Փաշինյանը խեղդվողի կարգավիճակում է։ Սամվել Կարապետյանը թոկ էր նրա համար։ Նա, ըստ ամենայնի, հաշվարկել էր, որ Սամվել Կարապետյանը առաջին դեմքով վարչապետի թեկնածու չի առաջադրվելու։ Այդ պատճառով գործի էր դրել իր հին մեխանիզմը՝ նախապես մրոտել շրջապատին․ թիրախում էր հայտնվել Նարեկ Կարապետյանը։ Բայց երբ՝ ի ցնցում իրեն, վարչապետի թեկնածու առաջադրվեց Սամվել Կարապետյանը, քաղաքական իրավիճակը փոխվեց մեկ ակնթարթում։ Աթոռը ոտքի տակից փախավ, և իշխանությունը մնաց օդում կախված՝ արդեն իր իսկ ստեղծած թոկով։
Այդ պահից սկսած անկանոն հայտարարությունները՝ եկեղեցու գանձերի մասին խոսակցությունները, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված նյարդային ելույթները, Իզմիրլյանի ԲԿ-ի շուրջ արշավը, ավելի շատ վկայում են ոչ թե ծրագրի, այլ ճնշման տակ գտնվող իշխանության հոգեվիճակի մասին։ Մեծ բարերարը, ինչպես նրան հանրությունն է ճանաչում, իշխանության համար դարձավ ոչ թե ընդդիմախոս, այլ քաղաքական վտանգ։
Այս ֆոնին ակնհայտ էր նաև տեղեկատվական դաշտի պահվածքը։ Փաշինյանի սիրած քարոզչական դեմքերից մեկը՝ Գնել Սարգսյանը, գործարարին սևացնելու փաստարկ չգտնելով՝ միայն անկանոն ծիծաղում էր, որ բարերարը արհեստական բանականության միջոցով է խոսել։ Բայց հենց այդ արձագանքը ցույց տվեց խնդրի էությունը․ իշխանությունը փորձում է լռեցնել խոսողին։ Իսկ դա արդեն քաղաքական մեթոդ է, ոչ թե բանավեճ։
Սամվել Կարապետյանի կալանքը տնային կալանքով փոխարինելը նույնպես քաղաքական հաշվարկ էր։ Ոչ թե մարդասիրություն, այլ կանխարգելում՝ որպեսզի նա չդառնա հերոսական խորհրդանիշ։ Տնային կալանքը ազատություն չէ․ դա նույն սահմանափակումն է՝ պարզապես այլ պատերով և ձայնազրկման ավելի փափուկ ձևով։ Իշխանությունը փորձեց նվազեցնել ազդեցությունը՝ առանց լրացուցիչ բախման։
Այսօր էլ նրան կձերբակալեին, եթե համոզված լինեին, որ դա ընտրություններից առաջ Փաշինյանին վնաս չի տա։ Այդ պատճառով գործի է դրվել նախկին ձեռագիրը՝ մրելու և հեղինակազրկելու մեխանիզմը։ Բայց հանրությունը արդեն ծանոթ է այդ մեթոդներին, և դրանց արդյունավետությունը նվազել է։
Վերջում մնում է պարզ քաղաքական արձանագրում․
Սամվել Կարապետյանը մնալու է այն, ում մարդիկ տարիներով ճանաչել են՝ Սամվել Կարապետյան։
Իսկ Նիկոլ Փաշինյան-ը կմնա այն, ինչ նրան ճանաչեցին վերջին ութ տարիներին՝ Նիկոլ Փաշինյան։