անգամ որոշումը չեմ կարդացել, ամեն դեպքում ցավալի է, որ նման մասնագետները դուրս են գալիս դատաիրավական համակարգից: Թեպետ Աննա Դանիբեկյանին չեմ ճանաչում, սակայն կարող եմ ասել, որ այս տենդենցը խիստ ցավալի է համակարգի համար:

- Փաստորեն, դատավորի լիազորությունները կարող են դադարեցնել, քանի որ դատավորը դատական նիստերը չի արել այն պարբերականությամբ, ինչպես իշխանավորները կցանկանային:

- Նիստերի ձգձգվելու մասին` ամեն դատավոր ինքն է դատական նիստերի ընթացքի ողջամտությունը գնահատում: Դանիբեկյանը հեռացվել է փաստացի ինչ-որ տեսաֆիլմի հիման վրա: Մենք այդ հարցը շատ ենք բարձրացրել, թե արդարադատության նախարարը երբ իրավունք ունի նման որոշումներ կայացնելու եւ երբ` ոչ: Երբ է այն ողջամիտ, երբ` ոչ, ով է պրոցեսի շահառուն եւ այլն: Ես տենդենց եմ նկատում, որ քիչ թե շատ հմուտ, փորձառու դատավորներին ԲԴԽ-ն հեռացնում է համակարգից: Սա անհասկանալի, անառողջ մթնոլորտ է ձեւավորում: Հեռացված դատավորները՝ բոլորն անկախ, ինքնուրույն դատավորներ են, սա արդեն իսկ որոշակի հարցերի պատասխաններ է տալիս: Նրանց լիազորությունները դադարեցնելը համարում եմ ոչ ողջամիտ:

- Ըստ Ձեզ` ո՞րն է դրա պատճառը: Ինչո՞ւ են նման դատավորներին հեռացնում: Ի՞նչը նրանք իշխանության սրտով չեն անում:

- Եթե դատավորներին համակարգից հեռացնելը եղել է միաձայն, չեն եղել դեմ քվեարկողներ, դա ավելի վատ է: ԲԴԽ-ն դարձել է մի մարմին, որը միանձնյա նման որոշումներ է կայացնում, ինչն անառողջ է, չի կարող այդպես լինել: Աննա Փիլոսյան, Դավիթ Հարությունյան․ նրանք էլ, չգիտես ինչու, հեռացվեցին: Եթե միաձայն բոլորը դեմ են քվեարկում, նշանակում է կա համաձայնություն, այսինքն` ԲԴԽ-ն ոչ թե որպես դատարան է գործում, այլ ուղղակի մի հանձնաժողով է դարձել, որը կատարում է ղեկավարի ցուցումները: Սա ամենասարսափելին է: ԲԴԽ-ն պետք է գործի որպես դատարան, որտեղ պետք է տարբեր դիրքորոշումներ լինեն, որոնք կարտացոլվեն: Այդ խորհուրդը Սահմանադրությամբ մի բանի համար է, սակայն, փաստորեն, չի իրականացնում Սահմանադրության պահանջները, այլ միանձնյա որոշումներ է ընդունում:

- Երկար տարիներ համակարգում աշխատել եք: Առաջ ո՞ր դեպքերում էին դատավորներին լիազորություններից զրկում:

- Առաջներում, որպեսզի դատավորի լիազորությունները դադարեցնեին, Արդարադատության խորհուրդը պետք է փաստեր ունենար, որ դատավորը ներգրավված է կոռուպցիոն բանաձեւերի մեջ: Երեւի մեկ նման դեպք է եղել՝ այդքան տարվա մեջ: Կա՛մ կոռուպցիա պետք է լիներ, կա՛մ ակնհայտ անարդար դատական նիստ պետք է տեղի ունեցած լիներ, որը խիստ նկատելի կլիներ: Բայց վերջին տարիներին արդարադատության նախարարությունն է սկսել դատարանների աշխատանքը գնահատել: Վերցնում է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը եւ գնահատում է այն, հետո վարույթ է հարուցում, ու վերջ: Ես պնդում եմ, որ ԲԴԽ-ի ու արդարադատության նախարարության միջեւ կապ կա` նրանք անում են լրիվ նույն գործը, նախապես պայմանավորվում են՝ ում, ոնց, որ ժամանակահատվածում ու որ գործի համար ինչ պետք է անեն, ում պետք է հեռացնեն:

- Ի դեպ, Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ժամկետը շուտով լրանում է, հավանաբար, ցանկանում է իշխանության բոլոր հրահանգները կատարել, նոր հեռանալ:

- Կարեն Անդրեասյանին հաջողվեց անել այն, ինչը ոչ մի ԲԴԽ նախագահի չհաջողվեց անել: Նա մանիպուլացրեց բոլոր անդամներին` իրավաբան գիտնականներին եւ դատավորներին: Նա իր կամքը թելադրեց, դա ոչ մեկին չէր հաջողվել: Նա կարողացավ միանձնյա իր քաղաքականությունն իրականացնել: ԲԴԽ բոլոր անդամներին դարձրեց խամաճիկ, դա իրեն հաջողվեց:

- Դուք եւս դիմել էիք ՄԻԵԴ՝ դատավորի լիազորությունները վերականգնելու համար: Ի՞նչ փուլում է գործը:

- Վարույթ է ընդունվել: Մնացածի մասով չկա նորություն: Երբ վճիռն իմ օգտին լինի, իսկ ես ուզում եմ դրան հավատալ, կանեմ այն, ինչը նախատեսված է օրենքով` վերականգնել իրավունքները, նաեւ փոխհատուցում ստանալ: Ես 25 տարվա դատավոր եմ, եւ ինձ համար ամենակարեւորն իմ համբավն է: Ինձ աշխատելու ընդամենը երկու ամիս էր մնում, ԲԴԽ-ն հայտարարեց, որ ես դատավորի կարգավիճակին չեմ համապատասխանում: Դա է ամենավիրավորականն ինձ համար, իմ համբավի մասին է խոսքը: 25 տարի շարունակ ես համապատասխանում էի դատավորի կարգավիճակին, երկու ամիս էր մնում աշխատելու, եւ հանկարծ ԲԴԽ-ն նման որոշում է կայացնում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image